Նվազել է 30 տոկոսով

04/04/2009

Արտերկրից դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալն այս տարվա առաջին երկու ամիսներին 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 30 տոկոսով: Նման տեղեկատվություն է հրապարակել ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունը: Ըստ վերջինիս իրականացրած դիտարկումների արդյունքների` այդ թվում` Ռուսաստանից փոխանցումները նվազել են 32 տոկոսով: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է գործակալության պետ Գագիկ Եգանյանը, ըստ որի՝ այս ցուցանիշի նվազման միտումն ի հայտ է եկել դեռեւս 2008-ի չորրորդ եռամսյակից, երբ ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումների ծավալը կազմել էր ընդամենը 430 մլն ԱՄՆ դոլար` երրորդ եռամսյակի 536 մլն դոլարի դիմաց: Այնինչ, նրա խոսքով, բոլորին է հայտնի, որ դրամական փոխանցումների ծավալը, որպես կանոն, ավելանում է հենց չորրորդ եռամսյակում: Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չլիներ, ըստ Գ.Եգանյանի, կանխատեսվում էր, որ նախորդ տարվա չորրորդ եռամսյակում մասնավոր տրանսֆերտների ծավալը կկազմեր շուրջ 700 մլն դոլար: Իսկ ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագետ Նունե Ասատրյանի, իրենց ուսումնասիրությունները փաստել են, որ արդեն այս տարվա մարտին մասնավոր տրանսֆերտների նվազումը կազմել է 34 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով նույնպես ստացվել է այս ցուցանիշը: Ըստ Նունե Ասատրյանի, նվազումը պայմանավորված է նաեւ նրանով, որ աշխատավարձերի կրճատում է տեղի ունեցել, բացի այդ, մարդիկ բանկային համակարգի հանդեպ զգուշավորություն են ցուցաբերում եւ դրամական փոխանցումները իրականացնում են հարազատների ու ծանոթների միջոցով: