Վայքում կատարված սպանության առիթով մեծ աղմուկ բարձրացավ: Գիշերվա
ժամը 3-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը 5,45 միլիմետր տրամաչափի
«Ակսու» տեսակի ինքնաձիգով մտել էր Վայքի Շահումյան փողոցի խանութ եւ
կրակելու սպառնալիքներով աշխատակցից գումար ու մթերք էր պահանջել:
Աշխատակիցը, հասկանալով վտանգի լրջությունը, նրան տվել էր 50.000 դրամ եւ
այլ ապրանքներ: Հանցագործը խանութից դուրս գալու պահին նկատել էր մուտքի
մոտ կանգնած, հերթապահության մեջ գտնվող ոստիկանին ու կրակել էր:
Ոստիկանության Վայքի բաժնի պարեկապահակային ծառայության ջոկի ոստիկան,
կրտսեր սերժանտ Վահե Դովլաթյանը կրծքավանդակի հրազենային վնասվածքի
պատճառով տեղում մահացել էր, իսկ հանցագործը դիմել էր փախուստի: Երեկ
Մասնագիտացված շնաբուծարանի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ հանցագործի
ինքնությունը պարզվել է, եւ սպանությունը բացահայտված է: ՀՀ Ոստիկանության
Պետական պահպանության վարչության մասնագիտացված շնաբուծարանի պետի
տեղակալ, մայոր Վանիկ Ղազարյանին խնդրեցինք հետախուզության ընթացքից
պատմել. «Հունիսի 24-ին ահազանգ ստացանք, ծառայողական հետախույզ շների հետ
միասին բաժնից դուրս եկավ օպերատիվ հերթապահ խումբը,- ասում է Վ.
Ղազարյանը: -Վայքում համապատասխան հետախուզական գործողություններ
կիրառելով՝ հետախույզ «Ալֆա» ծառայողական շունը խանութից հանցագործի հետքը
վերցնելով ուղղորդեց դեպի Վայքի N զորամաս: Հետախույզ շունը հայտնաբերեց
թաշկինակ, ապա հետքերի ուղղությամբ մեզ հասցրեց զորամասի
զինավարժությունների դաշտ»: Այդ ընթացքում զորամասի հրամանատարությունը,
ստուգելով զինվորների եւ զենքերի քանակը, պարզել է, որ բացակայում է
Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ, 1985թ. ծնված զինծառայող Հայկ
Թորոսյանը: Ավելի ուշ հետախույզ շունը ոստիկաններին հասցրել է Եղեգնաձորի
ձորերից մեկի մոտ, որտեղ հայտնաբերվել է փախուստի մեջ գտնվող զինծառայող
Հայկ Թորոսյանը:
Ոստիկանության կրտսեր տեսուչ, շնավարժ Էդուարդ Բաղդասարյանը կոչ է անում
նման հանցագործությունների ժամանակ պարտադիր կերպով դեպքի վայրը
պաշտպանել, որպեսզի ծառայողական շունը կարողանա աշխատել: «Այն հոտը, որով
շունը պետք է աշխատանք կատարի, հաճախ կորցնում ենք, որովհետեւ դեպքի վայր
են մտնում շատ մարդիկ,- ասում է Է. Բաղդասարյանը: -Անգամ բնակարանային
գողության ժամանակ, երբ ամեն բան տակնուվրա է արվում, պետք է նույնիսկ տան
տերը չմտնի դեպքի վայր, որպեսզի շնավարժը կարողանա իրադրությանը
տիրապետելով շանն աշխատեցնել, եւ շունը կարողանա կասկածյալի հոտը վերցնել,
այլապես հետքերը խառնվում ու շփոթեցնում են: Այնպես որ, կասկածյալ
հայտնաբերելու նախապայմանը դեպքի վայրը պաշտպանելն է»: