Երկու ոսկի

07/04/2009

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 120կգ Յուրի Պատրիկեեւը, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ավարտված Եվրոպայի առաջնության մրցաշարում հաղթելով իրենց բոլոր 4 մրցակիցներին, նվաճել են չեմպիոնի կոչում: ՀՀ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, 1988թ. Սեուլի օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին` Ա.Ջուլֆալակյանը, եզրափակիչում հաղթել է ուկրաինացի Վ.Շացկիխին, իսկ Յ.Պատրիկեեւը՝ շվեդ Ս.Սյորեբորգին: Շվեդիայի թիմի կազմում հանդես է եկել հայազգի մարզիկ Դ.Վարդանյանը, իսկ Լեհաստանի թիմում՝ Է.Բարսեղյանը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները թիմային հաշվարկում երկու ոսկե մեդալների հաշվին 29 միավորով զբաղեցրել են 3-րդ տեղը` միայն 1 միավոր զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած Լեհաստանի թիմին: Առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է: Նշենք, որ 55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը, 84կգ-ում՝ Դենիս Ֆորովը, 96կգ-ում՝ Արման Գեղամյանը, հաղթանակ տանելով առաջին մենամարտերում, հետագայում պարտություն են կրել արդեն նախնական փուլում եւ դուրս մնացել մեդալների համար մղվող մրցապայքարից: Իսկ 60կգ քաշային Արտակ Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստանալու մրցամարտում զիջել է ռումին Ա.Դիագոնին: Այսպիսով, ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 մեդալ:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ՀՀ ըմբիշները նվաճել են 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ` զբաղեցնելով թիմային 5-րդ տեղը: