Լիցենզավորվում են

07/04/2009

Հանրապետությունում գործող 7 ծերանոցներից 6-ը լիցենզավորվել են, որից 4-ը պետական է, 2-ը` ոչ պետական: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է դիմել Վանաձորի «Հույս» ոչ պետական տուն-ինտերնատը, որը լիցենզիա կստանա առաջիկա ամսում:

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի առաջատար մասնագետ Արփենիկ Հակոբյանը, հանրապետության մի շարք մարզերում գործում են ծերերի սպասարկման կենտրոններ, որոնք առաջիկայում նույնպես պետք է լիցենզիա ստանան: Լիցենզավորման հիմքում ընկած է տարեցների խնամքի համար հաստատված չափորոշիչների պահպանումը` նրանց նկատմամբ պատշաճ խնամքի իրականացում, անհրաժեշտ պայմանների ապահովում եւ այլն:

Հայաստանի 4 պետական եւ 3 ոչ պետական ծերանոցներում խնամվում է 1100 կենսաթոշակառու, որոնցից 1010-ը` նախարարության ենթակայության տակ գործող տուն-ինտերնատներում: Նախարարության համակարգում գործում է նաեւ «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական ապասարկման կենտրոն», որի աշխատակիցները տնային պայմաններում սոցիալական սպասարկման ծառայություններ են մատուցում Երեւան քաղաքում բնակվող միայնակ, ծեր ու հաշմանդամ 1500 քաղաքացու: Հանրապետության մարզերում 6700 միայնակ տարեցների ու հաշմանդամների տնային պայմաններում եւ խնամքի ցերեկային կենտրոններում սոցիալական սպասարկման ծառայություններ է մատուցում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: