Երեկ ԱԺ-ում, մեր հարցին ի պատասխան, թե որոշ գնահատականներով Երեւանի քաղաքապետի ընտրություններում հաղթելու հնարավորություն ունեն ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի թեկնածուները, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
– Արդեն որոշ խոսակցություններ կան այն մասին, թե Երեւանի քաղաքապետի ընտրություններում որ քաղաքական ուժին քանի տոկոս ձայն է տրվելու: Ըստ այդմ` ՕԵԿ-ին տրվելու է 7-8 տոկոս, ՀՅԴ-ին` 8-9, ԲՀԿ-ին` 10-12: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ թվերին:
– Իսկ ո՞վ է տարածում այդ լուրերը: Ո՞վ կարող է նման բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Եթե մենք մասնակցում ենք, ուրեմն` մասնակցում ենք հաղթելու համար: Մենք հենց այնպես մրցաշարի, ընտրության մեջ չենք մասնակցում: Ամեն մեկը պետք է գնա աշխատի, կարողանա իր աշխատանքով, իր ծրագրով, իր գործով մասնակցի, որպեսզի հանրությունն էլ դա զգա ու գնա ընտրության, ձայնը տա այն կուսակցությանը, քաղաքապետի այն թեկնածուին, ում արած գործերը, այդ մարդու ապրածը, պահվածքը, աշխատանքը գիտի: Թե չէ` տունը նստած որոշում ենգ Էլ ինչի՞ համար են ընտրությունները:
– Քաղաքական ուժերի գնահատմամբ` ընտրությունը տեղի է ունենալու ՀՀԿ-ի եւ Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուների միջեւ: Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի համոզմամբ էլ` 40 տոկոսի շեմը հաղթահարելու իրական հնարավորություն ունեն դարձյալ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը:
– Այդ շանսը մենք էլ ունենք, միայն քաղաքում մենք ունենք շատ մեծ կուսակից ընկերներ, որոնք լուրջ աշխատանք են կատարում: Բացի դա, ինչպես ասում են` մարդիկ պետք է առուն թռնեն, հետո ասեն` հոպ: Տանը քնած` նման հայտարարություններ, իմ կարծիքով` միայն թույլ մարդիկ կարող են անել:
– Եթե ԲՀԿ-ին, այնուամենայնիվ, չհաջողվի հաղթել այս ընտրություններում, Դուք ո՞ւմ հետ կոալիցիա կկազմեք:
– Եթե մենք, ասենք, չկարողացանք 40+1 տոկոս ձայն հավաքել, իհարկե, կոալիցիա կկազմենք:
– Ո՞ւմ հետ:
– Ո՞նց ում հետ:
– Գործող կոալիցիայի անդամների՞, թե՞ ՀԱԿ-ի:
– Իհարկե, կոալիցիայի անդամների, որովհետեւ մենք կոալիցիոն գործընկերներ ենք, բայց այսօր հնարավորություն է տրվել գնանք ընտրության, որ ամեն մեկը կարողանա ոչ թե մեծ-մեծ խոսել, այլ իր աշխատանքով, իր ընտրությամբ ապացուցի իր սկզբունքը, իր ծրագիրն ու իր գործը:
– Ասում էիք, թե կառավարության գործունեության մեջ կան թերություններ, որոնք պետք է ուղղվեն: Ըստ Ձեզ` դրանք ուղղվե՞լ են, թե՞ ոչ:
– Աստիճանաբար ուղղվում են, բոլոր տեղերում էլ թերություններ կան: Մարդիկ չպետք է միայն բամբասեն, այլ պետք է նաեւ լավը տեսնեն, որովհետեւ մարդը աշխատանքի ընթացքում է տեսնում, որ աստիճանաբար դրանք կատարվում են:
– Տիգրան Սարգսյանը ոչ կուսակցական վարչապետ է: Եթե նրա կառավարությունը տապալվի, Ձեր կուսակցությունը նրա կառավարության քաղաքական պատասխանատվությունը կիսելո՞ւ է:
– Վարչապետը քաղաքականությամբ չի զբաղվում, նա իր աշխատանքով է զբաղվում: Զգալով այս տնտեսական ճգնաժամը` նա արդեն քայլ-քայլ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի աշխատելու, պայքարելու այս հզոր, ծանր տնտեսական ճգնաժամի դեմ, որն աշխարհով մեկ է:
– Խոսակցություններ կան, որ Դուք խորհրդակցություն եք կազմակերպել գազալցակայանների տերերի հետ, եւ խաղի որոշակի կանոններ եւ պայմաններ եք սահմանել: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ լուրերը:
– Ի՞նչ կանոններ ու պայմաններ:
– Որոշել եք գինը եւ այն, թե ինչ քանակությամբ գազ պետք է լիցքավորեն:
– Գազի բոլոր սեփականատերերի խնդրանքն է եղել դա: Խնդրել են պարոն Ծառուկյանին, որպեսզի համախմբեմ բոլորին ու իրենց հետ զրուցեմ, թե ինչ է իրենց ուզածը: Եվ բոլորը մի մարդու պես` 320 սեփականատերեր, ներկա են եղել այդ հանդիպմանը: Իրենց խնդրանքը եղել է այն, որ մեկը լցնում է 220 (խոսքը գազի ճնշման մասին է.- Լ.Ս.), 260, մյուսը` 280, մարդիկ չեն կարողանում պայքարել, մեքենաներ են տրաքում, մարդիկ են մահանում, ո՞նց կարող ենք պայմանավորվել, որ այդ հարցը կարգավորվի: Եթե Ծառուկյանն ունի 4 հատ գազալցման կայան, ապա հանրապետությունում 320 հատ կա: Ես ոչ մեկին երբեք չեմ խանգարել: Միշտ էլ հնարավորություն եմ ընձեռել, որ մարդիկ կարողանան աշխատել ու իրենց ընտանիքը պահել: Բոլորի համաձայնությամբ պայմանավորվել ենք չխախտել դա, եւ եթե գազի գինը թանկացել է 60 տոկոսով, ապա գազալցակայաններում պայմանավորվել ենք, որ դա ժողովրդի վրա ծանր չնստի: Ոչ թե մենք էլ 1600-ը բազմապատկենք 60 տոկոսով, մոտավորապես` 900 դրամով այն ավելացնեինք, դառնար 2500 դրամ: Մտածել ենք մեր ժողովրդի, բնակչության, երթուղիների համար, եւ 200 դրամով ենք ավելացրել, որ այդ հարցը կարգավորվի: Իրենց ցանկությամբ է եղել: Եվ իմանալով, որ Ծառուկյանի խոսքը կընդունեն, կհարգեն, խախտում չեն կատարի, այդպես ենք կարգավորել:
– Իսկ եթե մյուսները խախտումներ անեն, կա՞ն պատժամիջոցներ:
– Մենք պայմանավորվել ենք, ու թղթի տակ ստորագրել են, որ ովքեր խախտումներ թույլ տան, ասենք` գազի ճնշումը 10-ով ավելի լցնեն կամ գազի գինը թանկացնեն, նրանք պետք է տուգանք վճարեն:
– Արդեն խախտողներ կան:
– Չկան: Հանձնաժողով է ստեղծվել իրենցից, թվով 20 հոգի, ու իրենք հետեւում են: Ասում եմ` ինձ հարգելով եկել են եւ իմ խոսքը պահում են ու այդ թղթի տակ ստորագրել են: Գիտեք, առաջ ամսական 3 մեքենա էր պայթում: Եվ կրկնում եմ` մենք գազի գինը չնչին` 200 դրամով ենք բարձրացրել:
– Բայց պայմանավորվել եք նաեւ լիցքավորել 200 ճնշմամբ:
– 200 են լցնում` պայթյուններ չլինելու համար: Բայց դա ոչինչ չի նշանակում երթուղայինների վարորդների կամ գծի սեփականատերերի համար, նրանք կարող են թանկանալու հետ համապատասխան իրենք էլ գները թանկացնել: Մենք չնչին շահույթ ենք ստանում, կարողացել ենք այդ խնդիրը լուծել, որ պայթյուններ չլինեն, մարդիկ չտուժեն: Դուք կարող եք գազալցակայանների տերերի հետ խոսել, որ դա բոլորի ցանկությունն է եղել, որ համախմբվեն, իմ խոսքը լսեն, որ դա իրականություն լինի, ու ոչ ոք չխախտի:
– Հնարավո՞ր է, որ Ձեր բիզնեսը առաջիկայում չհայտնվի խոշոր հարկատուների ցանկում` կապված տնտեսական ճգնաժամի հետ:
– Տնտեսական ճգնաժամը բոլորի վրա էլ շատ է ազդում: Եթե այսօր ոչ մի բնակելի տարածք, մեքենա չի վաճառվում, եթե անցյալ տարի 10 մլն շիշ կոնյակ եմ վաճառել, եւ այս տարի վաճառքը 70 տոկոսով ընկել է, ապա դա չի նշանակում, որ ես այս տարի չպետք է խաղող մթերեմ: Կամ` եթե ցեմենտի գործարանում տարեկան 1 մլն տոննա արտադրանք էինք տալիս, ու հիմա չի վաճառվում, չի նշանակում, որ ես պետք է այնտեղ կրճատումներ անեմ: Բայց, բնական է, եթե վաճառք չկա, ուրեմն` հարկերը պակասում են:
– Որքա՞ն եք գնահատում Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի շանսերը:
– Իմ հնարավորությունները ես շատ լավ գիտեմ, ես հավատում եմ ինքս իմ սկզբունքին, իմ կուսակցությանն ու մեր հաղթանակին: Ամենակարեւորը` պետք է ընտրողները մասնակցեն, տեսնեն կուսակցության ծրագիրը, կուսակցության ղեկավարի խոսքը` գործ դարձրած, ու իրենց ձայնը տան այն մարդուն, ով կկարողանա լիարժեքորեն իրականացնել իր սկզբունքները: Եվ ոչ միայն մենք, այլեւ բոլոր կուսակցությունները պետք է պայքարեն արդար ընտրությունների համար: Միայն ես չեմ կարող: Մեր ուզածն այն է, որ արդար ընտրություններ լինեն: Նախագահն է ասել` գնացեք, աշխատեք նորմալ, արդար ընտրությունների համար: Կոալիցիայի բոլոր նիստերում եւ ՀՀԿ ժողովներում իր ասածը դա է:
– Ընդդիմությունը հայտարարում է, որ այս ընտրությունները առաջին հերթին քաղաքական նշանակություն ունեն: Առճակատում հնարավո՞ր է:
– Ոչ, ցանկալի չէ: Մենք բոլորս պետք է կարողանանք ոչ թե մեկս մյուսի վրա ցեխ շպրտել, այլ` ռեալ աշխատել: Մարդը պետք է հավատա ինքն իրեն, իր ուժին, իր գործին, իր սկզբունքին ու իր ծրագրին: Բոլորն էլ կարող են խոսել: Եթե մարդը կարողանում է 50 կիլո բարձրացնել, չպետք է խոսի 300 կիլոյից: Հիմա եթե նապաստակն իրեն առյուծի տեղ է դնում, խոսում է, որ ինքը բոլորին կմորթի` կհավատա՞ք: Դե, եթե խոսելով է, թող խոսեն, ի՞նչ ասեմ:
– Քաղբանտարկյալները նամակ են հղել ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովին, որի անդամ եք նաեւ Դուք: Նրանք պահանջում են, որպեսզի իրենց անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվի ԱԺ-ում: Սակայն դա մերժվել է: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Որպես ԱԺ պատգամավոր` մենք այդ խնդիրը գիտենք: ՔՕ հոդվածներում կատարված փոփոխությունները մեծ հնարավորություններ են տալու հետագայում դատավճռի կատարման համար: Նախագահը որոշ ներումներ կատարել է, համաներում էլ կկատարվի: Հիմա տեսնենք, թե ինչ են լինում դատավճիռները. եթե մարդն արդար է, ինքը չի նստում: Եթե իր վրա գործ չկա` չի նստի: