Վերջին տարիներին մեր պաշտոնյաների շրջանում նոր մոդա է արմատավորվել:
Առանձնատներից, զրահապատ մեքենաներից ու սափրագլուխներից բացի, նրանցից
ոմանք ցանկանում են գիտական աստիճան ստանալ: Թե ինչի համար՝ դժվար է ասել,
սակայն, որ նման միտում կա, ակնհայտ է: Անցած շաբաթ գիտական աստիճան
ունեցող պաշտոնյաների շարքը համալրեց Ռուսաստանի Հարավային շրջանում
Հայաստանի հյուպատոս Արարատ Գոմցյանը, որը բարձրագույն որակավորման
հանձնաժողովի կողմից ստացավ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
Սակայն զարմանալի է ոչ միայն Գոմցյանի՝ գիտության հանդեպ արթնացած սերը,
այլեւ նրա դոկտորական ատենախոսության թեման՝ «Ազատ տնտեսական գոտիների
ստեղծման տնտեսամեթոդական եւ կազմակերպատնտեսական հիմնահարցերը Հայաստանի
Հանրապետությունում»: Նրա ատենախոսության սեղմագրում գեղեցիկ
ձեւակերպումներով հիմնավորվում է այս թեմայի արդիականությունը Հայաստանի
տնտեսության համար: Ինքը՝ ատենախոսության հեղինակը, աշխատանքում փորձել է
հիմնավորել ազատ տնտեսական գոտիների կամ, ինչպես ասում են, օֆշորային
գոտիների ստեղծման անհրաժեշտությունը՝ Հայաստանի տնտեսության զարգացման
համար: Այսինքն՝ օտարերկրյա ներդրումները կհոսեն Հայաստան, եթե այստեղ
ստեղծվեն ազատ տնտեսական գոտիներ: Այն դեպքում, երբ օֆշորային գոտիներում
որպես կանոն լվացվում են ստվերային եւ քրեական ծագում ունեցող գումարները:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կդառնա Հայաստանը, եթե ստվերային տնտեսության,
կլանային ու օլիգարխիկ համակարգի պայմաններում այստեղ ստեղծվեն ազատ
տնտեսական գոտիներ: Սակայն դա չի խանգարել, որ Արարատ Գոմցյանին գրեթե
միաձայն տնտեսագիտության դոկտորի կոչում շնորհվի: Մինչդեռ, պրն Գոմցյանի
ատենախոսությունը (եթե, իհարկե, ինքը որեւէ առնչություն ունի իր կողմից
ներկայացված ատենախոսության հետ) շատ ավելի արդիական կլիներ, եթե նա որպես
թեմա ընտրեր, ասենք, գոյություն ունեցող ազատ տնտեսական գոտիների դերը
Հայաստանի տնտեսությունում, քանի որ այսօր Հայաստանում որպես օտարերկրյա
ներդրում ներկայացվող ներդրումները կատարվում են հիմնականում տեղական
ծագում ունեցող կապիտալի հաշվին: Ընդ որում, բացառված չէ, որ Արարատ
Գոմցյանը նույնպես օգտված լինի ազատ տնտեսական գոտիների
ծառայություններից:
Ինչ վերաբերում է ատենախոսությանը, ապա դատելով միայն դրա սեղմագրում տեղ
գտած բազմաթիվ բովանդակային ու տեխնիկական սխալներից, ապա դժվար չէ
ենթադրել, թե ինչպիսին կլինի բուն աշխատանքը:
Զարմանալին, սակայն, Արարատ Գոմցյանի գիտական աստիճան ստանալու
հավակնությունը չէ: Ա. Գոմցյանը՝ ստանալով հյուպատոսի պաշտոնը, կարողանում
է դիվանագիտական այդ պաշտոնն իր անձնական բիզնեսին ծառայեցնել՝ Երեւանից
Ռուսաստան պանիր արտահանելով եւ այնտեղ վաճառելով: Եվ ինչո՞ւ չէ, մտածել
է՝ ձեռքի հետ էլ կարելի է գիտական աստիճան «առնել». տուն է՝ թող լինի:
Զարմանալին այն է, որ տնտեսագիտական կոչում սահմանող մասնագիտական խորհրդի
կազմը (ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հ. Սարգսյան, նույն ֆակուլտետի
ամբիոնի վարիչ Գ. Ղարիբյան, որը նաեւ խորհրդի նախագահն էր,
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յու. Սուվարյան, տնտեսագիտության դոկտոր
Բ. Եղիազարյան եւ այլք) Գոմցյանի դատարկաբան ատենախոսությանը գովասանքի
խոսքեր ասելու համար հերթ է կանգնել: Մեր աղբյուրների հավաստմամբ,
պաշտպանությունն ընթացել է երկու խախտումով՝ այն չի ձայնագրվել, եւ եղել է
բաց քվեարկություն, որպեսզի համոզված լինեն, որ Գոմցյանին չեն մերժի: ԵՊՀ
տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ասում են, ի
պաշտպանություն Գոմցյանի, ասել է՝ «Հրաշագործ աշխատանք է»: Իսկ Գոմցյանն
իրեն ուղղված որեւէ հարցի չի կարողացել պատասխանել, միայն կրկնում էր.
«Դուք ճիշտ եք»: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը խոսում է
ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ տեղի ունեցող խախտումներից ու
կոռուպցիայից: Իսկ գիտության ասպարեզի մաֆիան ու կոռուպցիան քիչ վտանգավոր
չեն նաեւ նրանով, որ երիտասարդ մասնագետներին չեն թողնում մուտք գործել
գիտության ասպարեզ, իսկ տարբեր «ճ կլասի» չինովնիկների դոկտորի կոչում են
տալիս՝ համապատասխան վճարի դիմաց: