Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Եղերդակը (ցիկորի)` 100 ցավի դեմ
Նրանք, ովքեր սիրում են քաղաքից դուրս գնալ, հնարավոր է ճանաչեն բարձր, կապույտ ծաղիկներով ու տարածված տերեւներով այս բույսը: Բանջարանոց ունեցողներից շատերն այն համարում են մոլախոտ եւ անխնա պոկելով դեն են նետում: Իհարկե, եթե իմանան վերջինիս օգտակարության մասին` շատ լավ կվերաբերվեն: Նրա տերեւները կարող են շատ լավ համեմունք ծառայել կանաչ աղցանների, մսային ճաշատեսակների ու սոուսներին համար: Սննդին հետաքրքիր համ հաղորդելու հետ մեկտեղ՝ այն հարուստ է նաեւ B խմբի վիտամիններով, որ անհրաժեշտ են նյարդային համակարգի նորմալ աշխատանքի, առողջ քնի եւ բարձր տրամադրության համար:
Իհարկե, առաջին հերթին եղերդակի հարստությունը նրա արմատն է: Նրա երկար ու հաստ արմատը հողի մեջ կարող է խորանալ մինչեւ կես մետր, որի պատճառով ժողովրդական բժշկության մեջ այն հայտնի է որպես «առնետի արմատ»: Բժիշկները եղերդակը բարձր են գնահատում նրանում եղած ինսուլինի բարձր տոկոսի համար, որը լավացնում է օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության պրոցեսները, ապահովում է նորմալ մարսողությունը եւ նպաստում է ավելի կիլոգրամներից ազատվելուն: Այն հատկապես օգտակար է շաքարային դիաբետով տառապողներին: Հին Հռոմում եղերդակն օգտագործվում էր մարսողությունը լավացնելու նպատակով, իսկ Եգիպտոսում այն օգտագործվում էր որպես հակաթույն, ասենք, կարիճի կծելու դեպքում: Եղերդակից կարելի է նաեւ թեյ պատրաստել: 1 թեյի գդալ եղերդակի արմատների վրա լցնում ենք 1/4 լիտր սառը ջուր, եռման աստիճանի հասցնելով թողնում ենք 2 րոպե, ապա քամում այն եւ խմում: Մի քիչ քաղցրություն տալու համար կարելի է նաեւ մի փոքր մեղր լցնել:
Եղերդակի թուրմ ընդունում են նաեւ փայծաղի հիվանդության դեպքում: 20 գ եղերդակի աղացած արմատները եռացնել 1 բաժակ եռջրով, թրմել 1 ժամ ու ընդունել 2 ճաշի գդալից, օրը 3 անգամ:
Ժողովրդական բժշկությունը նաեւ համարում է, որ եղերդակը գերազանց միջոց է երիկամների ու լեղապարկի քարերից ազատվելու համար: Թուրմը հանդիսանում է միզամուղ եւ խորհուրդ է տրվում զարկերակային բարձր ճնշում ունեցողներին:
Լյարդի հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում 2 ճաշի գդալ եղերդակը եռացնել 0,5լ ջրով, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր եւ 1 թեյի գդալ մրգային քացախ: Թուրմն ընդունել օրվա ընթացքում եւ տաք վիճակում` առանց սահմանափակումների: Եղերդակում եղած նյութափոխանակությունը կարգավորող նյութերի շնորհիվ կարելի է պայքարել ճարպակալման դեմ: Նրանց, ովքեր ուզում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտելուց առաջ խմել կես բաժակ եղերդակի թուրմ (1 ճաշի գդալ աղացած արմատները եւ կես լիտր ջուր):
Իսկ ահա մեր մշտական ընթերցող Ջուլիետա Սահակյանը խորհուրդ է տալիս եղերդակն օգտագործել սուրճի փոխարեն: «Եղերդակի արմատների փոշով սուրճը վաճառվում է դեղատներում եւ սուպերմարկետներում: Այն արագ լուծվում է եռացրած ջրի ու կաթի մեջ: Վերցնել 1-2 գդալ այդ փոշուց, լցնել գավաթի մեջ՝ ավելացնելով եռջուր, քիչ շաքար եւ ըստ ճաշակի կաթ ու խմել: Եղերդակի արմատները չեն պարունակում կոֆեին եւ չեն բարձրացնում զարկերակային ճնշումը»: Տիկին Ջուլիետան առաջարկում է մի հետաքրքիր բաղադրատոմս` աղի փոխարեն: «Բոլորս էլ գիտենք, թե աղն ինչ վնասակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրա, այդ պատճառով առաջարկում եմ սեւ աղի պատրաստման բաղադրատոմսը, որն ինքս էլ օգտագործում եմ աղցանների մեջ: Վերցնել 1 կգ տարեկանի հաց: Պինդ մասերը կտրել-հեռացնել` թողնելով փափուկ մասերն, ու մանր փշուրներ անել, խառնել 3 հատ ձու եւ 1 կգ խոշոր աղ: Ստացված զանգվածը ձեռքերով երկար խառնել ու լցնել բամբակյա կտորից կարված պարկի մեջ կամ պարզապես կտորով լավ ծածկել ու հավասարեցնել, որպեսզի խմորի բարձրությունը լինի 3 սմ: Հետո այն դնել ջեռոցի թավայի մեջ ու շուրջը ցանել չորացած կեչու տերեւներ (հոտի համար): Թավան դնել ջեռոցում ու եփել 6 ժամ շատ թույլ կրակի վրա: Վերջինիս եփելու ընթացքում մի քիչ տհաճ հոտ կարող է տարածվել: 6 ժամից հետո հանել ջեռոցից ու սառելուց հանել բամբակյա կտորը` ինչպես կարտոֆիլի կեղեւը: Ստացվում է մուգ շագանակագույն զանգված: Ձեռքով կտրատել որքան հնարավոր է, այնուհետեւ հավանգով մանրացնել, սրճաղացով աղալ ու մաղով անկացնելուց հետո լցնել ապակե տարայի մեջ: Ստացվում է սեւ աղացած պղպեղի նման զանգված: Շատ լավ է աղցանների մեջ օգտագործելու համար»:
Մեր նամակագիրներից մեկը գրում է, որ բժիշկը խորհուրդ է տվել խիստ սահմանափակել աղի օգտագործումը, իսկ դա նրա համար շատ դժվար է: Այդ պատճառով առաջարկում ենք եւս մի քանի աղին փոխարինող տարբերակներ:
Աղի փոխարեն կարելի է օգտագործել տարբեր համեմունքներ` պղպեղ, քացախ կանաչի: Մսի համար պատրաստվող սոուսին կարելի է ավելացնել սխտոր, որ եւ՛ համեղ է, եւ՛ օգտակար: Սխտորը սազում է նաեւ միջերկրածովյան կծու սննդամթերքների հետ: Մանր կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը առանց երկմտելու կարելի է ավելացնել եփած կարտոֆիլին: Շատ լավ համեմունք է թարխունը, հատկապես ձկան հետ: Շատերն աղի փոխարեն օգտագործում են պատրաստի սոյայի սոուս կամ մանանեխ, դա այնքան էլ ճիշտ չէ: Պատրաստի սոյայի սոուսի ու մանանեխի անընդհատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների խնդիրների: