Լուրերը հաստատվո՞ւմ են

04/04/2009

Երեկ ՀՀ Արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ ապրիլի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելելու է Ստամբուլ` ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումին մասնակցելու նպատակով: Այսինքն` Է.Նալբանդյանը Ստամբուլում է գտնվելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցի օրերին: Եվ Նալբանդյանի այցը պետք է դիտարկել այն լուրերի համատեքստում, որ հնարավոր է՝ առաջիկայում ԱՄՆ միջնորդությամբ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրվի: Հավանական է համարվում, որ Ստամբուլում Է. Նալբանդյանը հանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Ի դեպ, ըստ պաշտոնական հաղորդագրության, երեկ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել «ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների հերթական խորհրդատվությունները», որոնց մասնակցել է նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը: Ակնհայտորեն, դրանք կապված են եղել Նալբանդյանի` Թուրքիա կատարելիք այցի եւ հայ-թուրքական հնարավոր համաձայնագրի հետ, քանի որ հայ-թուրքական որեւէ պայմանավորվածություն հազիվ թե կայացվի առանց ղարաբաղյան հարցի արծարծման: