Երկնագույն երազանք

09/04/2009

«Շատ պատճառներ կան կասկածելու, որ ռուսական գազի արտահանմանն այլընտրանք ունենալու եվրոպական երազանքը կարող է իրականացվել»,- «Նաբուկո» գազատարի կառուցման նախագծին նվիրված հոդվածում նման կանխատեսում է արել «Wall Street Journal»-ը` նշելով, որ այդուհանդերձ եվրոպական երկրները չափազանց ուշ համաձայնության եկան այդ հարցում: Թերթը հիշեցնում է, որ մարտի 27-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարը Մոսկվա կատարած այցի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Գազպրոմի» հետ, ինչը ենթադրում է Ադրբեջանի երկու նոր վերամշակման կետերից բնական գազի մատակարարումը Ռուսաստան, եւ չի բացառվում, որ այն այնուհետեւ կարտահանվի նաեւ Եվրամիություն: Ըստ «Wall Street Journal»-ի, այդպիսով, Ադրբեջանը որոշել է պատասխանել «Գազպրոմի» առաջարկին, որն արվել էր դեռեւս նախորդ տարվա մարտին, քանի որ Թուրքիան, օգտվելով ընձեռված առիթից, սկսել է իր օգտին շահարկել «Նաբուկո» գազատարի կառուցման հարցը՝ Եվրամիությանն անդամագրվելու գործընթացն ակտիվացնելու համար: Այսօր էլ այլ պետություններ, ելնելով Թուրքիայի այդ քայլից, կասկածում են, թե արդյո՞ք գազի փոխադրման հարցում վերջինս հուսալի գործընկեր է մնում Ադրբեջանի եւ Կասպից ավազանից գազ արտահանող այլ երկրների համար: