ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ` ապրիլի 2-ին տեղի ունեցած սպանությունը, որն անմիջականորեն առնչվում է ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակում ներգրավված անձանց հետ, «կենցաղային խնդիր է եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չունի»: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ սա որեւէ քաղաքական ենթատեքստ չունի եւ կապված չէ Հանրապետական կուսակցության գործունեության, եւ ոչ էլ ավագանու ցուցակների հետ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է նա: Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության հաղորդագրության` ապրիլի 2-ին, ժամը 23:20-ին, հիվանդանոցից ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Կարեն Հակոբյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվածի վերաբերյալ մամուլում շրջանառվում է երկու հնարավոր դրդապատճառ. առաջին` որ դա հին վեճի հետեւանք է, որն ունի տնտեսական հիմք, եւ երկրորդ` որ հակամարտությունը կապ ունի ավագանու առաջիկա ընտրությունների հետ: Այս առնչությամբ Է. Շարմազանովն ասել է. «Դա արդեն իրավապահ մարմինների տիրույթում է, իրենք նախաքննությունը կկատարեն եւ կներկայացնեն հասարակությանը: Ինչ վերաբերում է տարբեր ասեկոսեներին կամ մամուլում հրապարակված տարբեր երեւույթներին (վարկածներին), դրանք որեւէ կապ չունեն կուսակցության հետ, ոչ էլ քաղաքական տարաձայնությունների թեմա են»: