«Շատ հավանական է, որ մինչեւ տարվա վերջ հայ-թուրքական հարաբերություններում լինի շրջադարձ, եւ սահմանը բացվի»,- երեկ հայտարարեց «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար, ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը` հավելելով, որ իր կարծիքով՝ մինչեւ ապրիլի 24-ը եւ դրանից անմիջապես հետո որեւէ զարգացում, այնուամենայնիվ, չի լինի: Նա վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ներկա ակտիվության պատճառը Թուրքիան է, որը մի կողմից` ժողովրդավարական փոփոխությունների գործընթաց է ապրում, մյուս կողմից` ցանկանում է տարածաշրջանում դերակատարություն ունենալ: Բացի այդ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը այլեւս չի խոչընդոտում թուրք-հայկական հարաբերությունների նորմալացմանը, քանի որ ցանկանում է մեկուսացնել Վրաստանին: Ռ. Կիրակոսյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերություններում զարգացումներն ունեն 4 հիմնական բաղադրիչ` սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, միջկառավարական երկկողմանի հարաբերությունների հաստատում, բայց ոչ պատմական հանձնաժողովի ստեղծում: Չորրորդը թուրքական կողմի, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզ» փաստաթուղթն է ԼՂ հարցի լուծման վերաբերյալ, որը, սակայն, ըստ Ռ. Կիրակոսյանի, չի ենթադրում որեւէ առանձնահատուկ պահանջ Հայաստանից: Նրա ասելով` սահմանների բացումից հետո շատ կարեւոր կլինի այն հանգամանքը, թե ինչ զարգացումներ տեղի կունենան թուրք-ադրբեջանական հարաբերություններում: «Մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպցիան մահացավ եւ Թուրքիայի կողմից յուրաքանչյուր քայլ` ուղղված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն, հեռացնում է Ադրբեջանին Թուրքիայից»,- կարծում է վերլուծաբանը: Սա, ըստ նրա, թեեւ ընդհանուր առմամբ լավ է Հայաստանի համար, բայց կարճաժամկետ հեռանկարում կարող է նաեւ վտանգավոր լինել: Քանի որ Ադրբեջանը` որոշ չափով մեկուսանալով, կարող է ավելացնել ռազմական ծախսերը` պատրաստվելով պատերազմի: Մյուս կողմից, ըստ Ռ. Կիրակոսյանի, Ադրբեջանը կարող է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը կարող է խախտել տարածաշրջանում ստեղծված հավասարակշռությունը: Ինչ վերաբերում է միջկառավարական երկկողմանի հարաբերությունների հաստատման հարցով հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը, ապա Ռ. Կիրակոսյանի կարծիքով՝ դրա աշխատանքների ոլորտը շատ լայն է լինելու` սկսած առեւտրատնտեսական ու մշակութային հարցերից, վերջացրած ցեղասպանության խնդրով: «Թուրքիան շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց շատ դանդաղ»,- կարծում է Ռ. Կիրակոսյանը: Անդրադառնալով Հայաստանին վերաբերող Բարաք Օբամայի հայտարարություններին` նա նշեց, որ իր կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահը ապրիլի 24-ին չի արտասանի «ցեղասպանություն» բառը: Ինչ վերաբերում է սահմանի բացմանը, ապա ըստ վերլուծաբանի՝ դրանից Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կշահի` ոչ միայն այն պատճառով, որ տրանսպորտային ծախսերը կկրճատվեն: «Հայ-թուրքական սահմանների բացումը կարող է դեղամիջոց լինել Հայաստանի համար` օլիգարխներից եւ կոռուպցիայից ազատվելու համար»,- հայտարարեց Ռ. Կիրակոսյանը` ավելացնելով, որ մրցակցության շնորհիվ Հայաստանի մոնոպոլիստները ծանր դրության մեջ կհայտնվեն: Մյուս կողմից, ըստ Ռ. Կիրակոսյանի, սահմանների բացումը ոչ մի իրական վտանգ չի պարունակում իր մեջ: «Բացասական հետեւանքները երկու կողմերի հասարակական որոշ շրջանակներ խիստ չափազանցնում են»,- հայտարարեց վերլուծաբանը: Եվ սահմանների բացումը, նրա կարծիքով, չպետք է դիտել որպես Թուրքիայի կողմից Հայաստանին տրվող նվեր: «Դա նվազագույնն է, դա ամենափոքր պահանջն է, որ նորմալ երկիրը պետք է անի հարեւանների հետ հարաբերվելիս»,- ասաց Ռ. Կիրակոսյանը: