Կիրակի օրը ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պրահայից ժամանել է Անկարա: Հայաստանում Օբամայի Թուրքիա կատարելիք այցի հետ կապված սպասելիքները, իհարկե, առաջին հերթին կապված են (էին) այն բանի հետ՝ արդյո՞ք նա կարտասանի «ցեղասպանություն» արտահայտությունը, եւ նրա այցի արդյունքում ի՞նչ զարգացումներ կարձանագրվեն հայ-թուրքական հարաբերություններում: Եվ երեկ ԱՄՆ նախագահն Անկարայում ասուլիսի ժամանակ հայտարարել է այն, ինչին, ըստ էության, պետք էր սպասել անցած տարվանից սկսված «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում: Ի պատասխան «Chicago Tribune» թերթի թղթակցի հարցի` արդյո՞ք ինքը փոխել է Հայոց ցեղասպանության հարցում իր տեսակետը, որն ուներ մինչեւ ԱՄՆ նախագահ դառնալը, Օբաման հայտարարել է. «Ես իմ տեսակետները չեմ փոխել»: Այնուհետեւ նա մանրամասն բացատրել է, թե որքան անխոհեմ քայլ կլիներ ԱՄՆ-ի կողմից՝ որեւէ դիրքորոշում արտահայտելով «ստվերել» հայ-թուրքական հարաբերությունների «մերձեցման» գործընթացը: «Ինձ ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է՝ մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում` այս մի խնդրի լուծումը… Այս պայմաններում ես կուզեի կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք եւ հայ ժողովուրդների տեսակետների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել` լուծելով իրենց ողբերգական ու դժվարին պատմության խնդիրները, այս պայմաններում ողջ աշխարհը նրանց պետք է աջակցի: Ես նախագահին ասացի, որ ցանկանում եմ որքան հնարավոր է կառուցողական դիրք բռնել, որպեսզի այս հարցերը արագորեն լուծվեն»,- հայտարարել է Օբաման: Նույն թեմային նա ավելի ուշ անդրադարձել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում:
«Ես գիտեմ այն կոշտ հայացքների մասին, որ առկա են այս խորհրդարանում` կապված 1915 թ. սարսափելի իրադարձությունների հետ: Հայ եւ թուրք ժողովուրդների համար, սակայն, առաջընթացի լավագույն ուղին աշխատանքն է անցյալի վրա` թափանցիկ, ազնիվ ու կառուցողական աշխատանքը: Մենք դարձանք հայ եւ թուրք առաջնորդների պատմական ու ոգեւորիչ քայլերի ականատեսը: Այս շփումները նոր օր են խոստանում մեզ: Սահմանի բացումը հայ եւ թուրք ժողովուրդներին կվերադարձնի բարեկեցիկ ու խաղաղ գոյակցության, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Այնպես որ, ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք` ԱՄՆ-ը միանշանակորեն սատարում է Թուրքիայի եւ ՀՀ-ի հարաբերությունների լիակատար կարգավորմանը»,- ասել է նա: Նույն ելույթում նա «հարեւանցիորեն» անդրադարձել է նաեւ ԼՂ հարցի լուծման գործում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը: «Այս (տարածաշրջանի.- խմբ.) խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ` նպաստելով LՂ խնդրի լուծմանը, մի խնդիր, որը, բավական երկար ժամանակ է արդեն, ինչ շարունակվում է»,- ասել է Օբաման: Մի խոսքով` ԱՄՆ նախագահի դիրքորոշումը այլ կերպ հետեւյալն է. հայերն ու թուրքերը իրար հետ լեզու են գտնում, նույնիսկ պատմական հարցերի շուրջ հանձնաժողով են ուզում ստեղծել, ես ինչո՞ւ պետք է «վատամարդ» դառնամ եւ խոչընդոտեմ երկու հարեւան երկրների բարեկամացմանը: