Խուզարկուները գործում են ստվերում

19/07/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այդ կասկածները պետք է փարատել, հիմնավորել: Իսկ մեզ մոտ՝ նման դեպքերում
դիմում են մասնավոր խուզարկուական ծառայություններին: Ի տարբերություն
նախորդ տարիների, այս տարի նման ծառայությամբ զբաղվում է միայն «VIP
Security Systems» ընկերությունը: Խուզարկուական ծառայությունից օգտվելու
համար պատկառելի գումարներ են պետք: Օրինակ, Մոսկվայում խուզարկուի մեկ
հերթափոխը, որն ունի ութժամյա գաղտնադիտարկում, մոտավորապես արժե 150-400
դոլար, իսկ եթե հետախուզությունը պահանջում է երկարատեւ աշխատանք, ուրեմն
կպահանջվի մի ամբողջ կարողություն: Հայաստանյան խուզարկուական
ծառայությունների գները չեն բարձրաձայնվում, բայց ակնհայտ է, որ
խուզարկուական գործունեությունը թանկ ծառայություն է: Խուզարկուական
գործունեությունը ստվերային ոլորտ է, քանի որ օրենսդրական դաշտի
բացակայության պայմաններում շատերն այդ գործունեությունն իրականացնում են
ստվերում մնալով, անձնական երաշխավորության մեխանիզմներով: ՀՀ
Սահմանադրության «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ
ազատությունները» գլուխը, մասնավորապես՝ հոդված 18-ը, սահմանում է, որ
յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք: Մարդուն
չի կարելի ձերբակալել, խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով:
Իսկ հոդված 20-ում ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական եւ
ընտանեկան կյանքն անօրինական միջամտությունից, իր պատիվը եւ բարի համբավը
ոտնձգությունից պաշտպանելու իրավունք: Հետեւաբար, արգելվում է մարդու
անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների ապօրինի հավաքելը,
պահելը, օգտագործելը եւ տարածելը: Իսկ սա նշանակում է, որ մասնավոր
խուզարկուական գործունեությունը մասնակիորեն հակասում է մեր
Սահմանադրությանը: Հայաստանում խուզարկուական գործունեությունը
օրենսդրորեն կանոնակարգված չէ եւ օրենքով կարգավորվող գործառույթներ չկան:
Տարիների ընթացքում օրենքի նախագծեր պատրաստվել, վերամշակվել, հաստատման
են տրվել, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է դրանց հաստատումը:
Այսինքն՝ մեզանում մասնավոր խուզարկուական գործունեությունը միանշանակ
թույլատրելի չէ, բայց արգելված էլ չէ, քանի որ գործում է իրավաբանական
գլխավոր կանոններից մեկը. ինչն արգելված չէ՝ թույլատրված է: Մասնավոր
խուզարկուական գործունեությունը մի շարք երկրներում լայնորեն կիրառվում է
եւ մեծ փորձ ունի: Որոշ դեպքերում մասնավոր խուզարկուի գործունեությամբ
զբաղվում են թոշակի անցնելուց հետո, որոշ դեպքերում էլ պարզապես
նախընտրում են մասնավոր գործունեությունը: Խուզարկուական ծառայության
հիմնական ոլորտներն են կորած կամ փախուստի մեջ գտնվող, այլ անվան տակ
թաքնված անձանց, գույքի որոնումը կամ ապագա գործընկերոջ
ուսումնասիրությունը՝ կենսագրական տվյալներ, անցած ուղի եւ այլ փաստերի
ձեռքբերում, ամուսնական անհավատարմության փաստերի հայտնաբերումը,
թմրամոլության, միասեռության հակվածության հայտնաբերումը եւ այլն:
Խուզարկուին դիմում են այն դեպքում, երբ ոստիկանական կամ դատախազական
մարմիններին դիմելն ինչ-ինչ պատճառներով անցանկալի է:

Օթելլոն կխեղդի Դեզդեմոնային

«VIP» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Գաբոյանից փորձեցինք ճշտել, թե
արդյո՞ք խուզարկուները պարտավորվում են գործունեության ընթացքում
հայտնաբերած հավանական հանցագործությունների մասին տեղեկացնել իրավապահ
մարմիններին: Նրա հավաստմամբ՝ կոնկրետ այն երկրներում, որտեղ
խուզարկուական գործունեությունը կարգավորվում է օրենքով, որպես կանոն,
պարտադիր դրույթ կա, ըստ որի, խուզարկուները պարտավոր են գործունեության
ընթացքում հայտնաբերած օրենքի բոլոր խախտումների մասին, անկախ պատվիրատուի
կամքից, հայտնել պատկան մարմիններին: Հայաստանյան օրենքները խուզարկուին
չեն պարտադրում այդ հանցագործությունների մասին տեղեկացնել, բայց,
միեւնույն ժամանակ, օրենքը չի ազատում հայտնելու պարտավորությունից,
որովհետեւ Քրեական օրենսգրքով սահմանված հոդված կա՝ հանցագործության մասին
իմանալու եւ պարտակելու վերաբերյալ: «Մասնավոր խուզարկուական հիմնական
դրույթն այն է, որ խուզարկուն պետք է հասկանա՝ արդյո՞ք պատվերը հղի չէ
վտանգներով թե՛ պատվիրատուի, թե՛ իր եւ թե՛ հասարակության համար,- ասում է
Հ. Գաբոյանը: -Աշխարհում ամենատարածված խնդիրը, որով դիմում են
խուզարկուին, ամուսնական անհավատարմությունն է: Լուրջ փորձաքար կա, որ
ճիշտ է, ամուսնու օրինական պահանջն ենք կատարում, որովհետեւ գրված կամ
չգրված օրենքների համաձայն՝ ամուսինները միմյանց հանդեպ պետք է բարեխիղճ
գտնվեն, բայց մյուս կեսին հետեւելու, որոշ տեղեկություններ ձեռք բերելու
համար օրենքը սահմանում է նրա անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Բացի
այդ, եթե խուզարկուն կատարած աշխատանքի արդյունքը հանձնում է
պատվիրատուին, ապա հնարավոր է, որ «Օթելլոն» «Դեզդեմոնային» խեղդի:
Պատահում է, երբ երեխային թմրամոլության մեջ կասկածող ծնողները դիմում են
խուզարկուի ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ովքեր են նրա շուրջը
պտտվում եւ ինչ նպատակներ են հետապնդում. «Այսինքն՝ նույնն է, որ տաքսու
վարորդին ասեն՝ տար ինձ Լաչինի այն գյուղը, որտեղ ականապատված է, եւ որեւէ
մեկն այնտեղ ոտք չի դնում,- ասում է Հ. Գաբոյանը: -Եթե նա պետք է մարդուն
հասցնի Լաչին, ու մեքենան պայթի, բնականաբար չի համաձայնի: Հասկանալով, որ
հետեւանքները կարող են վտանգավոր լինել, մենք ուղղակի հրաժարվում ենք այդ
պատվերից»:

Դեղ տարածողներն ունեւորի երեխային թմրամոլ են դարձնում

Մասնավոր խուզարկու Հայկ Գաբոյանը հիմնականում զբաղվում է պատվիրատուի
գործընկերների, ներդրումային դաշտի նյութական պատասխանատու աշխատակիցների
ուսումնասիրության, կադրային պրոֆիլակտիկայի, ընտանիքի անդամների
անվտանգությունից ելնելով՝ համապատասխան խուզարկուական գործունեության
պատվերներով: Օրինակ՝ «Այսօրվա դրությամբ «դեղ» տարածողներն աշխատում են
որեւէ ունեւորի երեխայի «ասեղի նստեցնել», որպեսզի նրա միջոցով նաեւ
ներքաշեն նրա ընկերներին՝ ղումարներ, շանտաժ եւ այլն: Որպեսզի դա պարզվի,
լուրջ աշխատանք է հարկավոր, իսկ ծնողն արդյունքներից ելնելով՝ երեխային
կամ ետ է պահում շրջապատից, կամ որոշ ժամանակով ուղարկում է այլ երկիր:
Կադրային պրոֆիլակտիկան հետեւյալն է. ենթադրենք՝ մարդն իրականացնում է
բիզնես, տարբեր մարդկանց վստահել է իր լծակները, որպեսզի նրանք կառավարեն
բիզնեսը, եւ ցանկանում է տեղեկանալ, թե ինչքանով են նրանք բարեխղճորեն
կառավարում, ինչքանով են ճիշտ ներկայացնում գործերի վիճակը, ինչքանով են
իրենք հուսալի՝ որպես մարդ եւ աշխատակից: Եթե մարդը թմրամոլ կամ խաղամոլ
է, ապա գործունեության որոշակի տեսակներ նրան վստահել չի կարելի: Կադրային
պրոֆիլակտիկայի արդյունքներով լուրջ հետեւություն է արվում, թե որքանով են
կադրերը ճիշտ ընտրված եւ ինչ սպասելիքներ կարելի է նրանցից ունենալ»: Ըստ
Հ. Գաբոյանի, կադրային պրոֆիլակտիկան պատվիրատուին տալիս է 80-90%-անոց
ճշգրիտ արդյունք: Կադրային պրոֆիլակտիկայում գոյություն ունեն «մինիմալ»,
«մաքսիմալ» կամ «միջին փաթեթ» հասկացություններ: Մաքսիմալ փաթեթի դեպքում
մարդու մասին անկետավորում է անցկացվում, թեստավորում է արվում, իրենցից
վերցրած տեղեկանքների եւ նյութերի իսկությունն է ստուգվում, իրենց
ծանոթների շրջանակում տեղեկությունների ճշգրտում եւ անձի բուժզննում է
կատարվում: Թեստերը մի քանիսն են՝ ինտելեկտուալ, տրամաբանական եւ
էմոցիոնալ համատեղելիության թեստեր: Տրամաբանական թեստերը ստուգում են, թե
մարդն ինչ արագությամբ եւ որքանով հաջող տրամաբանական լուծումներ է
գտնում, որի արդյունքում կարելի է որոշել, թե վերջինս ինչպիսի
գործունեության մեջ լավ կարտահայտվի: Էմոցիոնալ համատեղելիության թեստերն
ապացուցում են, որ, ասենք, թեեւ մարդն ունի ինտելեկտուալ որակի գործակից,
բայց ուրիշների ակերի մեջ փայտ խրող է, այսինքն՝ մի բեւեռում ինտելեկտուալ
որակի գործակից ունի, բայց քանի որ էմոցիոնալ որակի գործակիցը ցածր է՝
ընդհանուր արդյունքը ցածր է: Գոյություն ունեն նաեւ պոլիգրաֆով
ստուգումներ, որը նույն ստի դետեկտորն է: Կադրային պրոֆիլակտիկայի այս
փուլն արվում է նաեւ նրա համար, որպեսզի պարզվի, թե ստուգվողն արդյո՞ք
ուղարկված չէ հատուկ ծառայությունների, մրցակիցների կամ հանցավոր
շրջանակների կողմից: Արդյո՞ք ստուգվողը թմրամոլ, խաղամոլ, սեռական
հակումների հետ կապված ցայտուն խնդիրներ կամ պարտքերի, պարտատերերի հետ
կապված խնդիրներ ունի։ Հ. Գաբոյանի գնահատմամբ՝ խուզարկուական
գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ օրենքի եւ
իրավաբանական իմացություններ, հետախուզական եւ հակահետախուզական
աշխատանքներ իրականացնելու փորձ եւ կոնկրետ գիտելիքներ: Այսօր Հայաստանում
մասնավոր խուզարկուական գործունեությունից օգտվում են խոշոր
ընկերությունները, բանկերը, ապահովագրական ընկերությունները եւ
փաստաբանական գործունեությամբ զբաղվողները: