Նկարների գողությունը՝ օրինաչափություն

04/04/2009

Հայաստանում գործող պատկերասրահներից վերջին 10-15 տարիներին ավելի են հաճախակիացել գողությունները:

Դեռեւս 2004թ. ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ էր կատարել Հայաստանի ազգային պատկերասրահում, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Ազգային գրադարանում, Մատենադարանում, Հանրագիտարանում, Ցուցահանդեսային կենտրոնում, ԵՊՀ-ում եւ այլուր: Դատախազության ներկայացուցիչը հայտարարել էր, որ կառավարության ընդունելությունների տնից անհետացել էր 2 ստեղծագործություն` Ռ. Էլիբեկյանի «Դերասանուհիների հանգիստ» (այդ ժամանակ` 1800 դոլար արժողությամբ), Ա. Խոջոյանի «Հեթանոս ծես» ($1200) եւ ՀՀ Արտգործնախարարությունից` Ա. Շաբանյանի «Մայրամուտ ծովի վրա» ($1000) աշխատանքները: Դատախազությունը գտնում է, որ պատճառը ուժեղացված պահակային ռեժիմի բացակայությունն է: Երեւան քաղաքի գրադարաններից եւ թանգարաններից կորել էին 21 հնատիպ գրքեր: 2001թ. Ազգային պատկերասրահում ստուգող հանձնաժողովն արձանագրել էր 108 կորուստ: Դրանց մեջ էին Հովնաթանյանի, Այվազովսկու, Բաշինջաղյանի, Սարյանի, Բաժբեուկ-Մելիքյանի, Իսաբեկյանի, Խոջաբեկյանի, Հակոբյանի, Թերլեմեզյանի ստեղծագործությունները: Ընդ որում` Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի «Հրաձգարան» նկարի գողության փաստերով Գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ: Փորձաքննությունների արդյունքում բացակայող արվեստի գործերի շուկայական արժեքը այդ ժամանակ գնահատվել է 55-60 մլն դրամ: Պատկերասրահի (որը մարզերում ունի 13 մասնաճյուղեր, եւ բոլորն էլ վատթար վիճակում են) Դիլիջանի մարզային թանգարանից ժամանակին գողացված Այվազովսկու 3 կտավները հայտնաբերվել էին «քայքայված վիճակում»: Ալավերդու քաղաքապետարանը պատկերասրահի մասնաճյուղի շենքը հանձնել էր ինչ-որ բանկի, եւ ցուցանմուշները պատսպարվել էին մի սենյակում:

Մեծագույն գեղանկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ՌԴ Գեղարվեստների ակադեմիայի անդամ, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դստեր` նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի` Երեւանի Տերյան փողոցում գտնվող բնակարանից 2003թ. օգոստոսին դարձյալ «անհայտ անձինք» գողացան նկարչի համաշխարհային 21 գլուխգործոցները: Այդ հանցագործությունը այդպես էլ չբացահայտվեց: Ծանր ապրումներից եւ իրավիճակի անկարողությունից` Լ. Բաժբեուկ-Մելիքյանը հիվանդացավ եւ 2005թ. մահացավ: Ա. Բաժբեուկ-Մելիքյանի պես նկարիչն, ի դեպ, ՀՀ-ում չունի տուն-թանգարան, այդ պատճառով նրա աշխատանքների մի մասը դստեր տանն էին պահպանվում:

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2005թ. տվյալներով գողացված եւ անհետացած էին համարվում մշակութային 46 արժեք: Դրանից 29-ը Ա. Բաժբեուկ-Մելիքյանի գործերն են: Բացի այդ՝ գողացվել էին Այվազովսկու` 3, Վրուբելի` 1, ռաֆայելյան դպրոցի` 1, Շիշկինի` 1, Սուդովսկու` 1, Բաշինջաղյանի` 1, Սարյանի՝ 7 գործեր, ձեռագիր Ավետարան` 1691թ. Նահապետ քահանայի: Սարդարապատի թանգարանից անհետացել էին մեկ տասնյակից ավելի գորգեր: Եվ սա դեռ ամբողջական ցանկը չէր: Այդ կապակցությամբ Պատկերասրահի եւ Մ. Սարյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանն ասել էր, որ անհետացած համարվող 11 կտավների նոր տերերը հայտնի են: Պարզապես իրավապահ մարմինները դրանց հայտնաբերման ուղղությամբ այնքան էլ նախանձախնդիր չէին: Ի դեպ, Մ. Սարյանի տուն-թանգարանի ներկայիս տնօրեն Ռուզան Սարյանը 2007թ. Շ. Խաչատրյանին հրապարակավ մեղադրել էր կեղծումների մեջ. «Կեղծվում են Սարյանի կտավները, եւ կտավների տակ Շ. Խաչատրյանի ստորագրությունն է` որպես փորձագետի: Կեղծ կտավներ են հայտնվել կանադական մասնավոր հավաքածուներում: Կեղծ կտավներ են հայտնվել անգամ Սոտբիսի աճուրդում»:

Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի գողացված մշակութային արժեքներով զբաղվող մասնագետը 2005թ. հայտարարել էր, որ պաշտոնապես Ինտերպոլով միջազգային հետախուզման մեջ է ՀՀ-ից անհետացած մշակութային 36 արժեք, քանի որ մյուսները կամ հաշվառված չէին, կամ էլ չունեին լուսանկար ու մանրամասն նկարագրություն, ինչը հայտնաբերումը դարձնում է գրեթե անհնար: Ինտերպոլի փնտրտուքները հազվադեպ են հաջող ավարտ ունեցել: Այդ եզակի օրինակներից մեկը հիշենք. 1996թ. Մոսկվայի աճուրդում հայտնաբերվել է Պատկերասրահից գողացված Այվազովսկու «Ծովը լուսընկա գիշերին» կտավը, որը վերադարձվել է Հայաստանին: Միջազգային հեղինակավոր աճուրդներում եւ արվեստի տեղական սեւ շուկայում հայկական մշակութային արժեքների պահանջարկն օր օրի մեծանում է: 2005թ. դեկտեմբերի 1-ին Լոնդոնում վաճառվելիք Այվազովսկու նկարներից մեկի մեկնարկային գինը 480.000 ֆունտ ստեռլինգ է եղել: 2008թ. հունիսին Լոնդոնի «MacDougallգs» աճուրդային տնից անանուն մի գնորդ ձեռք էր բերել Մարտիրոս Սարյանի 7 (6 գեղանկար եւ 1 ջրաներկ) աշխատանքներից բաղկացած հավաքածուն ամենաբարձր գնային արժեքով` 1,2 մլն դոլարով (600.000 ֆունտ ստեռլինգ): «Արագած լեռը ամռանը» կտավը գնահատվել էր 440-600.000 դոլար, «Արագածը անձրեւոտ օրին»` 80-120.000 դոլար:

Երեկ փորձեցինք ճշտել նաեւ արվեստի հայաստանյան սեւ շուկայում Հրազդանի մասնաճյուղից գողացված նկարների հեղինակների մոտավոր գները: Իհարկե, դրանց արժեքը կախված է չափերից, նյութից (կտավ, ստվարաթուղթ, տեմպերա, յուղաներկ, եւ այլն), եւ այն, թե նկարչի որ շրջանի աշխատանք է: Այսպես. Մ. Սարյանի 1960-ականներ շրջանի աշխատանքների գները սկսվում են 50-60.000 դոլարից, իսկ 1910թ.-36թթ.` վաղ, եգիպտական մոտիվներով շրջանի գործերը` 1մլն դոլար եւ ավելի: Հ. Հակոբյանինը` 5-10.000 դոլար, Փ. Թերլեմեզյանի նկարների գները սկսվում են 25.000 դոլարից, Ս. Աղաջանյանի նկարների գները սկսվում են 10-15.000 դոլարից, Ս. Առաքելյանի աշխատանքների գները` 7-10.000 դոլարից, Մ. Ասլամազյանի արեւելյան թեմաներով նկարների գները 10.000 դոլարից ավելիի են հասնում, Գեւորգ Բաշինջաղյանը` 30.000-200.000 դոլարի, Խ. Եսայանը` 2-4000 դոլարի: Նման արժեքների կորուստը երբեք պատահականություն չի կարող լինել, այն գիտակցված է: Մեր երկրից հափշտակված մշակութային արժեքների այս «համեստ» թվաբանությունը պայմանավորված է ոչ միայն այն փաստով, որ մեր իրավապահները չեն զբաղվել այդ գործով, այլ որովհետեւ այդ երեւույթի ետեւում մեծ ուժեր են գործում: Եվ շատ հնարավոր է, որ այս 18 նկարներն էլ այլեւս ՀՀ-ում չեն. ինչպեսեւ եղավ Ա. Բաժբեուկ-Մելիքյանի կտավների գողության դեպքում` ՀՀ-ից տեղափոխվեցին, ապա գողության մասին աղմուկը բարձրացրին: