Երբ գիտենք, որ ոչինչ չգիտենք

07/04/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդպես էլ չմասնակցեց երեկ Թուրքիայում բացված «Քաղաքակրթությունների դաշինք» միջազգային երկրորդ ֆորումին: Համաձայն «Ռեգնում» գործակալության` ֆորումից առաջ Ալիեւին զանգահարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ համոզել մասնակցել կարեւոր այդ իրադարձությանը: Վերջինս իր թուրք գործընկերոջ հորդորը կտրուկ մերժել է` դա կապելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ: Ըստ նույն աղբյուրի` Ալիեւին համոզելու երկրորդ փորձը ստանձնել է արդեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ով եւս փորձ է արել հեռախոսով համոզել Ալիեւին, այնուամենայնիվ, ներկա գտնվել կոնֆերանսին: Հետո զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով, բացի այն, որ հորդորել է Ալիեւին ներկա գտնվել հանդիպմանը, այլեւ խոստացել է, որ Ստամբուլում Ալիեւին սպասում է հանդիպում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Անգամ նման գայթակղիչ եւ հեռանկարային հանդիպման հնարավորությունը չի բեկել Ալիեւի որոշումը: Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն իր երկրում լուրջ դժգոհություններ է առաջացրել, եւ որ այդ քայլը բացասական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում դեպքերի հետագա ընթացքի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների վրա:

Ադրբեջանի նախագահի նման կոշտ դիրքորոշման պատճառն իր վերլուծության մեջ այսպես է հիմնավորել Վիկտոր Յաղուբյանը. «Ադրբեջանի տնտեսական, դիվանագիտական եւ ռազմական ճնշումը Երեւանի վրա ազդեցություն կարող է ունենալ բացառապես Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման դեպքում: Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը կիմաստազրկի ադրբեջանական կողմի բոլոր ջանքերը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ստիպված լինի փնտրել այլ մարտավարություն: Մյուս կողմից` Ադրբեջանի հետ փաստացի պատերազմի պայմաններում Հայաստանի համար նպատակահարմար չէ մերկացնել իր թիկունքը թուրքական ուղղությամբ»: Ավելին, ըստ վերլուծաբանի` պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանն ինքը պետք է ստիպված լինի փակել իր սահմանը Թուրքիայի հետ կամ, ծայրահեղ դեպքում, այն հնարավորինս ամրացնել: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը չի կարող եւ դժվար էլ թե ցանկանա հեռու պահել իրեն Հայաստան- Ադրբեջան հակամարտությունից եւ Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ զարգացնել` ի հաշիվ Բաքվի: «Այսպիսով,- եզրակացնում է վերլուծաբանը,- Ղարաբաղյան հակամարտությունը ենթադրում է հայ-թուրքական փակ սահմաններ, իսկ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը ենթադրում է Ղարաբաղյան խնդրի բացակայություն»: Ի դեպ, վերլուծաբանը չի բացառում նաեւ, որ այս դեպքում Բաքուն եւ Անկարան գործում են համաձայնեցված, այսինքն` Բաքվի արտաքուստ սառնության եւ սպառնալիքների ետեւում (հայտնի է, որ շրջանառության մեջ դրվեցին լուրեր, իբր Ադրբեջանը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը Թուրքիա, եթե վերանա Հայաստանի շրջափակումը) նախապես մտածված ծրագիր է աշխատում:

Կշահի՞ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները ջերմացնելով` ի հաշիվ Ադրբեջանի, որ թեեւ միշտ բացառում է ԼՂ ինքնորոշման իրավունքը, սակայն երբեք չի բացառում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը: Եվ, ի վերջո, ո՞րն է հայ-թուրքական սահմանի վերաբացման գինը Հայաստանի համար: Այս դեպքում Ցեղասպանության ճանաչման հարցը դնելով բացառապես բարոյական հարթության վրա եւ կարեւորելով նախեւառաջ տնտեսական եւ քաղաքական կոնկրետ ձեռքբերումները (ինչը Հայաստանի դիվանագիտական անփորձության պարագայում խիստ կասկածելի է), Հայաստանը կարող է տանուլ տալ նաեւ իր այդ միակ հաղթաթուղթը: Այս առումով հետաքրքիր է նաեւ թուրքագետ Մուրադ Բոջոլյանի տեսակետը, ով շաբաթ օրը հայաստանյան լրատվամիջոցներից մեկում հրապարակած իր «Դարձ ի շրջանս յուր» վերլուծության մեջ ներկայացնում է. «Կասկածից վեր է, որ ուղղակի շփումների աշխուժացման մասին վերջին մեկ տարում Թուրքիայի ակտիվ ջանքերով տարածվող քարոզչությունն արդեն զգալի վնաս է հասցրել Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Այն, համենայնդեպս, սառեցվել է: Ակնհայտ է, որ Բարաք Օբամայի` Անկարա կատարվելիք այցին եւ Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան կրկնապատկել է Երեւանին սիրաշոյելու ջանքերը, ինչն անզեն աչքով էլ տեսանելի է: Խնդիրն այն է, որ թուրքերն իրենց այս ջանքերով «փրկում են» Օբամայի դեմքը` ձերբազատելով նրան հայերին տված խոստումը կատարելուց եւ «ցեղասպանություն» բառն արտասանելուց: Արդյունքում գոհ են մնալու եւ՛ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները պահպանող Վաշինգտոնը, եւ՛ դիվանագիտական հերթական հաղթանակը տոնելու պատրաստվող Անկարան»: Դրանից հետո, ըստ թուրքագետի, արդեն ականատես կլինենք, թե ինչպես Թուրքիայի հասարակության «ճնշումների տակ» Թուրքիան կսառեցնի իր հարաբերությունները Հայաստանի հետ, եւ ամեն ինչ դարձյալ կվերադառնա «ի շրջանս յուր»: Ի դեպ, ըստ «Ազատություն» ռ/կ-ի ամերիկյան թղթակցի հաղորդագրության` իր հարցումները Թուրքիայում պարզել են, որ թուրք հասարակությունը թեեւ ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունների վերանայում, սակայն ոչ «ի հաշիվ Ադրբեջանի արտաքին շահերի»:

Ի դեպ, ԱՄՆ նախագահի այցը Թուրքիա, հայ եւ թուրք ժողովուրդներին իրենց պատմական հարաբերություններին անդրադառնալու նրա հորդորն ու հավաստիացումները, թե ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների ջերմացմանը, այդուհանդերձ, ցույց տվեց, որ ԱՄՆ-ը կողմնակից է այդ ամենին` առանց պատասխանատվության լուրջ բեռի: Տվյալ դեպքում` առանց «ցեղասպանություն» բառի արտաբերման: ԱՄՆ նախագահը Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալիս եւս խոսեց «1915թ. սարսափելի իրադարձությունների մասին», որոնք, ինչպես եւ սպասվում էր, չորակեց որպես ցեղասպանություն: Իրատեսության պակասի մեջ պետք չէ մեղադրել նաեւ այն վերլուծաբաններին, ովքեր վստահ են, որ այդ բառն ԱՄՆ նախագահը չի արտաբերի նաեւ Ապրիլի 24-ին:

Վերլուծությունները բազմաթիվ են եւ իրարամերժ. հայ-թուրքական սահմանի բացման առավելություններն ու բարդությունները որքան էլ փորձենք նժարին դնել, միեւնույն է` ամբողջական պատասխան առայժմ չենք կարող ստանալ:

Գուցե օգնի «Իսկ ո՞ւմ է ձեռնտու» հարցի մի փոքր խմբագրվա՞ծ տարբերակը` «Իսկ ո՞ւմ է նախեւառա՛ջ ձեռնտու սահմանի բացումը»: Հայաստանի տնտեսության հուսահատ վիճակը գործազուրկ եւ առեւտրով զբաղվող մեր հայրենակիցներին ստիպում է իրենց լավ օրերը կապել սահմանի բացման հետ: Իսկ ավելի հեռատեսները նախընտրում են էլի սպասել: