Հատկապես գարնանը պետք է մտածել օրգանիզմի մասին եւ հավելյալ օգտակար ու վիտամիններով հարուստ սնունդ ստանալ: Այս դեպքում միանշանակ կարելի է խոսել չրերի մասին, որ եւ՛ շատ համեղ են, եւ՛ օգտակար: Միրգ չորացնելը միրգը պահելու մի ձեւ է, որը հեշտ է, էժան ու օգտակար: Չորամրգի թուրմն ու հյութն օգտագործում են որպես բուժամիջոց` սրտի ու աղեստամոքսային տրակտի հիվանդությամբ տառապողների համար:
Չորամրգերից ամենատարածվածն ու գործածվողն այսօր չամիչն է, սեւ սալորի ու ծիրանի չրերը: Չորամիրգը միայն հյութ պատրաստելու համար չի օգտագործվում: Չրերով կարելի է հիանալի պահքային կերակրատեսակներ պատրաստել: Չրերը պատկանում են քաղցր մթերքների թվին, բայց եւ միաժամանակ արյան մեջ չեն բարձրացնում շաքարի քանակը, այդ իսկ պատճառով էլ օգտակար են օրգանիզմին: Իսկ բաղադրության մեջ եղած շատ կալցիումի շնորհիվ, չրերի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում դեմքի մաշկի վրա, ամրանում են եղունգներն ու մազերը: Չորամիրգ գնելիս պետք է ուշադրություն դարձնել վերջինիս որակական հատկությունների վրա: Եթե մրգերը շատ են չորացված, ուրեմն համապատասխան պայմաններում չի պատրաստվել: Եթե մրգից գինու համ է գալիս, ուրեմն հումքը ճիշտ պայմաններում չի մշակվել: Օգտագործելուց առաջ ցանկալի է լվանալ հոսող ջրի տակ: Չրերը պարունակում են մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոէլեմենտները: Օրինակ` եթե օրվա մեջ մարդ ուտի 5 հատ սեւ սալորաչիր, 5 հատ ծիրանաչիր եւ նույնքան էլ թզի չիր, կարելի է մեկընդմիշտ մոռանալ աղիների պրոբլեմի մասին: Արմավը` խուրման, որպես էներգիայի աղբյուր, կարելի է ասել՝ գերազանցում է բոլոր տեսակի չրերին: Բացի E եւ H վիտամիններից, պարունակում է ցանկացած վիտամին, իհարկե, ամենաշատը նրանում վիտամին B5-ն է, որը բարձրացնում է աշխատունակությունն ու օգնում կենտրոնացնել ուշադրությունը: Բացի այդ, այս չրի մեջ կան նյութեր, որ նույնացնում են ասպիրինի հետ: Իզուր չէ, որ հնում արմավի պտուղներն օգտագործվել են մրսածության ու գլխացավի դեպքում:
Տանձի չիրն օգնում է օրգանիզմին ազատվել ծանր մետաղներից ու թունավոր նյութերից: Չորացրած տանձն իր մեջ կարող է պարունակել 36 տոկոս շաքար եւ 24 տոկոս ջուր:
Թուզը կարգավորում է վահանագեղձի գործունեությունն ու կանխում ուռուցքածին բջիջների առաջացումը: Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է որպես օրգանիզմը խարամներից մաքրող միջոց:
Ծիրանաչիրն իսկական վիտամինների աղբյուր է` երկաթ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, կարոտին եւ այլն:
Սեւ սալորաչիրը հարուստ է այն խմբի նյութերով, որոնք կարգավորում են ածխաջրերի նյութափոխանակությունը, օժտված է նաեւ հանգստացնող հատկությամբ: Շատ օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին:
Խնձորը պարունակում է բոլոր անհրաժեշտ վիտամինները: Խնձորի չիրը պարունակում է 40-45 տոկոս շաքար: Չամիչը շատ օգտակար է երեխաներին եւ նրանց, ովքեր թույլ նյարդային համակարգ ունեն, նաեւ նպաստում է իմունիտետի բարձրացմանը: Այն նաեւ շատ լավ է սրտին: