Սթափ լինենք կինոյի պարագայում

04/04/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

ՀՀ Մշակույթի նախարարության մաս կազմող Ազգային կինոկենտրոնը լուրեր է տարածել, որ մայիսին կայանալիք 62-րդ Կաննի միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» գեղարվեստական ֆիլմը։ Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը տեղեկացրել է, որ այդ ֆիլմը կցուցադրվի «Կինոքննադատների շաբաթվա» ընթացքում եւ միաժամանակ կմասնակցի «Հայացք» մրցույթում։

Զարմանալին այս լուրի մեջ այն է, որ Կաննի փառատոնը դեռ չի ավարտել ֆիլմերի ընտրությունը, եւ ոչ ոք դեռ չգիտի՝ ֆիլմը ընտրության խիստ ու խիտ ցանցով անցնելո՞ւ է, թե՞, այսուամենայնիվ, դուրս է մնալու։ Եվ որտեղի՞ց են Գ.Գեւորգյանին հայտնի դարձել ամենահեղինակավոր կինոստուգատեսի արդյունքները։ Չէ՞ որ Կաննի փառատոնը տարեկան հարյուր-հազարավոր հայտեր է ստանում։ Ընդունված ավանդույթի համաձայն՝ ոլորտի պատասխանատուները հայտնում են հաջողությունների մասին՝ չունենալով այդ հաջողությունը։

Նորվեգա-հայկական համատեղ արտադրված «Խճճված զուգահեռները» ֆիլմի ռեժիսոր ու պրոդյուսեր Հ.Գալստյանը, որին պատկանում են ֆիլմի հեղինակային իրավունքները, խնդրում է լրագրողներին ու կինոյի մասնագետներին՝ ժամանակից առաջ չանցնել ու չվնասել ֆիլմի հետագա ճակատագրին։ «Քանի որ ես եմ հեղինակային իրավունքների կրողը, ապա կարող եմ միայն ասել, որ իմ ֆիլմը ընդամենը «սելեկցիայի պիտանի» է համարվել, բայց այդ սելեկցիայով դեռ չի անցել։ Կաննի փառատոնը պաշտոնական պատասխան կտա միայն 2 շաբաթ անց։ Ես չգիտեմ, թե ինչո՞ւ է ֆիլմի մասնակցության լուրեր տարածում Կինոկենտրոնը։ Եկեք սթափ նայենք, իմ ֆիլմը հայտ ուղարկած ֆիլմերի շարքում 2769-րդն է։ Եվ այն բնավ էլ չի մասնակցելու «Հայացք» մրցույթին, եւ ընդհանրապես պաշտոնական մրցույթների չի մասնակցելու»,- ասում է նա։

Ֆիլմի հեղինակը մասնակցության հայտ է ուղարկել Կաննի փառատոնի ալտերնատիվ ծրագրերին, որոնցից մեկը ֆրանսիացի կինոքննադատների ասոցիացիայի հիմնած ծրագիրն է։ Այդ ծրագրին մասնակցում են ռեժիսորների առաջին կամ երկրորդ խոշոր աշխատանքները, որոնք ցուցադրվում են հատուկ կինոքննադատների համար։ Հ.Գալստյանը որոշում է կայացրել մասնակցության հայտ ուղարկել հենց այդ մրցույթին՝ հետեւելով մշակութաբան ու կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովի խորհրդին, ով տեսել է «Խճճված զուգահեռները» Մոսկվայում ու շատ բարձր է գնահատել ֆիլմի փառատոնային ապագան՝ ասելով, որ համաշխարհային կինոդաշտում անծանոթ ռեժիսորի համար դա ամենալավ մեկնարկն է։ Իսկ մյուս ծրագիրը, որին հավակնում է մասնակցել ֆիլմը, կոչվում է «Ռեժիսորների շաբաթ», եւ այն նույնպես ոչ պաշտոնական ծրագիր է։

Հ.Գալստյանն ասում է. «Եթե ֆիլմը այդ ծրագրերում ընդգրկվի, դա արդեն իսկ սենսացիա կլինի։ Իսկ եթե չընդգրկվիգ դրան էլ եմ պատրաստ։ Եվ ինքս ինձ խաբել չեմ ուզում, շատ լավ հասկանում եմ, որ Կաննի փառատոնը դա նույնն է, ինչ սպորտսմենի համար աշխարհի առաջնությանը մասնակցելը»։ Կաննի փառատոնի մեր միակ մասնակցությունը Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմով է եղել։ Դա տեղի է ունեցել 1967 թվականին, այն ժամանակ Հայաստանն անբաժանելի էր ԽՍՀՄ-ից, ու հենց ռուսական «կենտրոնական» որոշումի համաձայն էլ ֆիլմը Կանն էր ուղեւորվել։ Կաննի փառատոնն ամեն ինչ անում է, որպեսզի ոչ մի լավ ֆիլմ իր ուշադրությունից վրիպել չկարողանա։ Դա հասկանալով, կարելի է ենթադրել, թե տարեկան որքան ֆիլմեր են փորձում ճեղք գտնել ու Կանն սողոսկել։ Եվ եթե Հայաստանը վերջիվերջո (անասելի բարդությամբ ու բյուրոկրատական խոչընդոտներ հաղթահարելով) կարողացել է ստեղծել մի ֆիլմ, որը ցուցադրելը ամոթ չէ, ապա հաստատ չարժե փչացնել նրա ճակատագիրը սխալ «PR» ակցիայով ու ենթադրվելիքը որպես փաստ ներկայացնել։

Հ.Գալստյանը վստահեցնում է, որ եթե հանկարծ այդ սխալ ինֆորմացիան Կաննի փառատոնի կազմակերպիչներին հասնի, իր ֆիլմն ինքնաբերաբար կզրկվի ամեն տեսակի ծրագրերին մասնակցելու իրավունքից։ «Բարեբախտաբար, մենք փոքր ու փակ երկիր ենք ու մեզանով ոչ ոք չի հետաքրքրվում, բայց եթե Կաննը տեղեկանա, որ մենք սխալ լուրեր ենք տարածում, մեզ համար «դռները» կփակվեն։ Հավատացնում եմ, որ հենց որ պաշտոնական պատասխան ստանամ՝ կհայտնեմ մամուլին ու Կինոկենտրոնին»,- ասում է նա։

«Խճճված զուգահեռները» ընդհանրապես մեր կինոդաշտի համար յուրատեսակ փորձաքար են, քանի որ դա այն ֆիլմն է, որն իր պատրաստման յուրաքանչյուր փուլում համագործակցում ու գումար էր ստանում միջազգային ֆոնդերից։ Այսինքն՝ ֆիլմը որոշ իմաստով ապահովագրված է անտարբեր ու գորշ ճակատագրից։ Հեղինակը համոզված է, որ կարելի է հեղինակային ֆիլմ ստեղծել ու դրանով գումար աշխատել։ «Ուզում եմ դոտացիայով սնվող կինոարտադրողներին ապացուցել, որ ֆիլմը կարող է գումար ետ բերել, միջազգային շուկա դուրս գալ ու բնավ էլ չդադարել արվեստ լինել։ Երբ դա ապացուցեմ, արդեն ավելի «բաց» խոսելու իրավունք կունենամ»,- ասում է նա։ Ի դեպ՝ «Խճճված զուգահեռների» բյուջեն կազմել է 582 հազար եվրո, որի մեծ մասը արտասահմանյան գումար է։ Այսինքն՝ ֆիլմին հավատացող մասնագետներ են եղել, իսկ դա նշանակում է, որ ֆիլմի դիստրիբյուցիայի խնդիրները ու հետագա ցուցադրությունները նույնպես որոշ չափով օտարերկրացի պրոդյուսերներն են հոգալու։ Հաջողություն մաղթելով նորվեգուհու ու հայուհու խճճված ճակատագրերի ու դարաշրջանների մասին պատմող ֆիլմին, պետք է նշենք, որ հաճախ ամենալավ օգնությունը պարզապես չվնասելն է։ Այդպես են աշխատում բժիշկները, այդպես պետք է վարվի նաեւ Կինոկենտրոնը։