Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում զբաղվածների
թվաքանակը այս տարվա հունիսի 1-ի դրությամբ կազմել է 1 մլն 103.000 մարդ:
Իսկ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք
փնտրողների քանակը կազմել է 132.7 հազար մարդ: Վերջիններից 98,6 հազարը
գործազուրկ են: Գործազուրկների 66%-ը բանվորական մասնագիտություններ
ունեցողներն են:
«ՀՀ զբաղվածություն ծառայություն» գործակալության մամուլի քարտուղար Անուշ
Հարությունյանի տվյալներով, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն
հիմնականում բարձր որակավորմամբ խառատներ, գորգագործներ, ադամանդագործներ,
ֆրեզերագործներ, լավ շինարարներ: Այդպիսիք, ի դեպ, Հայաստանում շատ քիչ
կան: «Մենք, օրինակ, ֆրեզերագործների համար ուսուցում կազմակերպեցինք
Արդյունաբերական քոլեջում եւ հավաքագրեցինք սովորողների: Բայց պարզվեց, որ
այդ քոլեջը հին սարքավորումներով է ուսուցումը կազմակերպում, երբ մարդիկ
վաղուց անցել են այդ էտապները: Արդյունքում՝ այդ ուսուցումը դադարեցվեց:
Մինչդեռ պահանջարկը մնում է։ Այդ մասնագիտությամբ բարձր որակավորում
ունեցող մասնագետներ չկան»: Ուսումնական հաստատությունների
նյութատեխնիկական հին բազայի հիման վրա իրականացվող ուսուցումը չի
ապահովում պահանջված որակ, քանի որ արտադրական ձեռնարկություններում
ներկայումս կիրառվում են նորագույն սարքավորումներ: Իսկ գործատուն,
բնականաբար, պահանջում է ավելի որակյալ բանվոր: Մասնագետներն իրենց հերթին
փաստում են՝ բարձր որակավորում ունեցող բանվորը շատ կվարձատրվի:
Զբաղվածության տարածքային կենտրոնների (ԶՏԿ) մասնագետների կատարած վերջին
ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատաշուկայում բարձր է
որակյալ համակարգչային ծրագրավորողների, գործավարների, անգլերեն լեզվի
թարգմանիչների պահանջարկը: Իսկ հանրապետության մարզերը բժիշկների կարիք
ունեն, քանի որ Երեւանի բժշկական հաստատությունների շրջանավարտները չեն
գնում շրջաններ աշխատելու: Արդյունքում՝ մայրաքաղաքը լճացել է բժիշկներով:
«ՀՀ զբաղվածություն ծառայություն» գործակալության ներկայացուցիչն այդ
հանգամանքը բացատրում է նրանով, որ մարզեր գործուղելու համար բժիշկներին
լավ պայմաններ եւ բարձր աշխատավարձ չի առաջարկվում:
Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա հանրապետությունում կրճատված 6706
ուսուցչից միայն 1942-ն են հաշվառվել ԶՏԿ-ներում: Միեւնույն ժամանակ,
միայն Երեւանի Պետական համալսարանը տարեկան «թողարկում է» շուրջ 140
մանկավարժ: Կրճատված ուսուցիչներն էլ փորձում են այլ մասնագիտություն ձեռք
բերել:
Գործակալությունը կազմակերպում է ուսուցում շուկայի պահանջարկից ելնելով.
«Եթե շուկան ուզում է բանվոր, մենք էլ գտնում ենք կազմակերպություն, որը
բանվոր կպատրաստի: Մեր խնդիրը գործազուրկներին վերաորակավորելն է, որպեսզի
նրանք կարողանան աշխատաշուկայում ավելի մրցունակ եւ վստահ լինել»,-
վստահեցնում է Ա. Հարությունյանը: Գործակալության տվյալներով՝ 20 տարբեր
մասնագիտությունների գծով վերամասնագիտանալու ցանկություն է հայտնել 377
ուսուցիչ:
2004-2005թթ. դեկտեմբեր-հունվար ամիսներին Զբաղվածության պետական ծրագրով
կազմակերպվել է մասնագիտական ուսուցում 160 գործազուրկի համար՝ վաճառող,
համակարգչային հաշվապահություն եւ գործավար, ղեկավարի օգնական ռեֆերենտ եւ
գորգագործություն մասնագիտություններով: Ներկայումս ընթացքում է շուրջ 90
գործազուրկի մասնագիտական ուսուցումը:
Ի դեպ, մեր հանրապետությունում գործազուրկների 70,3%-ը կանայք են: