«Երեւանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական են, սակայն ոչ այնքան, որ դրանով պայմանավորված ակնկալվեն արմատական փոփոխություններ»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց դաշնակցական պատգամավոր, Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածու Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որ ուշադրության կենտրոնում լինեն նաեւ մասնակիցների պրոֆեսիոնալ, մենեջերական հատկանիշները: Այն, որ այդ ընտրություններին մասնակցում են քիչ թվով` 6 ուժեր, Ա. Մինասյանը դրական է գնահատում եւ համարում է, թե դա վկայում է մեր քաղաքական համակարգի առաջընթացի մասին: Ա. Մինասյանը նշեց, որ ՀՅԴ ցուցակն իր կողմից գլխավորելը կուսակցության որոշումն է, ուստի ինքը պարտավոր է դա կատարել: Եվ եթե ՀՅԴ-ն չհաղթի, սակայն ավագանու անդամներ ունենա, ապա կուսակցության որոշման դեպքում ինքը պատրաստ է վայր դնել պատգամավորական մանդատը եւ աշխատել որպես Երեւան քաղաքի ավագանու անդամ: Բայց ՀՅԴ-ն, ըստ Ա. Մինասյանի, ինչպես մյուս ուժերը, ընտրության գնում է 40 եւ ավելի տոկոս ձայն ստանալու ակնկալիքով: (Ի դեպ, նախօրեին Ա. Մինասյանի կուսակցական ընկերը` Արտաշես Շահբազյանն ասել էր, թե քիչ հավանական է, որ ընտրություններին մասնակցող որեւէ ուժ հաղթահարի 40 տոկոսի արգելքը): Մինասյանը հայտարարեց, որ եթե իրենք հաղթեն ընտրություններում, ապա համագործակցության կոչ կանեն ոչ միայն իշխանական ուժերին, այլեւ ընդդիմությանը (եւ՛ ՀԱԿ-ին, եւ՛ Ժառանգությանը), քանի որ իրենց խնդիրը քաղաքի արդյունավետ կառավարումն է: «Ժառանգությունը բավականին ակտիվ է խորհրդարանում, եւ կարծում եմ՝ նրանք համապատասխան կադրեր կունենան նաեւ գործադիր մարմիններում աշխատելու համար»,- ասաց Ա. Մինասյանը` նշելով, որ ընտրություններից հետո քաղաքային կոալիցիա ձեւավորելու եւ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու հավանականությունը բավականին մեծ է: Ինչ վերաբերում է որպես քաղաքական գործիչ իր հայտնիության աստիճանին, ապա ՀՅԴ թեկնածուն հայտարարեց, թե «ավելի լավ է չլինել հայտնի վատ իմաստով, քան քիչ հայտնի լինել լավ իմաստով»: Խոսելով վարչական ռեսուրսը օգտագործելու վերաբերյալ մամուլի հրապարակումների մասին` Ա. Մինասյանը նշեց, որ ինքը նույնպես նման մտահոգություններ ունի, եւ, որ իրեն տեղեկացրել են անձնագրերի տվյալներ հավաքելու, «100 տոկոսանոց ցուցակներ» կազմելու մասին: «Եթե հանրապետականների պատասխանատուները համարում են, որ այսօր ընդհանրապես նման բան չկա, ապա դա դեմագոգիա է»,- ասաց Ա. Մինասյանը: Նա նշեց նաեւ, որ իրենց կուսակցության ներկայացուցիչներն այդ հարցը բարձրացրել են կոալիցիոն գործընկերների առաջ եւ սպասում են պատասխանի: Եթե նման իրավիճակը շարունակվի, ապա, ըստ ՀՅԴ-ականի, կարող են տեղի ունենալ անկանխատեսելի զարգացումներ: «Աստված տա, այդպիսի լարվածությունը հետագայում չհանգեցնի մարտի 1-ի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ բացառենք դա: Իսկ դրա մեջ շատ կարեւոր է նաեւ այսպիսի երեւույթների բացառումը»,- շարունակելով վերջին շրջանում իշխանությունների կողմից շրջանառվող` «մարտի 1-ի կրկնության հնարավորության» թեման, ասաց Ա. Մինասյանը: Հարցին` արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետի հիմնական թեկնածուներից մեկին` Գագիկ Բեգլարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում նշանակելիս խորհրդակցե՞լ է իրենց հետ, եւ արդյո՞ք իրենք առարկել են, Ա. Մինասյանը պատասխանեց, թե նախագահը իրենց կարծիքը չի հարցրել: «Գործող օրենսդրությամբ նախագահը քաղաքապետ նշանակում է վարչապետի առաջարկությամբ: Այդ լիազորությունը իրականացնելու առումով, կարծում եմ, նա կոալիցիոն ուժերի, այդ թվում նաեւ՝ մեզ հետ քննարկման անհրաժեշտություն չի տեսել եւ այդ առումով որեւէ պարտավորություն չունի: Իհարկե ցանկալի չէ, որ նշանակվել է անձ, որը հիմնական մրցակիցներից մեկն է եւ որը երեք-չորս ամսվա կտրվածքով է աշխատանք տանելու: Բայց եթե մեր իրականությունն է այդպիսին, ի՞նչ կարող ենք անել»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը: Ըստ նրա, իրենք այդ պարագայում ստիպված են պայքարել ոչ թե ընդդեմի, այլ հանունի սկզբունքով, «գաղափարաբանությամբ», եւ չքննադատելով` լուծումներ են առաջարկելու: «Ինչ վերաբերում է անձնագրերի տվյալներով ցուցակներ կազմելուն, կարող եմ մեկ բան ասել. ընդհանրապես վարչական ռեսուրս չգործադրելու երաշխիքը կարող է միայն նախագահը տալ: Իհարկե, եթե նայում ենք զուտ օրենսդրության տեսակետից, ապա այդպիսի վարքագծին պետք է դեմ կանգնեն նաեւ ընտրական հանձնաժողովները, բայց, ինչպես շատ բաներ մեր երկրում, այնպես էլ այս հարցը գերագույն գլխավոր հրամանատարից է կախված»,- հայտարարեց Ա. Մինասյանը` հույս հայտնելով, որ Սերժ Սարգսյանը այդպիսի որոշում կկայացնի եւ «հրապարակային կարտահայտի իր դիրքորոշումը»: Անդրադառնալով «Յոթի գործով» քաղբանտարկյալներին ներկայացված մեղադրանքի փոփոխությանը, որի համաձայն՝ հանվել է Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով նախատեսված մեղադրանքը` թողնվել 225-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված մեղադրանքը, Ա. Մինասյանը հայտարարեց, որ ինքը դա բավարար չի համարում: Ըստ նրա, դժվար է այսօր ասել, թե Դատախազությանը ինչքանով կհաջողվի այդ մեղադրանքից ընդհանրապես բացառել քաղաքական տարրը: «Շատ բան կախված է նաեւ մեղադրյալների վարքագծից: Ես նկատի չունեմ, որ իրենք պետք է ընդունեն իրենց մեղքը: Նկատի ունեմ այն, թե իրենք ինչպես կմեկնաբանեն վերաորակավորման արդյունքում իրենց ներկայացվող մեղադրանքների ոչ իրավաչափ կամ իրենց տեսակետից անհամաչափ լինելը»,- ասաց Ա. Մինասյանը: