Տաթեւը` տուրիստական գոտի

07/04/2009

Ապրիլի 4-ին Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում «Տաթեւի վանական համալիրի վերակառուցում» ծրագրի քննարկման կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ճարտարապետների, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչների եւ ծրագրի իրականացմանն օժանդակող աշխատանքային խմբի հետ արտահերթ նիստ է անցկացրել տեղում: Հայաստանի հարավային շրջանում զբոսաշրջության զարգացման լուրջ քայլերից մեկն էլ այս այցելությունն է, որի ուսումնասիրության ընթացքում Ն. Սարգսյանը տեղում ծանոթացել է իրավիճակին: Աշխատանքային խումբը եղել է դեպի Տաթեւի վանք տանող ճանապարհի ձորի վրայով Հալիձոր եւ Տաթեւ գյուղերն իրար կապող ճոպանուղու կառուցման հիմնական կանգնակների տեղում, ինչպես նաեւ՝ տուրիստական ավան կառուցելու համար նախատեսված վայրում: Նաեւ այցելել են Տաթեւի վանական համալիր, որտեղ շուտով վերականգնման եւ բարեկարգման աշխատանքներ կկատարվեն: Ն. Սարգսյանը նշել է, որ այս տարածքում ծրագրերի իրականացումը նախատեսվում է կատարել պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նրա խոսքով` ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ համագործակցությամբ պետք է լուծվեն Տաթեւի եւ հարակից գյուղերի գազիֆիկացման ու լրացուցիչ էլեկտրագծերի անցկացման հարցեր: Ներկայում հաշվարկվում է, թե ինչ լրացուցիչ հզորություններ են անհրաժեշտ, որպեսզի այստեղ գործի նոր ճոպանուղին: Կարեւորվել է նաեւ Տաթեւի վանքի եւ դրա շրջակա տարածքի մաքրման խնդիրը: Քաղաքաշինության փոխնախարարը վստահեցրել է, որ ճոպանուղու շահագործումը հնարավոր է կազմակերպել հաջորդ տարեվերջին: Զբոսաշրջությունն այս տարածքում զարգացնելու նպատակով Հալիձոր գյուղի բարձունքում պետք է նաեւ տուրիստական քաղաք կառուցվի, որի նախագծերը ներկայում քննարկվում են: Ակնկալվում է, որ այստեղ կտեղակայվի նաեւ հյուրանոցային համալիր, որը կծառայի ինչպես Հայաստանի հարավային մասեր ճամփորդող, այնպես էլ Տաթեւի վանք այցելող զբոսաշրջիկներին: Խորհրդակցության ժամանակ մանրամասն քննարկվել են նաեւ 10-րդ դարում կառուցված Տաթեւի վանքի բարեկարգման եւ վերականգնման հարցերը: «Համալիրը պետք է փրկել»,- ասել է ՀՀ գլխավոր ճարտարապետը` հավելելով, որ պետք է վերականգնվի ժամանակին շատ հայտնի վանական դպրոցը: