«168 Ժամ» թերթը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Մյասնիկյան 43/3 հասցեի բնակիչ Համբարձում Ղազարյանի խնդրին: Հիշեցնենք, որ 2006-ին Հ. Ղազարյանի տունը ճանաչվել է պետական սեփականություն, ապա Երեւանի քաղաքապետարանի հ.2774-Ա որոշմամբ օտարվել է մեկ այլ քաղաքացու՝ Զվարդ Խաչատրյանին:
Տան նոր սեփականատիրոջ` Զվարդ Խաչատրյանին տրված սեփականության իրավունքի վկայականում Մյասնիկյան 43/3-ի փոխարեն ամրագրված է Գոգոլի փողոց, 72/2 նոր հասցե, որն, ըստ էության, հայտնվել է 2007-ին եւ ընդգրկված է Քանաքեռ-Զեյթուն համայնքի վարչական տարածքում, մինչդեռ նախկին` Մյասնիկյան 43/3 հասցեն Կենտրոն համայնքի վարչական տարածքում էր: Հ. Ղազարյանը քաղաքապետարանի` իր բնակարանը վաճառելու գործողությունը համարում է ապօրինի, որի համար մեղադրում է ինչպես նոր սեփականատեր Զ. Խաչատրյանին, այնպես էլ քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին: Զ. Խաչատրյանն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել` պահանջելով Հ. Ղազարյանին վտարել բնակարանից, որը բավարարվել էր: Այնուհետեւ Հ. Ղազարյանը վճիռը բողոքարկել էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որի վճռի համաձայն` վերաքննիչ բողոքը մերժվել էր, եւ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Հիշեցնենք նաեւ, որ Հ. Ղազարյանը արդարության հասնելու համար դիմել էր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին, ում նախաձեռնությամբ մենք վերջերս հետաքննություն կատարեցինք եւ բավական հետաքրքիր փաստեր արձանագրեցինք: Ինչեւէ, քանի որ Ա. Բախշյանը շարունակում է հարցումներ կատարել եւ որոշ պարզաբանումներ ստանալ այս գործընթացին մասնակից բոլոր գերատեսչությունների կողմից` երեկ մենք հանդիպեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանին, ինչպես նաեւ՝ քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչիկ Մուրադյանին: Ներկա էր նաեւ Մյասնիկյան 43/3 հասցեի բնակիչ Հ. Ղազարյանը որդու` Կիմ Ղազարյանի հետ եւ բավականին երկար տեւած քննարկումը, կարելի է ասել, արդյունավետ էր: Նախ Գ. Մելքումյանը եւ Հ. Մուրադյանը մեզ ներկայացրին քաղաքապետարանում առկա արխիվային բոլոր փաստաթղթերը, այնուհետեւ ծանոթացան նաեւ Հ. Ղազարյանի մոտ եղած փաստաթղթերի հետ: Ինչ վերաբերում է Մյասնիկյան 43/3 հասցեին, որը 2007-ից սկսած վերանվանվել է Գոգոլի փ. 72/2, ապա Հ. Մուրադյանն այս հանգամանքը հիմնավորեց ՀՀ Երեւանի քաղաքապետարանի «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» պետական փակ բաժնետիրական ընկերության տեղեկանքով, որտեղ մասնավորապես ասվում է` «Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական պրն Հ. Մուրադյանի կողմից 11.06.2007թ. հ. 04/2414 գրությամբ ներկայացված պետական սեփականություն ճանաչվող շինություններին հասցեներ տրամադրելու վերաբերվող ցանկի 8-րդ տողում Զ. Խաչատրյանի կողմից Գոգոլի փողոցին հարակից կառուցված բնակելի տանը, տեղագրական հանույթի համաձայն, Երեւանի քաղաքապետարանի «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲ ընկերության 13.06.2007թ. հ. 20/2 Ե 101 գրությամբ տրամադրվել է «Գոգոլի փողոց, հ, 72/4» հասցեն: Վերոհիշյալ բնակելի տունը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում, Գոգոլի փողոցին հարող տարածքում, եւ դեպի Մյասնիկյան պողոտայից ճանապարհի կամ մոտեցման հնարավորություններ չկան»: Այդուհանդերձ, Հ. Ղազարյանը պնդում է, որ տան շինարարությունն իրականացրել է 1976-ին, եւ այդ տարածքն իրեն է պատկանում: Մինչդեռ, Գ. Մելքումյանը քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ 2008-ին նոտարական վավերացում ստացած հարեւանների հայտարարությամբ Զ. Խաչատրյանն էլ իր հերթին հանդես է եկել, որ այդ տունը կառուցվել է վերջինիս սկեսրայրի` Հովհաննես Խաչատրյանի կողմից: Շուտով փորձագետներ կուղարկվեն այդ տարածք` ճշտելու համար, թե ո՞ր թվականին է տունը կառուցվել, իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ո՞ւմ կողմից է կառուցվել, ապա Հ. Ղազարյանի ձեռքի տակ կան ճկապնակներ (DVD), որոնք ապացուցում են այդ բնակարանում նրա ընտանիքի երկար տարիներ ապրելու փաստը: Գ. Մելքումյանն ասաց. «Զ. Խաչատրյանի հայտնի հիմքով ՀՀ կառավարության հ. 912 որոշմամբ սահմանված կարգով Գոգոլի փողոցի 72/4 հասցեում գտնվող տան եւ զբաղեցրած 2173,38քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երեւանի քաղաքապետի հ. 1812-Ա որոշմամբ ճանաչվել է պետական սեփականություն: Գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել 10.07.2007թ.: Երեւանի քաղաքապետի հ. 2774-Ա որոշմամբ Գոգոլի փողոցի 72/4 հասցեում գտնվող 363,4 քմ ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչվել է օրինական եւ նույն որոշմամբ բնակելի տունը եւ հողամասը օտարվել է Զ. Խաչատրյանին: Կնքված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը կատարվել է 02.10.2007թ.»:
Ինչեւէ, թե՛ քաղաքապետարանի ներկայացուցիչների, թե՛ Հ. Ղազարյանի կողմից ներկայացված փաստաթղթերը խիստ հակասական են, հետեւաբար՝ դրանք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Քննարկման արդյունքում, այնուամենայնիվ, քաղաքապետարանի պաշտոնյաները պատրաստակամություն հայտնեցին Ա. Բախշյանի հետ միասին հաջորդ շաբաթ այցելել ներկայիս Գոգոլի 72/4 հասցե` վիճելի տարածք, եւ փորձել տեղազննման միջոցով, կողմերին լսելով` պարզաբանումներ ստանալ:
Ի դեպ, մեր տեղեկություններով` նախկինում Մյասնիկյան 43/3, իսկ ներկայիս Գոգոլի 72/4 հասցեն գտնվում է 4-րդ գոտում, մինչդեռ այն վաճառվել է որպես 6-րդ գոտի, ինչը նշանակում է, որ վաճառվել է կադաստրային չնչին արժեքով: Քաղաքապետի գլխավոր խորհրդական Հ. Մուրադյանը հերքեց այդ տեղեկությունը եւ խոստացավ հետագայում փաստաթղթերով ապացուցել, որ այն չի համապատասխանում իրականությանը: