Բողոքի 3000 դրամանոց «արդյունքը»

07/04/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ապրիլի 3-ին, ժամը 12:00-ին Երեւանի 100 համարի երթուղային տաքսիների վարորդները, կառավարության շենքի առջեւ հավաքվելով, երկար հիշեցին ապրիլի մեկի խորհուրդը: Ու թեպետ օրը նրանց համար, մեղմ ասած, անցավ առանց ծիծաղի, բայց նրանք այն հիշում են անգամ մեկ շաբաթ հետո:

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, ապրիլի 1-ից սահմանվել է բնական գազի նոր սակագին` 1 խմ գազի համար քաղաքացին վճարելու է 96 դրամ` նախկին 84 դրամի փոխարեն: Թանկացել է նաեւ խոշոր սպառողներից գանձվող գազի սակագինը: «Ինչ-որ հանձնաժողով են ստեղծել, ու էդ ա որոշում, թե գազը ինչքանով պիտի բարձրացնի: Մինչեւ ապրիլի մեկը մենք նորմալ աշխատում էինք, բայց թանկացումների հետ դաժե օրվա պլանը չենք կարողանում փակել»,- ասում են 100 համարի երթուղային տաքսիների վարորդները, ովքեր օրեր առաջ իրենց բողոքն էին արտահայտում կառավարության շենքի մոտ: Վերջիններս նշում են, որ բողոքի ակցիայի մասին իրենք տեղյակ էին պահել մի քանի երթուղիների վարորդների, ովքեր այդպես էլ իրենց չեն միացել: Ըստ նրանց` այդ «հրավիրյալները» վախենում էին ցույցին մասնակցելուց: Սակայն ցուցարարների համոզմամբ` բողոքն արտահայտելու իրենց ընտրած ճանապարհի մեջ որեւէ վատ բան չկա, ավելին` այն օգնեց, որ աշխատանքային օրվա պլանի գներն իջեցվեն: Եթե նախկինում այն կազմում էր 15.000 դրամ, ապա ապրիլի 3-ից հետո այն դարձել է 12.000 դրամ, իսկ շաբաթ-կիրակի օրերին` 11.000 դրամ: «Սա էլ մեր գծի տիրոջ շնորհիվ: Թե չէգ չգիտենք` ի՞նչ կլիներ»,- նշում է վարորդներից մեկը` ավելացնելով, որ այլ աշխատանքի հնարավորություն իրենք չունեն: Նրանք արդեն հարմարվել են տասժամյա աշխատանքին ու համակերպվել օրական 2000 դրամ աշխատավարձին: «Գիտեք, տղեք, օպերայի մոտ պարաններ ու սապոն են վաճառում»,- հանկարծ հիշում է վարորդներից մեկը: Մյուսներն էլ հետաքրքրվում են, թե արդյո՞ք դրանք մաղարիչով են բաժանում: Իսկ վարորդը պատասխանում է, որ պարաններն առայժմ մաղարիչով են, հետո, ըստ նրա կանխատեսման, հասանելի կլինի ամբողջ հասարակությանը: Սա էլ 100 համարի երթուղային տաքսու դիսպետչերանոցում առաջացնում է թեժ քննարկում: Վարորդներից ոմանք, պատրաստ չլինելով մաղարիչով ձեռք բերելու տարբերակին, հակված էին սպասելուն: Մինչդեռ մի վարորդ էլ խոր հոգոց հանելով` գովում էր նոր «ակցիայի» կազմակերպիչներին, ովքեր մտածել են, որ ժողովրդին կախվելուց առաջ պետք է օճառ բաժանվի: «Սա է այսօրվա իրավիճակը: Մենք պայքարում էինք թանկացումների դեմ, այնինչ հիմա, բացի դրանից, բենզալցակայաններում սկսել են ճնշումը քիչ տալ: Հիմա 200 ատմոսֆերից ավել գազ չեն լցնում: Իսկ դրանից մենակ 50 ատմոսֆերը գնալ-գալն ա: Հա, էդ ասում են՝ 200, բայց մի 160-170 են լցնում»,- դժգոհում էին նրանք` բացատրելով, որ քիչ ճնշման դեպքում իրենք չեն կարող շատ քշել, մինչդեռ իրենց երթուղին ամենաերկարն է` Եռաբլուրից մինչեւ Ավան, այսինքն` մոտ 30 կմ: «Քշում ենք` ի՞նչ արած: Մեկ-մեկ մեր գրպաններից ենք դնում: Իսկ մեզնից բոլորն էլ ընտանիք ունեցող մարդիկ են: Ուրիշ ճար չկա»,- ասում են վարորդները: