Պատմական համաձայնություն

04/04/2009

«Մեծ 20-յակի»` «G-20»-ի երկրները պայմանավորվել են Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին հատկացնել 1,1 տրլն դոլար` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու: ԱՄՀ-ի միջոցները, որոնք հատկացվելու են ճգնաժամից առավել տուժած երկրներին, ավելանալու են գրեթե երեք անգամ` կազմելով մոտ 750 մլրդ դոլար: Ենթադրվում է, որ Չինաստանը 40 մլրդ դոլար կտրամադրի ԱՄՀ-ին, իսկ Եվրամիությունը եւ Ճապոնիան՝ 100-ական մլրդ դոլար: Ի դեպ, Լոնդոնում ավարտված «G-20» գագաթաժողովի արդյունքները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գնահատել է որպես մեծ հաջողություն: «Մենք հասել ենք շատ լավ, համարյա պատմական փոխհամաձայնության»,- հայտարարել է Անգելա Մերկելը` «G-20»-ի եզրափակիչ հռչակագիրը անվանելով «գործողությունների փաստաթուղթ»: Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է, որ «G-20»-ի անդամ երկրները՝ որպես աջակցություն, միջազգային տնտեսությանը 2010-ին ընդառաջ հատկացնելու են 5 տրիլիոն դոլար: