ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախարարությունը ֆինանսական խնայողությունների անցնելու գործընթացում ծրագրային որեւէ հետաձգում առայժմ չունի: Այս տարվա առաջին 3 եռամսյակներից 4-րդ եռամսյակ հետաձգումները վերաբերում են հիմնականում կապիտալ ներդրումներին եւ կապված են շինարարական ու վերանորոգման որոշ աշխատանքների հետ: Իսկ կարեւորագույն ծրագրերը, որոնք վերաբերում են անվտանգության համակարգերին եւ անհապաղ անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերմանը, օրինակ` «Սպարտակ» բալետի բեմադրման համար, պետք է ապահովվի ամբողջությամբ: Հ. Պողոսյանի խոսքերով` նախարարությունը ծրագրեր է սկսել գրադարանների վերանորոգման, թանգարանների անվտանգության համակարգերի արդիականացման ուղղությամբ, որոնք անհետաձգելի են: «Այն, ինչն առաջնահերթ է, որեւէ կերպ չի հետաձգվել: Առայժմ մեր բոլոր ծրագրերը գնում են նորմալ հունով, եւ միջազգային փառատոներին մասնակցության, եւ ներսում մշակութային միջոցառումների կազմակերպման առումով խնդիրներ չկան»,- ասել է նախարարը: Մշակույթի նախարարությանն այս տարվա պետական բյուջեով հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ:
Արամ Խաչատրյանի հերոսաողբերգական «Սպարտակ» բալետն, ինչ խոսք, ցանկալի հյուր է հարուստ կենսագրություն ունեցող որեւէ թատերական բեմում։ Կատարման առումով այն բարդ է եւ մեծ ծախսեր է պահանջում, քանի որ մեծաքանակ ու որակյալ բալետի պարողների եւ հարուստ բեմական ձեւավորման կարիք ունի։ Երեւանյան «Սպարտակի» բեմադրության մեջ ներգրավված պետք է լինեն 87 պարողներ, այդ թվում` «Բարեկամություն» անսամբլի մենակատարները։ Իսկ դեկորացիաների ու զգեստների մեծ մասը, մեր տեղեկություններով, պատրաստվելու է արտերկրում։ Այսինքն` մայիսի 1-2-ը սպասվող «Սպարտակ» բալետի պրեմիերան շատ թանկ արժե։ Մշակույթի նախարարը դեռեւս հստակ թվեր չի նշել, սակայն ասել է, որ բեմադրական աշխատանքները թանկ են: «Խոսքը մի քանի հարյուր հազար դոլարի մասին է»,- նշել է նա: «Բեմադրությունը ֆինանսավորվում է ոչ միայն բյուջետային միջոցներից, այլեւ՝ մասնավոր անձանց ու կազմակերպությունների կողմից։ Անկախության տարիներից ի վեր մենք նման բացառիկ ծրագիր չենք ունեցել։ Այն իրոք եզակի ու բացառիկ է»,- ասել է Հ. Պողոսյանը մարտ ամսին, երբ Երեւանում էր գտնվում բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը, ում եւ վստահվել է ղեկավարել բալետային փորձերը։ Թեեւ Գրիգորովիչը երկար չի մնացել Երեւանում, սակայն այստեղ են մնացել նրա օգնականները, որոնք շարունակել են աշխատել հայ բալետի պարողների հետ։ «Բեմադրությունը շատ ծավալուն ու բարդ է, նաեւ՝ խոշոր ֆինանսներ է պահանջում»,- ասել է նա ու ավելացրել, որ Ա. Խաչատրյանի այդ բալետը ինքը միշտ ցանկացել է բեմադրել հենց կոմպոզիտորի հայրենիքում։ Անկասկած հայաստանյան կողմը բեմադրության համար նախատեսված գումարի մեծ մասը որպես հոնորար տալու է հենց Յու. Գրիգորովիչին։ Ի դեպ՝ 1999թ., երբ Մոսկվայի «Մեծ թատրոնը» հյուրախաղերի էր մեկնել Լոնդոն, Յու.Գրիգորովիչն իր փաստաբանների միջոցով պահանջեց, որպեսզի իր բեմադրած 3 բալետների համար իրեն հավելյալ հոնորար վճարեն՝ 160 հազար դոլար։ Դա աղմուկ բարձրացրեց թատրոնում, ու մեծ ջանքերի գնով հնարավոր դարձավ շարունակել հյուրախաղերը։ Իրավաբանները վստահեցրեցին, որ Գրիգորովիչի բեմադրությունը թատրոնի սեփականությունն է, եւ նա հյուրախաղերից առաջ հավելյալ հոնորար պահանջելու իրավունք չունի, իսկ հեղինակային վճարումը հնարավոր է ստանալ միայն հյուրախաղերի ավարտից հետո։ Նա կարող է միայն պահանջել, որ իր բեմադրած բալետի ազդագրերում անպայման նշվի իր անունն ու պահպանվեն իր բալետային հեղինակային միզանսցենները։ Ինչ վերաբերում է Երեւանում բեմադրվելիք «Սպարտակ» բալետին, ապա մեր տեղեկություններով՝ բյուջեն կարող է գերազանցել նույնիսկ 500 հազ. դոլարը: Ընդ որում, դրա կազմակերպչական ինչ-ինչ աշխատանքներում ընդգրկված է նաեւ «Շարմ» ընկերությունը: Տպավորություն է ստեղծվում, որ «Սպարտակն» ամեն կերպ ուզում են բեմադրել` ՀՀ-ից գումարները դուրս հանելու նպատակով, եւ կարծես թե սա ՌԴ-ի կողմից պարտադրված նախագիծ լինի: Պատահական չեն նաեւ այն կարծիքները, թե այս գաղափարի հեղինակը ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ են «Սպարտակի» հսկայածավալ դեկորացիաներն ու զգեստները պատրաստվելու ոչ Հայաստանում, այն դեպքում, երբ մեր մասնագետները ճգնաժամի այս պայմաններում անգործության են մատնված: Իսկ նրանք, ում մտքով անցել է ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, այսօր-վաղը սեկվեստրի ենթարկվելիք պետական բյուջեից կես միլիոն դոլարից ավելի արժեցող նախագիծ ֆինանսավորել, բոլոր շանսերն ունեն Սպարտակի կարգավիճակում հայտնվելու համար: Մյուս կողմից՝ այս պայմաններում հարկատուների միջոցներով նման բեմադրություն կազմակերպելու հարցում արդարացված է միայն թեմայի ընտրությունը: