Չախալյանների դատավճիռները

09/04/2009

Ապրիլի 6-7-ին Ախալցխայի շրջանային դատարանում կայացել են ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր` Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության եզրափակիչ նիստերը: Ապրիլի 6-ին մեղադրական ճառով հանդես է եկել դատախազ Իրակլի Բարձիմաձեն, որը Վահագն Չախալյանի համար պահանջել է 14 տարի ազատազրկում եւ 18.000 լարի (10 հազար 650 ԱՄՆ դոլար) տուգանք, Ռուբեն Չախալյանի համար` 4 տարի ազատազրկում եւ 6000 լարի (3 հազար 550 ԱՄՆ դոլար) տուգանք, Արմեն Չախալյանի համար` 3 տարի պայմանական ազատազրկում եւ 3000 լարի (1750 ԱՄՆ դոլար) տուգանք: Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել դատապաշտպանները, ինչից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ եւ այնտեղից վերադառնալով` երեկ հրապարակել է վերջնական մեղադրականները:

Դատարանը մեղավոր է ճանաչել Վահագն Չախալյանին գործի բոլոր դրվագներով` Վրաստանի Քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), 225 հոդվածի 2-րդ մասով (Մասնակցություն զանգվածային անկարգություններին), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 353-րդ հոդվածի 2-րդ մասով (Ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանությունգ կատարված գ իշխանության ներկայացուցչի կամ խուլիգանությունը կասեցնող այլ անձի դեմ) դատապարտելով ջավախահայ ակտիվիստին 10 տարվա ազատազրկման առանց պատժի մի մասի տուգանքով փոխարինման հնարավորության: Ռուբեն Չախալյանը մեղավոր է ճանաչվել 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 225 հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն զանգվածային անկարգություններին)` դատապարտվելով 5000 լարի (3000 ԱՄՆ դոլար) տուգանքի, Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում). նրա նկատմամբ որպես պատիժ սահմանվեց 2000 լարի (1200 ԱՄՆ դոլար) տուգանք: Չախալյանները մտադիր են բողոքարկել դատավճիռը վերադաս դատական ատյաններում, այնուհետեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: