Առանց նախապայմանների

07/04/2009

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, եւ այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել եւ վարում բանակցությունները թուրքական կողմի հետ»,- անդրադառնալով վերջին օրերին թուրք պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին, ըստ որոնց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է այլ հարցերի, մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել: «Բազմիցս ասվել է, եւ կցանկանայի նորից ընդգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը: Այսօր տասնյակ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցություններում արձանագրված առաջընթացը ձախողելու փորձ»: