Մի անսկզբունքայնության պատմություն

07/04/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Ազգային ժողովը երկրորդ անգամ քվեարկություն կազմակերպեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի նախագիծն ԱԺ մեծ քառօրյայի օրակարգ ընդգրկելու համար:

Նախագծով առաջարկվում էր քաղաքացիական, ընտանեկան եւ երեխաների իրավունքների մասին օրինագծերում կատարել փոփոխություններ, որոնց համաձայն` պետք է վերականգնվեին Երեւանի կենտրոնում հանրային շահի զոհ դարձած մարդկանց իրավունքները: Առաջին քվեարկության ժամանակ «կողմ» էին քվեարկել 49, «դեմ»` 40 պատգամավոր: 9 պատգամավոր քվեարկել էին «ձեռնպահ»: Օրակարգ ընդգրկվելու համար անհրաժեշտ էր 50 ձայն` այսինքն, պակասում էր ընդամենը 1 ձայն: Քվեարկության պահին արդեն լուսապատկերի վրա երեւում էր, որ «կողմ» քվեարկությունների քանակը շատ է եւ կարող է այնքան ավելանալ, որ օրինագիծն օրակարգ ընդգրկվի: Եվ քվեարկությունը դեռ չավարտած՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե ինքն ուզում էր «դեմ» քվեարկել, բայց սխալմամբ սեղմել է «կողմ» կոճակը: Նույն հայտարարությամբ նրան հետեւեց նույն շարքում նստած Շիրակ Թորոսյանը: ԱԺ նախագահությունում նստած ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը եւս զգաց վտանգը, ու միանգամից չեղյալ հայտարարեցին քվեարկությունը: Ա. Պետրոսյանը շատ արագ եզրակացրեց, թե միգուցե այլ պատգամավորներ նույնպես ճիշտ չեն կողմնորոշվել, եւ անմիջապես կազմակերպեց երկրորդ քվեարկությունը: Պարզվեց, որ Ա.Աշոտյանից եւ Շ.Թորոսյանից բացի՝ «սխալ» է կողմնորոշվել եւս 22 պատգամավոր: Երկրորդ քվեարկության ժամանակ արդեն Լ.Ալավերդյանի օրինագիծը ստացավ ընդամենը 27 «կողմ» եւ 54 «դեմ» ու 16 «ձեռնպահ» քվեներ: Ու այդպիսով ԱԺ ղեկավարությունն եւ կոալիցիոն գործընկերներն իրենց հավատարիմ պահվածքով չեզոքացրեցին ընդդիմության դավադիր ձեռնարկումը:

Նախ տպավորությունն այնպիսին էր, որ Ա.Աշոտյանի հայտարարությունից հետո նոր միայն իրավիճակի «լրջությունը» հասկացան մյուս պատգամավորները: Ու պարոն Աշոտյանն իր հայտարարությամբ կարծես թե ուղղորդեց մյուսների հետագա դիրքորոշումը այդ օրինագծի քվեարկության հետ կապված: Ընդ որում, երկրորդ քվեարկության ժամանակ իրենց դիրքորոշումը փոխեցին կոալիցիայի երեք` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները: Ու ընդամենը մի քանի րոպեի ընթացքում այս խմբակցությունների անդամները ցույց տվեցին, թե որքան հավատարիմ են իրենց սկզբունքներին: Ավելացնենք, որ ՀՅԴ անդամները՝ ինչպես առաջին, այդպես էլ երկրորդ դեպքում «կողմ» էին քվեարկել:

«Եթե անգամ մեր երկրի թշնամիներից փորձեին կերտել մեր իրական պատկերը, երեւի թե չհաջողվեր այնպես, ինչպես դա արեցին մեր ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները, որոնք մի անմեղ օրենքի ոչ թե ընդունում, այլ օրակարգ ընդգրկելու հարցն էին որոշում: Եթե ընդունելու հարցը լիներ, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց խոսքն ընդամենը մեծ օրակարգ մտնելու մասին էր: Այդ ի՞նչ սկզբունք է, որով ընդդիմության ներկայացված օրենքները պարտադիր պետք է մերժվեն: Աշոտյանը տեսավ, որ ինչ-որ մի բան այնպես չի գնացել, ինչպես որ պայմանավորված է նախապես` որեւէ օրենք չպիտի մտնի օրակարգ, եթե դա ընդդիմությունն է առաջարկել: Ես նրանց բոլորի անունները ձեռքիս տակ ունեմ ու այլեւս պետք է չհավատամ նրանց սկզբունքային լինելուն: Ի վերջո, դա մարդկային պատկերի բացահայտում է»,- ասում է Լ.Ալավերդյանը:

Ա.Աշոտյանից ու Շ.Թորոսյանից բացի, մի քանի րոպեի ընթացքում իրենց «կողմը» «դեմի» էին փոխել ՀՀԿ-ական Հրանտ Մադաթյանը, Կարեն Ճշմարիտյանը, Մանվել Ղազարյանը, Արայիկ Բաբլոյանը, այս տարի առաջին անգամ նիստերի մասնակցող Ռաֆիկ Պետրոսյանը եւ այլք: Ընդ որում, Հարություն Փամբուկյանը նիստին չէր մասնակցում, բայց իր գործընկերների նման էր «քվեարկել»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է, որ իրենց խմբակցությունից ընդամենը 3 պատգամավոր է փոխել իր դիրքորոշումը: ԲՀԿ-ից «սխալ» էր կողմնորոշվել Մուրադ Գուլոյանը, ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, Արծրուն Աղաջանյանը եւ այլք: Ի դեպ, կար նաեւ հակառակ պատկերը` ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը, ով սկզբում դեմ էր քվեարկել, երկրորդ անգամ կողմ քվեարկեց: Ընդ որում, կարծիքները փոխած գրեթե բոլոր պատգամավորները ծանոթ չէին օրինագծի բովանդակությանը, բայց դա նրանց համար կարեւոր չէր, որովհետեւ ԱԺ-ում կա սկզբունք, ըստ որի՝ ընդդիմության ներկայացրած որեւէ օրինագիծ չպետք է ընդունվի: Ա.Աղաջանյանն ավելի ուշ ասաց, թե ծանոթ չէ նախագծի բովանդակությանը եւ ուշադիր չի եղել` ինչ հարց է քվեարկվում: Ու երբ իմացել է, որ Պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այդ օրինագծին, միանգամից որոշել է իր «կողմը» փոխել «դեմի»: Ա.Աշոտյանը նույնպես ուշադիր չի եղել: «Մեր հարեւանների հետ այլ օրինագծերի մասին խոսակցություններով էինք տարված, առաջին պահը չլսեցինք, թե որ օրինագիծն է»,- ասում է պատգամավորը:

Նա նույնպես չգիտեր, թե ինչի մասին էր այդ օրենսդրական առաջարկը: Պատգամավորն ասաց, թե իր ու իր գործընկերների համար օրինագծերի մասին քաղաքական որոշումը կայացվում է հանձնաժողովների կարծիքների հիման վրա, եւ բացասական եզրակացություն ստացած օրինագծերին մեծամասնությունը դեմ է քվեարկում:

«Փաստորեն կարելի է մի քվեարկությամբ պարզել մարդու իրական անսկզբունքային լինելը»,- եզրակացրեց Լ.Ալավերդյանը: