Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները մի տեսակ երկրորդ պլան մղեցին պետական բյուջեի կրճատման` ըստ էության, սեկվեստրի փաստը, եւ նաեւ դրա հետ կապվող` վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը: Սակայն, ըստ լավատեղյակ աղբյուրների, Տ. Սարգսյանի հրաժարականը շարունակում է մնալ իշխանությունների օրակարգում: Ավելին` արդեն քննարկվում է ինչպես ապագա վարչապետի, այնպես էլ Տ. Սարգսյանի` մեկ այլ պաշտոնում նշանակման հարցը: Ընդ որում, բացառված չէ, որ վարչապետի փոփոխությունը կարող է տեղի ունենալ մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները: Ըստ այդմ, իշխանական շրջանակներում քննարկվում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հավանականությունը: Ընդ որում, հնարավոր է, որ այդ դեպքում փոխվարչապետի պաշտոնում նշանակվի նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Կարեն Կարապետյանը: Մեր տեղեկություններով, այս սցենարի իրականացումն իշխանությունները պայմանավորում են Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանի զարգացումներով: Այսինքն` այդ նշանակումները կկատարվեն, եթե իշխանությունները համակերպվեն իրենց պարտության անխուսափելիության հետ, ինչի հավանականությունը գնալով մեծանում է (նույնիսկ իշխանական սոցիոլոգներն արդեն խոսում են ՀՀԿ-ի եւ
ՀԱԿ-ի հավասար հնարավորությունների մասին): Նշված սցենարի տրամաբանությունն այն է, որ եթե Երեւանում ընդդիմությունը հասնի իշխանության, գոնե գործադիր իշխանությունը` կառավարությունը, լինի ավելի ուժեղ: Իսկ հատկապես Կարեն Կարապետյանի ընտրությունը պայմանավորվում է նրա` «ռուսական մարդ» լինելու հանգամանքով: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա, ըստ մեր տեղեկությունների, նրան առաջարկվել է գլխավորել նոր ստեղծվելիք Համահայկական բանկը, սակայն ինքը` Տիգրան Սարգսյանը, ցանկանում է պաշտոնանկության դեպքում վերադառնալ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին: Իհարկե, բացառված չէ, որ այս սցենարն իրագործվի ոչ թե մայիսի 31-ից առաջ, այլ որոշ ժամանակ անց` առավելագույնը` սեպտեմբերին, երբ պաշտոնապես կհայտարարվի բյուջեի ոչ թե «վերաբաշխումների», այլ սեկվեստրի մասին: