Զգուշացեք շոկի մեջ ընկնելուց

07/04/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիան այսօր չի կապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահի հետ ծրագրում է քննարկել «հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղիները»: «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորումը կօգնի հաղթահարել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում առկա բարդությունները»,- ասել էր Էրդողանը: Երեկ էլ նախագահ Գյուլն է հայտարարել, թե ապրիլի 16-ին սահմանի բացման վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվի: Այս հայտարարություններից շատ փորձագետներ եզրակացնում են, թե Թուրքիան դեռեւս չի հրաժարվել ԼՂ հարցի վերաբերյալ Հայաստանին առաջադրվող նախապայմաններից: Սակայն Ա. Իսկանդարյանը կարծում է, որ այդ հայտարարություններից չի կարելի եզրակացնել, թե մինչեւ չլուծվի ԼՂ հարցը, սահմանները չեն բացվի: «ԼՂ հարցի կարգավորումն այսօր անհնար է»,- հայտարարեց փորձագետը: Իսկ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ նրա, ստիպված են նման հայտարարություններ անել, քանի որ նրանց աշխատանքն է այդպիսին: «Իսկ ի՞նչ եք ուզում ասեն: Հո չե՞ն կանգնելու ու ասելու, թե՝ ժողովուրդ, մեզ բոլոր կողմերից ճնշում են, գենոցիդ-մենոցիդ, Օբաման է գալիս, եվրոպացիք են ստիպում բացել սահմանը, մենք էլ կվերցնենք ու կբացենք»,- հայտարարեց Ա. Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից առաջադրվող մյուս երկու նախապայմաններին` իր երկրի տարածքային ամբողջականության ճանաչմանը եւ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելուն, ապա կարծես թե սրանք դեռեւս ուժի մեջ են: Մասնավորապես` սահմանի բացման մասին համաձայնագրի 4 հիմնական կետերից մեկը, համաձայն հրապարակումների, վերաբերում է Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչմանը, իսկ մյուսը` ցեղասպանության փաստի հարցով պատմաբանների հանձնախմբի ստեղծմանը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն` ի դեմս Կիրո Մանոյանի, բազմիցս նշել է, որ Հայաստանը չպետք է անի այնպիսի քայլեր, որ «կարող է մեկնաբանվել որպես ցեղասպանության փաստը կասկածի տակ առնող», եւ չպետք է ստորագրի որեւէ փաստաթուղթ, որ կարձանագրի, թե «Հայաստանը Թուրքիայից ոչ մի պահանջ, այդ թվում նաեւ` տարածքային պահանջ չունի»: Ա. Իսկանդարյանի ասելով` ՀՀ-ի կողմից Թուրքիայի սահմանները ճանաչել-չճանաչելու որեւէ խնդիր չկա, քանի որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չի ներկայացրել եւ չի ներկայացնում: Հայաստանը, ըստ Ա. Իսկանդարյանի, հանրաքվեով անկախացել է Հայկական ԽՍՀ-ի սահմաններում, եւ դրա մեջ չեն մտնում ո՛չ Վանը, ո՛չ Էրզրումը, ո՛չ էլ Կիլիկիան: Իսկ որ որոշ կուսակցություններ այդ մասին անընդհատ խոսում են, Ա. Իսկանդարյանը բնական է համարում: «Նրանք պետք է պահեն իրենց այդպես, որովհետեւ պետք է պահեն այդպես: Կա համապատասխան ընտրազանգված, եւ նրանք ցուցադրում են այն կեցվածքը, որը պետք է ցուցադրեն»,- ասաց Ա. Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է հանձնախմբի ստեղծմանը, ապա վերլուծաբանի կարծիքով՝ դրա վերաբերյալ փաստաթղթում «ցեղասպանություն» բառ չի լինի, եւ կլինի, ասենք, «վեճերի լուծման համար» անունով մի հանձնախումբ: Եվ ըստ քաղաքագետի, որեւէ դիմադրություն կամ ընդվզում ՀՀ-ի ներսում չի լինի, եթե այդ երկու կետերը լինեն սահմանի բացման համաձայնագրի մեջ: Այնուամենայնիվ, Ա. Իսկանդարյանն էլ կարծում է, որ առաջիկա ամիսներին սահմանի բացում ակնկալել չարժե, թեեւ մյուս կողմից էլ, ըստ նրա, «այսօր հայ-թուրքական հարաբերություններում տեղի են ունենում շատ լուրջ գործընթացներ», որոնք ի վերջո հանգեցնելու են սահմանի բացմանը: Ըստ քաղաքագետի` եվրոպական, թուրքական, հայկական ու ադրբեջանական թերթերը ապրիլին սահմանների բացման վերաբերյալ գրում են` հիմնականում ներքին շարժառիթներից դրդված, եւ այդ շարժառիթները բոլորի համար էլ տարբեր են: Օրինակ` եվրոպացիներն այդ մասին խոսում են, որովհետեւ Արեւմուտքը ուզում է, որ հայ-թուրքական սահմանը բացվի: «Եվ եթե ասում են, որ ապրիլին համաձայնագիր է ստորագրվելու, դա չի նշանակում, թե այդպես էլ կլինի»,- նշեց Ա. Իսկանդարյանը: Բայց ըստ նրա` ՀՀ-ում սովոր են, որ ամեն ինչ պետք է լինի արագ եւ միանգամից: «100 տարի այսպես էր, իսկ հիմա ուզում են, որ սահմանի բացումը լինի մեկ ամսվա ընթացքում: Այդպես չի լինում, թեեւ այժմ ընթացող գործընթացները բավականին արագ են»,- հայտարարեց Ա. Իսկանդարյանը: Իսկ այսօր ընթացող այդ գործընթացների պատճառը, ըստ բանախոսի, ո՛չ Սերժ Սարգսյանի վարած, այսպես կոչված, «նախաձեռնողական քաղաքականությունն է», ոչ էլ անցած տարվա ռուս-վրացական հնգօրյա մարտերն ու ՌԴ-ի դիրքորոշման փոփոխությունը սահմանի բացման վերաբերյալ: Ըստ նրա, այս գործընթացի հիմնական պատճառները կապված են Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու ցանկության, այդ երկրի ներսում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացի հետ (քանի որ այսօր արդեն քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք նախկինում չէին բարձրաձայնվում), ինչպես նաեւ ինչ-որ չափով` ցեղասպանության ճանաչման գործընթացի հանդեպ` Թուրքիայի հասարակության շրջանում ունեցած արձագանքներով: Ըստ քաղաքագետի` սահմանների բացումը կունենա ավելի շատ դրական, քան բացասական հետեւանքներ: Բայց ամեն դեպքում, 21-րդ դարում նստել-վիճել, թե արժե՞ արդյոք սահմանները բացել, ըստ Ա. Իսկանդարյանի՝ անհեթեթություն է: «Սահմանները բաց են լինում, եւ վերջ»,- նշեց նա: Դրական հետեւանքներից Ա. Իսկանդարյանը կարեւորեց արտահանվող եւ ներմուծվող ապրանքների տրանսպորտային ծախսերի եւ, հետեւաբար, ինքնարժեքի նվազումը, այն, որ հայկական կապիտալը կարող է «իրեն գտնել» Թուրքիայի արեւելյան հատվածներում եւ այլն: Իսկ որպես համեմատաբար բացասական հետեւանքներ՝ քաղաքագետն առանձնացրեց այն լարվածությունը, որ կարող է առաջանալ, երբ մեր համեմատ բավականին թույլ զարգացած Թուրքիայի արեւելյան շրջանների բնակիչները գան Հայաստան` աշխատելու, կամ երբ մեծ թվով հայեր գնան «պատմական հայրենիք» եւ «շոկի մեջ ընկնեն»` տեսնելով այն հետամնաց վիճակը, որ կա այդտեղ: «Ես ինքս եղել եմ Թուրքիայի այդ շրջաններում, եւ գիտեմ, թե դա ինչ է»,- ասաց նա: