Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկել է Վրաստանի տարածքում գազի խոշոր պահեստարանի շինարարության եւ ապագայում այն Եվրոպա գազի փոխադրման համար օգտագործելու հնարավորությունը: Այդ մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Մամեդյարովը պաշտոնական այցով Վրաստանում է գտնվել ապրիլի 1-2-ը: Ըստ հաղորդագրության` Գիլաուրին հանդիպման ընթացքում նշել է, որ Վրաստանն աշխատում է «Սպիտակ հոսք» գազամուղի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման վրա, որով ծրագրվում է կասպիական տարածաշրջանից գազը՝ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով, այնուհետեւ՝ Սեւ ծովի ջրատարածքով փոխադրել եվրոպական շուկա: Խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրացման մասին` Վրաստանի վարչապետն ասել է, որ համապատասխան աշխատանքներ են կատարվում նախագծի 2-րդ փուլի իրացումը սկսելու վերաբերյալ հայտամրցույթ հայտարարելու համար: