Արհեստական քացախը ստեղծել է գերմանացի գիտնական Կ. Հոֆմանը 1898 թվին: Իհարկե, նույն մթերքը, միայն թե բնական վիճակում, ծանոթ է եղել հին սլավոնացիների մոտ:
Ավիցենան գրում էր, որ քացախն Արեւելքում պատրաստվում է խաղողից, չամիչից, շաքարից, մեղրից, բրնձից եւ այլ մթերքներից: Այս բնական կենարար հեղուկն իր մեջ պարունակում է շատ վիտամիններ, հանքային աղեր եւ միկրոէլեմենտներ: Պետք է ասել, որ քացախն «ամենահին թթուն է»: Այն օգտագործել են դեռեւս հին հույները, եւ հենց բառն էլ նշանակում է «թթու»: Քացախը համարվում էր շատ թանկ մթերք, իսկ Կլեոպատրա թագուհին քացախից պատրաստում էր հատուկ ըմպելիք` երիտասարդության էլիքսիր:
Քացախը կաթնաթթվային բակտերիաների խմորման արդյունքն է եւ, կախված հումքից, լինում է սպիրտային, գինու, հատապտղային, գարեջրի եւ մեղրի: Խանութներում վաճառվող քացախը լինում է 3,6 եւ 9 տոկոսանոց: Դա նշանակում է՝ 100 գ սեղանի քացախը պարունակում է 3 գ քացախաթթու: Այսօր, բացի քացախաթթվից, ստանում են նաեւ գինու, խնձորի, կիտրոնի եւ այլ թթուներ:
Որպես այդպիսին՝ արհեստական քացախն առանձնապես օգտակար չէ: Բայց խանութներում վաճառվում են արոմատիզացված քացախներ տարբեր մրգերի հիմքի վրա: Բնական սեղանի քացախը ստանում են մորուց, վարդից, խաղողից, սեւ հաղարջից, սալորից, թարխունից, սամիթից եւ այլն: Ճապոնիայում շատ ընդունված ու հայտնի է բրնձի քացախը: Ժողովրդական բժշկության մեջ այն գործածվում է գլխացավի, հոգնածության ու վարակների ժամանակ: Ճապոնացիները գտնում են, որ բրնձի քացախը վերացնում է բոլոր սննդային բակտերիաներն ու փրկում մթերքը փչանալուց: Այն նաեւ պահպանում է օրգանիզմը թունավոր ճարպերից: Իսկ ահա տաջիկները քացախի միջոցով մաքրում էին օրգանիզմը խարամներից:
Ամերիկացի դիետոլոգ Պոլ Բրետն ամեն օր ընդունում էր 1 բաժակ ջրի մեջ լուծած 1 թեյի գդալ խնձորի քացախ: Խնձորի քացախն իր մեջ պարունակում է շատ կալիում, որն օգտակար է սրտին ու տեսողությանը: Բուժման նպատակով պետք է օգտագործել միայն բարձրորակ մթերքը: Խանութների քացախը, որպես կանոն, պարունակում է արհեստական հավելումներ: Ահա տնային պայմաններում պատրաստվող քացախի բաղադրատոմսը. 1,2-1,4 կգ խնձորի ու տանձի աղացած կեղեւների վրա լցնել 0,5 լ քացախի էսենցիա եւ 4-5 լ ջուր: Հետո ավելացնել 2 ճաշի գդալ մեղր ու դնել տաք տեղում` թողնելով 2-3 շաբաթ: Հետո քամել ստացված հեղուկն ու լցնել ապակե շշերի մեջ ու պահել 5-15 ջերմաստիճանում:
Քացախը չարժե չարաշահել հատկապես տարեցներին, թույլ նյարդային համակարգ ունեցողներին ու հիվանդությունից նոր ապաքինվածներին: Քացախը վատ ազդեցություն կարող է ունենալ աղեստամոքսային տրակտի հիվանդների, գաստրիտի սրացումներ ունեցողների վրա: Սեղանի եւ գինու քացախը սուր համեմունքների հետ կարող է վնասել ենթաստամոքսային գեղձը, լյարդն ու երիկամները: