«Լուսինե ջան, չեմ կարա շատ խոսամ, հուզված եմ: Քուչեքն եմ մնացել, շուտ հասիգ»,- մղկտալով լսափողի մեջ բղավում է Հասմիկ Դավեյանն ու հեռախոսը կախում է: Վարդաշենի Գուրգեն Մահարի փողոցի նախկին ուսումնարանի կիսաավերակ շենքում բնակվող Հասմիկ Դավեյանի կյանքն ահագին կարգավորվել էր: Անցյալ տարի մեր թերթում տպագրված նրա «խեղված ճակատագրի» պատմությունը շատերին էր հուզել. ընթերցողները ձեռք էին մեկնել, օգնել էին, որ Հասմիկն աղջկա հետ «ոտքի կանգնի»: Հասմիկին ՀՀ Ոստիկանության Էրեբունու ստորաբաժանումում հավաքարարի աշխատանք էին տվել, ու վերջինիս կենսապայմանները կարգավորվել էին: Աղջիկը` 11-ամյա Անին, մանկուց հաշմանդամ է, դրա համար էլ ապրում է Նուբարաշենում գտնվող մտավոր հետամնաց երեխաների օժանդակ դպրոցում ու մոր հետ անցկացնում է միայն շաբաթ-կիրակի օրերը: Ոստիկանությունում աշխատելիս Հասմիկն ամեն առավոտ ժամը 5:00-6:00-ին զանգում էր հարցնելու` «Ո՞նց ես»: Ու սկսում էր պատմել, թե նախորդ օրն ինչպես է սկսել ու ինչպես ավարտել: Ասում էի` «Ախր չես թողնում քնեմ, հենց արթնանամ` կզանգեմ»: Հասմիկին պետք էր ինչ-որ մեկի հետ խոսել, կիսվել, ու էս աշխարհում ինձնից բացի՝ ոչ ոք չուներ, դրա համար էլ իմ առավոտները սկսվում էին Հասմիկի հեռախոսազանգով: Նրա` հավաքարարի աշխատանքը սկսվում էր առավոտյան ուղիղ ժամը 5:00-ին, այդ պատճառով ուղիղ մեկ տարի իմ հեռախոսը զնգում էր ճիշտ այդ ժամին: Հետո Հասմիկը անհայտացավ, իսկ ես վախենում էի նրան զանգել զուտ այն պատճառով, որ հազիվ կարողանում էի ուզածիս չափով քնել:
Արդեն քանի օր է` զանգում է Հասմիկն ու հուզմունքից չի կարողանում խոսել: Միայն հասկացնում է, որ անտուն, փողոցում է մնացել: Ասում է` «Խնդրում եմ, արի»: Գնում եմ Գուրգեն Մահարի փողոց, ուսումնարանի նախկին շենք, որտեղ ապրում էր: Աչքիս առաջ հայտնվում է հյուծված, սփրթնած, անհաղորդ, անդեմ մի կին: Նախկին կենսուրախ, մի քիչ էլ զվարճալի Հասմիկից բան չի մնացել: Ինձ տեսնելուն պես` բռունցքներով հարվածում է գլխին ու հեկեկում է: 3-րդ կարգի հաշմանդամ, դեղորայքով գոյատեւող այս կնոջ մեջ այլեւս կին չկա: Հնամաշ հագուստների կապոցներն անփույթ գցել է խոտերի մեջ ու նստել է քարին: Տասը օր է, ինչ դրսում է գիշերում: Ասում է` «Էլ չեմ կարողանում սենց: Գիշերը շները, կռիսները հարձակվում են վրաս: Օգնի՛ ինձ, չեմ դիմանում»: Հարցնում եմ` «Էս ո՞ւր էիր կորել, էս ի՞նչ օրն էս ընկել»: Ու սկսում է պատմել. 2001 թվականին Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանը Գուրգեն Մահարի 127/2 հասցեի նախկին ուսումնարանի շենքում Հասմիկին սենյակ էր հատկացրել, եւ մայր ու աղջիկ բնակվում էին այդ կիսաավերակում: Այդ տարածքի մերձակայքում տեղակայված ինչ-որ մի տաքսի-սերվիսի տնօրեն` Զավեն Սարգսյան անուն-ազգանունով, Հասմիկին տվել է 3000 դոլար. «Ինձ տարավ գցեց դաչեքը: Տեսան, որ ես հիվանդ եմ, շատ բան չեմ հասկանում` խաբեցին: Եկավ մի հատ Գեւորգ Բադալյան մարդ, ասեց` 2500 դոլարը տուր, որ քեզ Դաստակերտում տուն տանք ու կադաստրով ձեւակերպենք»: Հասմիկին ուղարկել են Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքի մի «կորած» վայրում գտնվող (որն, ի դեպ, համարվում է խիստ լեռնային գոտի) խրճիթ, Հասմիկին հարցնում եմ` «Իսկ ո՞վ է էդ Գեւորգ Բադալյանը, ինչո՞ւ ես իրեն 2500 դոլար տվել»: Պատասխանում է` «Չգիտեմ, գործունյա մարդ ա: Սերվիսի հետ ա աշխատում, տանում, մարդկանց տեղավորում ա: Տարավ Սիսիան, խաբեց. ոչ գրանցում արեց, ոչ էլ: Փողերն առավ-թռավ»: Դաստակերտի քաղաքապետը Հասմիկին տեղեկացրել է, որ նա բնակվում է ուրիշի տանը, հետեւաբար՝ պարտավոր է լքել այդ բնակարանը: «Հիմա եկել ու քուչեքն եմ մնացել: Ընդեղից հանեցին, իսկ ստեղ էլ տեղ չունեմ: Իմ տունը արդեն օֆիս են դարձրել»: 11-ամյա Անին Դաստակերտից տեղափոխվելուց հետո գտնվում է գիշերօթիկում, որտեղից անգամ թույլ չեն տալիս հանգստյան օրերին տուն գնալ` հասկանալով, որ երեխայի կյանքը վտանգի տակ է: Անին գյուղից վերադարձել է սթրեսներով եւ հիմա մասնագետների խնամքի կարիք է զգում: Բնակարանի համար տրված գումարը վերցնելու եւ այն ազատելու համար բարկանում, կշտամբում եմ Հասմիկին, որովհետեւ ամեն ինչ հազիվ կարգավորվել էր: Լաց է լինում ու ձեռքերով խփում է գլխին. «Ախր դու գիտես, որ խելքս չի հերիքում, շատ բան չեմ հասկանում: Ինձ խաբեցին, բայց իրանք գիտեն, որ հիվանդ եմ: Հիմա հասկանում եմ, որ սխալ եմ արել, բայց էն ժամանակ խելքս էդքան չէր կտրում, որ հասկանայի, թե իմ հետ ինչ են անում: Գիտեմ, որ ոչ ոք մեղավոր չի, մենակ ես եմ մեղավոր: Ես բոլորից ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողանում հասկանամ»: Հասմիկն ասում է, որ Գեւորգ Բադալյանին 2500 դոլարը տվել է ինչ-որ փաստաթղթեր ստորագրելով, հետեւաբար համարում է, որ «տեր» ունենալու դեպքում՝ կարող է ստիպել գումարը վերադարձնել: Ասում է` «Տաքսի-սերվիսի տերը` Զավեն Սարգսյանը, լավ մարդ ա, վատը չի, բայց էդ Գեւորգը չգիտեմ ով ա, ինձ խաբեց, բռնի ուժով քուչեքը գցեց»: Արդեն տասը օր դրսում գիշերող Հասմիկը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին դիմում է գրել` խնդրելով իրեն մի կացարան հատկացնել: Սպասում էգ
Հասմիկը 3-րդ կարգի հաշմանդամ է, հոգեկան հիվանդություն ունի, իսկ աղջիկը` Անին, մանկուց հաշմանդամ է: Նրա բնակարանի գնորդները հաստատ Հասմիկի հետ մի քանի բառ փոխանակած կլինեն ու հաստատ տեղյակ կլինեն, որ այս կինը ըմբռնելու, ծանր ու թեթեւ անելու հետ խնդիրներ ունի: Նրա բնակարանի գնորդներն, անշուշտ, ճանաչում են նաեւ մանկուց հաշմանդամ Անիին: Իսկ թե ով է գործարքը կատարող, 2500 դոլարը գրպանող Գեւորգ Բադալյանը, կարծում ենք՝ իրավապահ մարմինների ուշադրությունից չի վրիպի: Հասմիկը կարող է համապատասխան փաստեր տրամադրել: