«Չի բացառվում բոլոր երեք համանախագահների այցը տարածաշրջան, բայց այցի ամսաթիվը դեռեւս ճշտված չէ»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ով նախօրեի երեկոյան ժամանել էր Բաքու: Բրայզան երեկ տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ամենայն հավանականությամբ Բաքու ժամանի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: Իսկ Բրայզան երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նա ասել է, որ ինչպես իր, այնպես էլ Ֆասյեի հնարավոր այցի նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի հերթական հանդիպման կազմակերպումն է: Ի դեպ, ինչպես նախօրեին տարածած հաղորդագրության մեջ նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, Բրայզան Ադրբեջան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանձնարարականով: «Տվյալ գործընթացի խթանման համար պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կրկին ուղարկել է Մեթյու Բրայզային տարածաշրջան՝ մի քանի շաբաթվա ընթացքում նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով»,- նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Մեթյու Բրայզան կարճատեւ այցով ժամանել էր Հայաստան: