Օրեր առաջ ռուսաստանյան հեռուստաընկերությունները ցուցադրում էին գրող Ֆազիլ Իսկանդերի եւ երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հոբելյանական երեկոները: Երկու միջոցառումներին էլ մասնակցում էին հայտնի դերասաններ, երաժիշտներ, արվեստագետներ, հումորի վարպետներ` «Մոսկվայի վիրտուոզներ» խմբի դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը, դերասանուհի Իննա Չուրիկովան, լրագրող Վլադիմիր Պոզները, անգամ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ռեժիսոր Մարկ Զախարովը, շախմատիստ Անատոլի Կարպովը եւ էլի շատ-շատերը:
Ամենեւին հարկ չկա ներկայացնելու, թե ինչ կարգի եւ ինչ որակի հումոր էր մատուցվում բեմից. ոչ մի վայրկյան հնարավոր չէր հեռանալ հեռուստացույցից, Ֆազիլ Իսկանդերի, Ժվանեցկու ու նրանց շնորհավորելու եկած բառացիորեն բոլոր հյուրերի խոսքն այնքան խորն ու մտածված էր, հումորը` սրամիտ ու առողջ: Հաղորդումները կրկնեցին նաեւ ապրիլի մեկին` Ծիծաղի օրը:
Նույն օրը, նույն ժամին Հ1-ը եւ հայաստանյան էլի մի քանի հեռուստաընկերություններ ցուցադրում էին «Մեկից մեկ» հումորային ծրագիրը: Այն անց էր կացվում Օպերայի եւ բալետի պետական, ավելին` ակադեմիակա՛ն թատրոնի դահլիճում: Դահլիճը այս դեպքում, ցավոք, լեփ-լեցուն էր: Եվ, որքան էլ զարմանալի էր, ներկաները ծիծաղում էին եւ ծափահարում այն ամենին, ինչ մատուցվում էր բեմից: Հումորիստ Սամվել Բաղդասարյանն անգամ համերգից առաջ հայտարարեց, թե երեկոն, ի թիվս այլ հովանավորների, իրականություն է դարձել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ: Իսկ կարող էր գաղտնի պահել:
Ելույթ ունեցող յուրաքանչյուր դերասանի մենախոսության առաջին մեկ-երկու նախադասությունից հետո արդեն անհնար էր լսել շարունակությունը. որեւէ կերպ հնարավոր չէր հասկանալ` ինչն էին այդ մարդիկ համարում ծիծաղելի եւ, այդուհանդերձ, որքան համարձակ էին` նման տեքստերով երեւալ բեմում: (Ի դեպ, Ժվանեցկու մասին «Օգոնյոկ» հանդեսի գլխավոր խմբագիրը պատմում էր, թե որքան անհամարձակ է երգիծաբանը. նա մշտապես մտահոգված է` արդյո՞ք իր հումորն այնքան ծիծաղելի եւ հետաքրքիր է, որ համարձակվի այն ներկայացնել ամսագրի ընթերցողներին): Դժվար է ասել` հումորի մեր բոլո՞ր վարպետներն էին թույլ ու անհետաքրքիր, թե՞ նրանք, ում ելույթը պատահաբար միացնում էինք Ժվանեցկու հոբելյանական երեկոյի ընթացքում եթեր գնացող գովազդի ժամանակ: Դերասանուհի Լալա Մնացականյանը, գուցե սուբյեկտիվ ենք, սակայն խիստ անհաջող եւ ծիծաղի փոխարեն տարակուսանք առաջացնող տեքստ էր արտաբերում: Մեկ այլ դերասան մտել էր իր դարն ապրած, բայց մարմնավաճառի աշխատանքը համառորեն հաճույքով կատարող կնոջ կերպարի մեջ: Նրա մենախոսության մեխն այն էր, թե ինչպես է ինքը ժամանակին (եւ, կարծես, հիմա էլ) իր աշխատանքն անում` առանց իրեն խնայելու, եւ թե որքան են իրեն զիջում ժամանակակից երիտասարդ մարմնավաճառները: Համոզիչ լինելու համար տարաբախտ այդ կինն ակնարկեց, որ իր ծառայություններից օգտվողների մեջ ճանաչել է ԱԺ պատգամավորներից մեկին: Մարմնավաճառ այդ կնոջ տարիքը անհամեստորեն հուշում էր, թե մեր ԱԺ-ից հատկապես ո՞վ կարող է հավակնել օգտվել նրա մատուցած ծառայություններից: Սակայն այս թեման քննարկելու համար հարմար է թերեւս օրացույցի մեկ այլ, ամենեւին ոչ ծիծաղին նվիրված օր:
Կարճ ասած, «Մեկից մեկ» երգիծական համերգն այնքան անհաջող էր, որ մեր ցանկությունն՝ այսօրվա հրապարակումը նվիրել թեմային, թե ինչու են մեր իշխանությունները ընտրությունից ընտրություն ավելի մեծ թվով մարդկանց ներգրավում այդ պրոցեսի, կեղծարարության ու ստոր գործարքների մեջ, թվաց պակաս կարեւոր: Երկրորդ պլան մղվեց նաեւ հայ ուսուցչուհիների եւ տնօրենների անփառունակ մասնակցությունը քաղաքապետի սպասվելիք ընտրություններին: Թեեւ ամենեւին էլ չի բացառվում, որ մեր հասարակությունում արժեքների անկման, անճաշակության ու ռաբիսության պատճառներից մեկի պատասխանը թաքնված է հենց այստեղ, թե ինչի վրա ենք մենք ծիծաղում, ինչն է մեզ թվում զվարճալի:
Թե որքան է իջել հումորի եւ ծիծաղելիի հանդեպ մեր ընկալունակությունը, կարելի է դատել ամեն օր հեռուստաէկրաններից մատուցվող հումորի որակից: Շաբաթ երեկոները Հ1-ի եթերում Աշոտ Ղազարյանն է: Ամենեւին չհավակնելով քննադատել նրա կամ նրա հյուրերի հումորը, այդպես էլ անհասկանալի է թվում, թե ինչպես է հնարավոր ծիծաղելի համարել այն, ինչ ասում է Աշոտ Ղազարյանը, եւ այն ձեւով, որով ասում է Աշոտ Ղազարյանը: Մյուս ալիքներով օրվա բոլոր ժամերին եւ բոլոր ֆորմատների հաղորդումներում փայլում է մեր ժամանակների հումորի անգերազանցելի վարպետի համբավ ունեցող Հովոն: Կան էլի ինչ-որ տղաներ, ովքեր թագավորական հայտնի ծաղրածուի «Ճանապարհ տվեք հիմարությանս» խոսքերն ընկալում են բառացիորեն: Մեր շատ այլ հայտնի դերասաններ, ովքեր քիչ թե շատ սրամիտ են, իրենց սկսել են ռեալիզացնել որպես հարսանիքների, խնջույքների թամադա:
Ի դեպ, մի զվարճալի պատմություն. մի անգամ Վահրամ Փափազյանին հայտնում են, որ այսինչ անտաղանդ դերասանը պետք է խաղա Օթելլո, Վարպետն ընդամենը հետաքրքրվում է` Շեքսպիրի՞: Չգիտենք, ինչպե՞ս մեկ բառով կորակեր Վահրամ Փափազյանն այն, ինչ մատուցվում է այսօր բեմերից, սակայն մի առիթով թարգմանիչ, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը հեռուստաեթերից հորդող հումորը որակեց որպես «օրանգուտանային հումոր, որի վրա բերանները բաց հռհռում են»:
Այնպես որ, երբ հումորի մեր վարպետներն առաջարկում են Ապրիլի մեկն ընդունել որպես ոչ աշխատանքային, տոնական օր, արժե նախապես պարզել` ի՞նչ նպատակով: Ավելի խելամիտ է հումորի այս մակարդակի պարագայում նրբանկատորեն շրջանցել օրացույցի այդ օրը, քանի որ այն, ինչ իրենք են ծիծաղելի համարում, ահավոր տխուր է: Իսկ այն, ինչ տխուր է, ավաղ, արդեն ծիծաղելի չէ: