Օձերը վտանգ են զգում

19/07/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Եգիպտական փիլիսոփայության համաձայն՝ օձերը մոգական երեւույթներ են եւ
առանձնանում են իմաստության, խորագիտության հատկանիշներով, եւ օձերի
ենթագիտակցական զգայական պոտենցիալով կարելի է կանխագուշակել որոշակի
վտանգներ: Այս տարի հայկական լեռնաշխարհի օձերի ակտիվացումը մասնագետները
որեւէ կերպ չեն կարողանում մեկնաբանել, իսկ հավանական ենթադրություններն,
այնուամենայնիվ, անհանգստացնող են:

Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանի կարծիքով՝ օձերի
աշխուժությունը հավանաբար կապված է երկրի ընդերքի կամ կլիմայական անոմալ
իրավիճակների հետ: Պատահական չէ, որ աշխարհում սեյսմիկ կանխատեսումներ
անելու համար օգտագործում են օձերին, ավելին՝ երկրաշարժերի մոտալուտ
վտանգն առաջինն օձերն են զգում, եւ օձերի անհանգստությանը սեյսմիկ
կայանները բավականին լուրջ են վերաբերվում: Ցանկացած դեպքում օձերի
առկայությունը կոնկրետ բացատրություն չունի, բայց ծնում է
ենթադրություններ, որովհետեւ սողունների հայտնվելն ընդհանրապես
փոխկապակցված է ընդերքի անկանոն իրավիճակի հետ: «Այս տարի բնակչության
հիստերիան ավելի շատ է, քան նախորդ տարիներին, – ասում է Ս. Ղահրամանյանը:
-Ահազանգերն այս տարի անհամեմատ շատ են»: Վերջինիս հավաստմամբ՝
ահազանգերին արձագանքելիս բռնում են հիմնականում թունավոր գյուրզա, որի
խայթոցը հաճախ մահացու է: Մինչդեռ, նշենք, որ այս պարագայում
բնակչությունը որեւէ կերպ պաշտպանված չէ, եւ միակ օգնություն ցուցաբերողը
Կենդանաբանական այգու մասնագետներն են: Այգու ղեկավարությունն Արտակարգ
իրավիճակների վարչությանն առաջարկել է ծառայություն ստեղծել, որպեսզի
բնակչության ահազանգերին հնարավոր լինի արագ արձագանքել: Կենդանաբանական
այգին պատրաստ է օգնել մարդկանց, բայց օգնություն ցուցաբերելու տարրական
հնարավորություն չունի, նույնիսկ՝ մեքենա, ինչի բացակայության
պայմաններում բնականաբար մահացու դեպքի հավանականությունը մեծանում է:
«Բնակչին օգնելու համար երկար ժամանակ է պահանջվում,- ասում է պրն
Ղահրամանյանը: -Բնակիչը զանգում է Արտակարգ իրավիճակների վարչություն,
նրանք մեզ են ասում, իսկ մեր աշխատակիցը մի քանի անգամ կարող է մարդկանց
օգնել, բայց եթե դա պարբերաբար կրկնվում է՝ չի կարող անվարձահատույց
աշխատել: Իսկ այդ օձերը մեզ բնավ պետք չեն, որովհետեւ եթե մեզ երկու հատ
գյուրզա կամ իժ պետք լինի, մեր աշխատակիցը Հատիսից երկու ժամում կբռնի:
Եթե օգնությունը դառնում է աշխատանք, ուրեմն պետք է նրան վճարեն»: Այս
տարի Կենդանաբանական այգում երեւանաբնակների կողմից եղել է 7-8 ահազանգ:
Օձերը հայտնվում են հիմնականում Նուբարաշենի, Նորքի զանգվածի, Չարբախի
տարածքներում, նրանք հայտնվում են այնտեղ, որտեղ կեր կա: Ըստ պրն
Ղահրամանյանի, պետք է ոչ թե օձերի, այլ նրանց կերի դեմ պայքարել, այսինքն՝
առնետների ու մկների: Տրամաբանորեն օձերը կարող են նաեւ բնակելի շենքերի
աղբարկղերից օգտվել, իսկ այգու փոխտնօրենը դա հաստատում է՝ ասելով, որ
կերի համար օձը կարող է նաեւ այդ տարածքներում հայտնվել, բայց ոչ այդ
հատվածներում բնակվել, որովհետեւ նրանք մարդաշատ վայրերում չեն ապրում:
«Օձը վտանգավոր սողուն է, բայց մարդն օձ տեսնելիս չպետք է սթրես ապրի,-
ասում է Կենդանաբանական այգու փոխտնօրենը: -Օձին չպետք է նեղացնել,
հակառակ դեպքում՝ նա կվնասի: Օձ տեսնելիս պետք է նրան չխանգարել,
շրջանցել, իսկ եթե շատ մոտ է՝ պետք է անշարժանալ, մինչեւ նա հեռանա:
Առհասարակ չպետք է սպանել օձին նաեւ այն պատճառով, որ դրանով բնությանն ու
մեզ ենք վնաս պատճառում: Անցյալ տարի մկների հետ կապված մեծ աղմուկ էր
առաջացել, որովհետեւ մկները հացահատիկ չէին թողնում: Շատ տարօրինակ
երեւույթ էր, շատ մեծ քանակությամբ մկներ էին հայտնվել, որոնք որոշ
ժամանակ անց անհետացան: Ավստրալիայում նույնպես այդ վիճակն էր, բայց
գիտնականները դրա պատճառն այդպես էլ չկարողացան հասկանալ, իսկ թե հետո այդ
քանակությամբ մկներն ուր գնացին՝ մնաց հանելուկ: Փաստորեն, մենք
ոչնչացնում ենք սողուններին, գիշատիչ թռչուններին, որոնք սնվում են
մկներով, առնետներով, իսկ դրա հաշվին շատանում են մկներն ու վնասում են
մեր գյուղատնտեսությանը: Բնապահպանության նախարարությունը ստիպված տուգանք
է սահմանել օձ սպանելու համար»: Օձերը ձմռանը քուն են մտնում, եւ նրանց
համար ամենավտանգավոր ժամանակահատվածը գարունն է, քանի որ քուն մտնելիս
նրանց թույնի կոնցենտրացիան խտանում է, եւ խայթելիս մահացության
հավանականությունը մեծանում է: Այսուհանդերձ, պրն Ղահրամանյանը խորհուրդ է
տալիս օձի խայթելու դեպքում խուճապի չմատնվել. քանի որ օձը հիմնականում
խայթում է մարդու մարմնի ծայրանդամները, անհրաժեշտ է ինչ-որ բանով ամուր
կապելով արյան շրջանառությունը դադարեցնել, որպեսզի թույնն ի զորու չլինի
ներարկվել օրգանիզմ: Ձիգ կապելով՝ անհրաժեշտ է խայթած հատվածի մաշկը
պատռել, ապա արյունը բերանով քաշել ու թքել, բայց միայն այն դեպքում, եթե
ատամնաշարում փչացած ատամ չկա:

Զգուշացե՛ք օձերից

Կենսառեսուրսների կառավարման գործակալության «Բնության հատուկ պահպանվող
տարածքների կառավարման» բաժնի պետ, սողունաբան Արամ Աղասյանի
մեկնաբանությամբ` օձերի եւ մարդկանց շփման հավանականությունը մեծացել է,
քանի որ մարդիկ յուրացնում են նրանց բնակավայրերը: Օձերի քանակության
ավելացում չկա, պարզապես մարդիկ սեփականաշնորհում, յուրացնում են այն
հողերը, որտեղ բնակվում են օձերը: Մարդիկ ներխուժում են նրանց
բնակտարածքներ, իսկ նրանք այլ բնակատեղի են փնտրում: Պրն Աղասյանը չի
կիսում այն կարծիքը, որ օձերը նաեւ սնվում են քաղաքի աղբանոցների մկներից
ու առնետներից: «Օձերը շակալ չեն, նրանք սնվում են բնության միջի
կրծողներով, միջատներով,- ասում է պրն Աղասյանը: -Օձերի 99%-ը սնվում է
մանր ողնաշարավորներով, իսկ աղբերի մեջ լինում են գորշ առնետներ. մեր
բնաշխարհում ընդամենը 2-3 տեսակի մեծ չափի օձեր կան, որոնք կարող են ուտել
առնետներ: Օձերը բնության կենդանիներ են եւ գերադասում են բնական
էկոհամակարգը, ոչ թե աղբամանները»: Իսկ ի՞նչ է առաջարկվում բնակչությանն
օձերից պաշտպանվելու համար. «Առողջապահության նախարարությունը պետք է
համապատասխան դեղամիջոցներով բնակչությանն ապահովի, որպեսզի օձերին
հանդիպելիս մարդկանց օգնություն ցուցաբերվի, եւ անհրաժեշտ է բնակչությանն
իրազեկել, որ զգույշ լինեն»,- ասաց պրն Աղասյանը: Ըստ պրն Աղասյանի, օձերը
նախընտրում են բնակվել այնտեղ, որտեղ ունեն թաքստոցներ՝ քարեր, ժայռեր:
Օրինակ՝ Թալինում հիմա սեփականաշնորհել են հողերը, քարերը վերացնում են,
արդյունքում օձերը «մարդամեջ» են դուրս եկել:

Այցելելով «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժամունք՝
հանդիպեցինք հենց Թալինից տեղափոխված մի հիվանդի, որին խայթել էր օձը:
Հունիսի 30-ին Մարտին Պրիմովը Թալինի Պարտիզակ գյուղից տեղափոխվել է
«Արմենիա» բժշկական կենտրոն: Նա գառներին արածացնելիս մտել է ցորենի արտ,
որպեսզի գառներին դուրս հանի արտից, ու չի նկատել, որ արտի մեջ օձ կա: Օձը
Մարտինի ոտքը կծել է, ինչի արդյունքում երեք մասից արյունահոսություն է
սկսվել. որդին շուտ հասցրել է հիվանդանոց: Ասում է՝ «Թալինում այնքան շատ
օձ կա, որ քայլելիս մեջքիդ կողմից կարող են խայթել, համենայնդեպս նման
դեպքեր եղել են: Շատ թալինցիներ են տուժել օձի կծածից»:

«Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունքի վարիչ
Միքայել Գաբրիելյանի հավաստմամբ՝ միայն այս տարի ամռան սկզբի ամիսներից
արդեն արձանագրվել է օձի խայթոցի 13 դեպք, տուժածներից երկուսը Երեւան
քաղաքի բնակիչներ են եղել եւ, բարեբախտաբար, մահվան դեպք չի գրանցվել:
Նախորդ տարի հիվանդանոց է տեղափոխվել 28 մարդ: Եթե պրն Գաբրիելյանը մեզ
վստահեցնում էր, թե, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի անխտիր
բոլոր մարզերում հակաթույն է բաժանվել, ապա Մարտինն այլ բան է ասում.
«Սկզբում տղաս ինձ տարավ Թալինի հիվանդանոց, բայց հակաթույն չկար, հետո
տարավ Աշտարակ, այնտեղ եւս չկար, ստիպված հասցրեց Երեւան»: Պրն
Գաբրիելյանին երբ տեղեկացրի Մարտինի հակաթույնի որոնումները՝ մեջբերելով
իր իսկ խոսքերը, թե հիվանդանոցներում հակաթույն կա, վերջինս ասաց. «Դե
մարզ է էլի, երեւի բժիշկները խնայողություն են արել, ասել են՝ չկա»: