Երեւանի «Փյունիկը» եւ Աշտարակի «Միկան» 6-ական միավորով գլխավորում են ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն ապրիլի 4-5-ին կայացած մրցաշարի 2-րդ փուլից հետո: Այս փուլում «Փյունիկը» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթել է Երեւանի «Ուլիսին». 13-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Դավիթ Գրիգորյանը` «Ուլիսից», իսկ 65-րդ եւ 94-րդ լրացուցիչ րոպեներին եւս 2 գոլ են խփել Հենրիկ Մխիթարյանը եւ Էդգար Մալաքյանը:
Երկրորդ փուլում «Միկան» դժվարությամբ հաղթել է Գյումրիի «Շիրակին»` 3:2 հաշվով: «Միկայից» երկու գոլի հեղինակ է դարձել Արա Հակոբյանը՝ 14-րդ եւ 70-րդ րոպեներին, եւս մեկը խփել է Ալեքսը՝ 49-րդ րոպեին: Այս փուլի մյուս խաղում Երեւանի «Բանանցը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է Կապանի «Գանձասարին». 29-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Սամվել Մելքոնյանը: Երեւանի «Արարատը» նույնպես սեփական խաղադաշտում 0:2 հաշվով զիջել է Երեւանի «Կիլիկիային»: Այս խաղում գոլերը խփել են Անդրանիկ Սարգսյանը՝ 59-րդ, եւ Ռաֆայել Մկրտչյանը՝ 75-րդ րոպեին: