Իշխանություններն ապրիլի 1-ին մասնատեցին «7-ի գործը» ու ստացան 7 առանձին քրեական գործեր: 6 գործերը վերաբերում են «7-ի գործով» անցնող 7 քաղբանտարկյալներին (7 քաղբանտարկյալներից միայն Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործերն են քննվելու մեկ վարույթում): Իսկ մյուս գործը վերաբերում է մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքների բացահայտմանը:
Ինչպես հայտնի է, մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդների մասն առանձնացվել է այդ գործից: Հիշեցնենք, որ մինչ այդ նրանք «7-ի գործում» ներգրավվել էին որպես տուժողներ: Երեկ հայտնի դարձավ, որ այդ առանձնացված մասով հարուցվել է նոր քրեական գործ` արդեն Քրեական օրենսգրքի 104` սպանության հոդվածով, ու միացվել է մարտի 1-ի դեպքերի մայր` 026 գործին: ՔՕ 225-րդ հոդվածի փոփոխության արդյունքում չեղյալ համարվեց «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների» մասը: Ու իրավական համապատասխանության համար մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքներին վերաբերող անջատված մասը որակավորվեց արդեն գոյություն ունեցող 104 հոդվածի առաջին մասով`«սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»: Ու հիմա մարտի 1-ի դեպքերի հետ կապված բոլոր գործերը նախաքննող մարմինը` Հատուկ քննչական ծառայությունն, այս առանձնացված մասով պետք է գտնի սպանությունները կատարողին կամ կատարողներին: Համենայնդեպս, «Չերյոմուխա-7» հատուկ միջոց կիրառած 4 ոստիկանները հայտնի են նախաքննող մարմնին, ու այդ մասով լայն քննություն իրականացնելու անհրաժեշտություն չկա: Հայտնի է նաեւ, որ հատուկ միջոցից զոհվել են երեք հոգի: Եվ որքան էլ ՀՔԾ-ն հայտարարի ու փորձագիտական կենտրոններից եզրակացություններ հավաքի, թե հնարավոր չէ նույնականացնել այդ երեք զոհերի մարմիններից հանված նռնակները դրանք արձակած հրացանների հետ, ցանկության դեպքում, հնարավոր կլինի բացահայտել սպանություն կատարած ոստիկանին կամ ոստիկաններին: Իսկ մարտի 1-ին զոհվածների իրավահաջորդները որոշել են այլեւս չսպասել նոր նախաքննությանն ու անմիջապես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրանք կարծում են, որ Հայաստանում դատական երեք ատյանները չսպառելու դեպքում էլ Եվրոպական դատարանը կընդունի իրենց դիմումը, որովհետեւ այստեղ նախաքննությունը ողջամիտ ժամկետներում չի ավարտվել: «Արդեն 1 տարի է՝ նախաքննություն է իրականացվում, բայց ոչինչ չի պարզվել: Հիմա էլ նոր գործ են հարուցել ու նոր նախաքննություն են իրականացնում: Կարող է՝ սա էլ 1 տարուց ավելի տեւի: Ով` ով, բայց ես չեմ սպասելու եւ դիմելու եմ եվրոպական ատյաններին»,- ասում է մարտի 1-ի գիշերը «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:
«7-ի գործով» տուժող էր ճանաչվել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Ա.Մարտիրոսյանին դանակահարել էին մարտի 1-ի կեսօրին Երեւանի քաղաքապետարանի դիմաց, երբ նա փորձում էր սադրիչների հարվածներից պաշտպանել ոստիկաններին: Եվ, ամենայն հավանականությամբ, պատգամավորին դանակահարել են այդ օրը ցուցարարների մեջ լարվածություն ստեղծելու նպատակով ներդրված սադրիչները: Հիմա, երբ մասնատեցին «7-ի գործը», Ա.Մարտիրոսյանն այլեւս մասնատված 7 գործերից որեւէ մեկում ներգրավված չէ: Բայց, ի տարբերություն զոհվածների իրավահաջորդների, պատգամավորը չի էլ ցանկանում իմանալ, թե ինքը մարտի 1-ի հետ կապված ո՞ր գործում է ներգրավված կամ ներգրավվա՞ծ է արդյոք ընդհանրապես:
«Տեղյակ չեմ եւ չեմ էլ ցանկանում տեղյակ լինել, որովհետեւ ի սկզբանե դատարանում տեղի ունեցած այս ամբողջ պրոցեսը ֆարս էր, որին չեմ ուզում որեւէ ձեւով մասնակից լինել: Ընդամենը մեկ-երկու դատական նիստերի էի ուզում գնալ, որ հայտարարություն անեի: Հայտարարություն անելու հնարավորություն դատավորն ինձ չտվեց, ու ես զգացի, որ ավելի կարեւոր գործեր ունեմ անելու, քան թե այդ ֆարսերը դիտելը»,- ասում է պատգամավորը: Ա.Մարտիրոսյանը նշեց նաեւ, թե «7-ի գործով» դատավարության ժամանակ ցանկացել է հայտարարել, որ ինքն այդ գործով չի կարող տուժող ճանաչվել: «Ինձ այդ գործով տուժող են ճանաչել այն դեպքում, երբ ինձ դանակահարողին չեն գտել: Եթե դանակահարողին չեն գտել, ես ինչպե՞ս կարող եմ այդ գործով տուժող լինել: Դանակահարողին պետք է գտնեին, որ հետո էլ պարզեին, թե նա մեղադրվող ո՞ր անձի հետ ի՞նչ կապ ունի, ոչ միայն 7-ի հետ կապված, այլեւ ընդհանրապես: Եթե նա պատվեր է կատարել, ապա ո՞վ է պատվիրատուն: Իսկ այս դեպքում դանակահարողին չեն գտել, բայց իրենք իրենց ենթադրել էին, որ 7 մեղադրվողները կարող էին կապ ունենալ: Ես կարծում եմ, որ իրավական առումով որեւէ նորմ պահպանված չէ այս դեպքում: Մյուս կողմից էլ՝ դատարանը չէ, որ պիտի հայտնաբերեր ինձ դանակահարողին: Ես կարծում եմ՝ այն ընթացակարգով, որով ընթացել է քննությունը մինչեւ այժմ, բնականաբար, դանակահարողին չեն կարող գտնել: Այսուհետ էլ հույսեր չունեմ, որ կգտնեն»,- ասում է Ա.Մարտիրոսյանը: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, թե Ա.Մարտիրոսյանի գործը եւս քննվելու է մարտի 1-ի ընդհանուր գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է «7-ի գործին», ապա պատգամավորը կարծում է, որ դա պետք է ոչ թե մասնատվեր, այլ քաղբանտարկյալները պետք է ազատության մեջ լինեին:
Երեկ դեռ հայտնի չէր, թե «7-ի գործից» դուրս եկած այդ 6 գործերը ո՞ր դատավորներն են քննելու: Հայտնի չէր նաեւ, թե 6 մեղադրողներից յուրաքանչյուրը որ գործում է ներգրավվելու: Այս գործերի հետ կապված իրենց ռազմավարությունը դեռ չեն բացահայտում նաեւ Հայ Ազգային կոնգրեսն ու քաղբանտարկյալների պաշտպանները: «7-ի գործով» պաշտպանական խմբի անդամ Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում նշեց միայն, թե «բոլորով կպաշտպանեն բոլորի շահերը»:
«7-ի գործի» մասնատմանը երեկ հրավիրված ասուլիսում անդրադարձավ նաեւ Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Նա գործող օրենսդրության որեւէ խախտում չի տեսնում Մ.Մարտիրոսյանի այդ որոշման մեջ: Նրա կարծիքով՝ «գործի ծավալը շատ մեծ էր, եւ խնդիրներ կառաջանային ապացույցները հետազոտելու ընթացքում եւ կխոչընդոտեր գործի բազմակողմանի քննությունը ողջամիտ ժամկետում»: Նա անդրադարձավ նաեւ Սասուն Միքայելյանի գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու հարցին: «Գոյություն ունի գործերը ընդհատության ուղարկելու ինստիտուտ, եւ հաշվի է առնվում, թե վերջին հանցագործությունը որտեղ է կատարվել: Ս.Միքայելյանի պարագայում ապօրինի ռազմամթերք պահելը կատարվել է մարտի 1-ից հետո` Կոտայքում: Եթե Մ.Մարտիրոսյանը շարունակեր Ս.Միքայելյանի գործը լսել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ապա վստահ եմ, որ եվրոպական դատարան դիմելու դեպքում ՀՀ-ն խնդիր կունենար»,- ասաց Դ.Ավետիսյանը: