«Նաիրիտի» հերթական շոուին սպասելիս

07/04/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Պարոն Առաքելյան, վերջին ասուլիսի ժամանակ նշել էիք, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատճառով ՌԴ-ի կողմից տրամադրվող 500 մլն դոլար վարկից 100 մլն-ը պահվելու է ԱՊՀ Միջպետական բանկում` «Նաիրիտի» կուտակված պարտքի դիմաց: Որեւէ նորություն ունե՞ք այս թեմայի հետ կապված:

– Միայն այդ մասին չէ, որ ասել էի: Մի քանի փաստեր եւս նշել էի, որոնք որեւէ մեկը չհերքեց: Մի խումբ մարդիկ «Նաիրիտ» գործարանը կանխամտածված տանում էին սնանկացման: Ցավն այն է, որ ՀՀ վարչապետներից որեւէ մեկն այսքան մեղք չէր գործել «Նաիրիտի» հանդեպ, ինչը արեց Տիգրան Սարգսյանը` նաեւ որպես ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ: Նա մի անգամ նշել էր. «Հայաստանը «Նաիրիտով» մի երկիր է, իսկ առանց «Նաիրիտի»` մեկ այլ…»: Այն խարդավանքները, որ իրագործվեցին գործարանի դեմ, փաստում են, որ ընտրվել է «Հայաստանն առանց «Նաիրիտի» տարբերակը:

– Արդյոք ելքեր չե՞ք տեսնում «Նաիրիտի» առողջացման ուղղությամբ, հատկապես, որ աշխատավարձի պարտքերը մարվել են:

– Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու են փակվել հենց աշխատավարձի եւ ծախսված էլեկտրաէներգիայի պարտքերը` թողնելով չփակված օգտագործված գազի եւ գոլորշու պարտքերը: Նախ տրամաբանական է, որ սպասվելիք Երեւանի քաղաքապետի ընտրությունների շրջանում մարվում է գործարանի աշխատակիցների պարտքը, քանի որ «Նաիրիտի» կոլեկտիվը դառը փորձ ունի եւ միշտ քաղաքական պայքարի արդյունքում է լուծում իր առջեւ ծառացած խնդիրները: Երկրորդ` «Հայաստանի էլեկտրական ցանցերը» դատի է տվել գործարանին` պահանջելով իր պարտքը: Հետեւաբար՝ մարվել են «կրակի օջախները»:

– Բայց կարծես թե վիճակն այնքան էլ անհուսալի չէ, եւ գումարներ հայթայթվում ու ներդրվում են գործարանի հետագա զարգացման համար:

– Ծիծաղելի է Ձեր վերջին միտքը գործարանի զարգացման եւ ներդրումների մասին: Վերջին «ներդրած» գումարը, որն ավելացրեց «Նաիրիտի» վարկային պարտավորությունը եւս 35 մլն դոլարով, ամենեւին էլ 100%-ով չուղղվեց գործարանի` խիստ անհրաժեշտ կարիքները հոգալուն, արտադրական պրոցեսը վերսկսելուն: Ավելին, հենց այդ գումարի շուրջ 10-15%-ով է փակվել աշխատավարձի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը, իսկ մնացած գումարը, ըստ իմ տեղեկությունների, ուղղվել է հերթական խարդավանքները կազմակերպելուն: ԱՊՀ Միջպետական բանկից վերցված այդ 35 մլն դոլար վարկի պատասխանատուն «Նաիրիտ» գործարանն է, իսկ երաշխավորը՝ ՀՀ կառավարությունը: Այն ուղղվել է վերջին սեփականատիրոջ` «Ռայնովիլի» արհեստածին պարտքերի մարմանը: Նշեմ առավել կոնկրետ. 8 մլն դոլար տրվել է «Ռայնովիլին», 22 մլն դոլար` ինչ-որ դանիական ֆինանսական խմբի, 60 մլն դրամ` ոմն Անդրանիկ Հովհաննիսյանի, իսկ մնացածն, ինչպես նշեցի, ուղղվել է հրատապ պարտքերի` աշխատավարձի եւ էլեկտրաէներգիայի պարտքերի մարմանը:

– Փաստորեն, այդ 35 մլն դոլարը փրկօղակ է «Ռայնովիլի» սեփականատեր Կուլիկովի համար, որի նկատմամբ, ինչպես գրել էինք մեր թերթում, հետաքննություն է սկսված: Համաձա՞յն եք:

– Հետեւությունները թողնում եմ Ձեզ եւ Ձեր ընթերցողներին: Ինքս քաջատեղյակ եմ ոչ միայն Կուլիկովի տխրահռչակ գործարքներից, այլեւ կան ուրիշ կարեւոր անձինք եւս, որոնց մասին, սակայն, այսօր չեմ ուզում խոսել: Այնուամենայնիվ, մի քանի փաստեր էլ ներկայացնեմ: Նախ նշեմ, որ «Նաիրիտի» առք ու վաճառքը ոչ մի եզր չի ունեցել բիզնեսի օրենքների հետ: Սեփականության ընդունման-հանձնման մասնակիցներին հայտնի ֆիլմի հերոսների նման կարելի է որակել որպես «ՐՈրւՌՑՌՑպսՌ րՏՓՌՈսՌրՑՌփպրՍՏռ րՏորՑՉպվվՏրՑՌ»: 2008թ. ԱՊՀ Միջպետական բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից «Նաիրիտում» «Ռայնովիլի» գործունեության վերաբերյալ իրականացվել է համատեղ աուդիտ: Պարզվել է, որ սեփականատիրոջ կողմից ներկայացրած ներդրումների մասին հաշվետվության մեջ ցույց է տրվել 60 մլն դոլարի ներդրում, սակայն, ըստ իմ տեղեկությունների, համատեղ աուդիտը փաստել է, որ 60 մլն դոլարի ներդրում իրականում չի կատարվել: Ավելին, ըստ պետության հետ կնքված պայմանագրի` «Ռայնովիլն» իր ներդրումային ծրագրերը պետք է համաձայնեցներ կառավարության հետ, որից հետո նոր կատարեր ներդրում: Բայց նման բան չի արվել: Կարող եք դիմել ՀՀ Կենտրոնական բանկի պատասխանատու աշխատակիցներ Արտակ Ասատրյանին եւ Վարդան Հովսեփյանին, որոնք ներկայացրել են ԿԲ-ն համատեղ աուդիտի ժամանակ:

– Պարոն Առաքելյան, ո՞րն է Ձեր անձնական շահագրգռվածությունը «Նաիրիտի» հարցում: Ինչո՞ւ եք կուսակցություններից միայն Դուք բարձրաձայնում այս մասին:

– Ինձ զարմացնում է, որ Ձեզ մոտ նման հարց է առաջանում եւ փորձում եք ինչ-ինչ անձնական շահագրգռվածություն փնտրել: Նախ՝ որպես ազգի ավանդական կուսակցության ղեկավար` հանդես եմ գալիս տիրոջ իրավունքով եւ իմ երկրում տասնամյակներով մեր հայրերի քրտինքով ստեղծված հարստությունը փոշիացնելու կամ մեկ խմբի կողմից յուրացնելու դեպքում պարտավորված եմ զգում դեմն առնել: «Նաիրիտի» պարագայում խիստ կասկածներ ունեմ, որ իրականացվել է կոռուպցիա, հովանավորչություն: Որպես ապացույց՝ բերեմ մեկ փաստ եւս: Գործարանի աշխատավարձի ֆոնդը կազմում է շուրջ 350 մլն դրամ, որից 20 հոգանոց ղեկավարությունը (ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ ներառյալ) ստանում են 60 մլն դրամ: 700 հոգանոց նոր ադմինիստրատիվ չակերտավոր աշխատողները ստանում են 150 մլն դրամ, իսկ հիմնական բարիք ստեղծող 2100 աշխատողները ստանում են նախկինի պես ընդամենը շուրջ 140 մլն դրամ աշխատավարձ:

– Ի՞նչ եք կարծում, ՀՀ վարչապետն ի՞նչ կանի այս մեղադրանքներին ի պատասխան:

– Կարծում եմ` եթե համարձակություն ունենա, մոտ օրերս կվազի «Նաիրիտ» եւ հերթական քարոզչական շոուն կկազմակերպի հեռուստաընկերությունների կարծրատիպով: Այդ ընթացքում անպայման դասախոսություն կկարդա «Նաիրիտի» կոլեկտիվին` «Նաիրիտը» եւ հազարամյակի մարտահրավերները արդի սեռական ռեֆորմների ճգնաժամային պայմաններում» թեմայով, եւ հաստատ կավելացնի, որ ինչ-ինչ ուժեր խանգարում են գործարանի նորմալ աշխատանքները կազմակերպելուն: Հետո կավելացնի, որ այդ մութ ուժերը անզոր են, միեւնույն է, «Նաիրիտը» կշարունակի աշխատել նույնիսկ ճգնաժամի պայմաններում: Ահա այս սցենարով էլ կզարգանան իրադարձությունները, բայց ժանրի փոփոխություն չի լինի, քանի որ «Նաիրիտի» հետ կապված վերջին իրադարձությունները տրագիկոմեդիա են հիշեցնում: