Թուրքիայից` Իրաք

09/04/2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Թուրքիայից մեկնել է Իրաք: Ընդ որում, նախապես այդ ուղեւորության մասին ոչինչ չէր հաղորդվել` ելնելով անվտանգության նկատառումներից:

Ժամանելով Իրաք` ԱՄՆ նախագահն անմիջապես այցելել է ամերիկյան «Camp Victory» ռազմաբազա, որը գտնվում է Բաղդադի օդանավակայանի մերձակայքում: Այնտեղ Օբաման հանդիպել է ԱՄՆ զորամիավորումների ներկայացուցիչների հետ: Նա երախտագիտություն է հայտնել զինծառայողներին եւ հայտարարել է, որ առաջիկա 18 ամիսները վճռորոշ են լինելու ամերիկյան ռազմական առաքելության համար: «Ժամանակն է, որ իրաքցիները պատասխանատվություն ստանձնեն իրենց երկրի համար»,- ասել է Օբաման` նշելով, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է նպաստի այն բանին, որ Իրաքը դառնա ոչ թե ահաբեկիչների ապաստան, այլ կայուն երկիր: Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Օբաման մտադիր է նաեւ՝ բանակցություններ վարել Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի, ինչպես նաեւ երկրի նախագահ Ջալալ Թալաբանիի հետ: