«Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքը գրավադրված է «Հայէկոնոմբանկում»: Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է «Բջնիի» փաստաբան Արա Զոհրաբյանը: Խոսքը վերաբերում է ավելի քան 200 մլն դրամ կամ շուրջ 550 հազար դոլար գումարն: Սա նշանակում է, որ «Հայէկոնոմբանկը» ի վերջո հետ է ստանալու այդ գումարները: Հիշեցնենք, որ անցած տարի ընկերության նկատմամբ հարկային ծառայության կողմից սահմանված տուգանքի չափը 4.2 մլրդ դրամ կամ 11.5 մլն ԱՄՆ դոլար է (դոլարի ներկայիս փոխարժեքով): Գործարանի սնանկացման գործընթացը դեռեւս չի սկսվել, քանի որ ուժի մեջ չի մտել «Բջնիի» աճուրդը չեղյալ հայտարարելու դատարանի վճիռը: Այսինքն` այս պահին դե յուրե «Բջնիի» սեփականատեր է հանդիսանում Ռուբեն Հայրապետյանը: Ա. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ սնանկացման գործընթաց սկսելուց հետո իրենք ֆինանսական առողջացման ծրագիր կներկայացնեն, որը հնարավորություն կտա վերագործարկել գործարանը եւ արտադրանք թողարկել: Նշենք նաեւ, որ օրենքի համաձայն՝ առողջացման գործընթացը կարող է տեւել մինչեւ 2 տարի: