Եվրոպացիներ են գալիս

04/04/2009

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 6-ին Երեւան կժամանի Եվրոպական խորհրդարանի անդամներից կազմված պատվիրակությունը` ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենի գլխավորությամբ: Ըստ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության, ապրիլի 6-ին պատվիրակությունը կհանդիպի ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լյուցենբերգերի եւ ԵՄ դեսպանների, ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Եվրոպական պատվիրակության անդամները նույն օրն այցելելու են նաեւ Կենտրոն եւ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկներ, որտեղ, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն քաղբանտարկյալների հետ: Ապրիլի 7-ին պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ: Նույն օրը տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը: Ապրիլի 8-ին կշարունակվի ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստը: Պատվիրակության անդամներին ընդունելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: