Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում երեկ վերսկսվեց եւ միանգամից ավարտվեց «7-ի գործով» դատավարությունը:
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածների փոփոխություններից հետո մեղադրող կողմը դատարանից 10 օր ժամանակ էր խնդրել` նոր մեղադրանք ներկայացնելու համար: Եվ հոդվածների փոփոխությունից հետո երեկ տեղի ունեցավ առաջին դատական նիստը, որի ժամանակ մեղադրող Կորյուն Փիլոյանը ներկայացրեց մեղադրական նոր եզրակացությունը: Դրանում արդեն բացակայում էր ՔՕ 300-րդ հոդվածի առաջին մասը` «պետական իշխանությունը յուրացնելը»: 7 քաղբանտարկյալներն արդեն մեղադրվում են միայն ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով (հանվել է նաեւ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքը): Սասուն Միքայելյանի դեպքում պահպանվել է նաեւ ՔՕ 235-րդ հոդվածը` ապօրինի զենք կրելու մեղադրանքը, իսկ Մյասնիկ Մալխասյանի դեպքում` ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մասը` «իշխանության ներկայացուցչին դիմադրելը»:
Երեկ Շանթ Հարությունյանից բացի, դատական նիստին ներկա էին մյուս 6 քաղբանտարկյալները: Նոր մեղադրանքը նրանք ընդունեցին մեծ դժգոհությամբ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղադրական եզրակացությունը լսելուց հետո մոտ 2 ժամով գնաց խորհրդակցական սենյակ: Ս.Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ դատավորի կողմից մեղադրողի միջնորդության բավարարումը դատավարության կողմերի հավասարության սկզբունքի խախտում է: «Մեր պաշտպանյալները առանձին-առանձին միջնորդություն էին ներկայացրել իրենց նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու պահանջով: Չգիտեմ` ո՞ր օրենքով մեղադրողներն արտահերթ իրավունք ունեն, որ առաջինը նրանց ձայն տրվեց: Առաջինը պետք է քննվեր մեր պաշտպանյալների միջնորդությունը»,- ասաց Հովիկ Արսենյանը: Պաշտպանական խմբի մյուս անդամ Մելանյա Առուստամյանն էլ գտնում է, որ դատարանը քողարկված ՔՕ-ի պրիմ 309 հոդվածն է քննել: «Եթե նախորդ նիստի ժամանակ մեղադրող կողմը հայտարարեր, որ այդ հոդվածով է ուզում հետաձգել դատական նիստը, ապա մենք այն ժամանակ մեր առարկությունները կներկայացնեինք: Բայց Փիլոյանը պարզապես խնդրեց հետաձգել նիստը: Դատարանը սովորական հետաձգման միջնորդություն է բավարարել: Դատախազությունը հերթական անգամ խախտում է օրենքի պահանջը»,- ասում է տիկին Առուստամյանն` ավելացնելով, թե ճիշտ կլիներ, եթե մեղադրող կողմը երեկ ընդհանրապես հրաժարվեր մեղադրանքից ու քաղբանտարկյալներին ազատ արձակեր:
Իսկ Մ.Մարտիրոսյանը երկու ժամ անց վերադառնալով` հայտարարեց, որ 300-րդ հոդվածի առաջին մասով քրեական գործի վարույթը կարճվում է: Այդ հոդվածով հետապնդումը դադարեցվում է բոլոր 7 քաղբանտարկյալների նկատմամբ: Դատավորը նաեւ որոշեց քաղբանտարկյալների գործերն առանձնացնել եւ նրանց մասով գործը առանձին-առանձին քննել: Միասին թողեց միայն Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործը, որը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, բայց Շենգավիթի դատարանի շենքում ինքն է շարունակելու քննել: Մյուս քաղբանտարկյալների գործերը նույնպես քննվելու են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում: Միայն Սասուն Միքայելյանի գործն է ուղարկվելու Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Առայժմ պարզ չէ, թե ովքեր են քննելու մյուս 5 քաղբանտարկյալների գործերը:
Այսպիսով, «7-ի գործը», որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի: Իշխանություններն անցած 4 ամիսների ընթացքում հասցրել են հասկանալ, որ այդ 7 քաղբանտարկյալների` Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սուրեն Սիրունյանի, Գրիգոր Ոսկերչյանի ու Շանթ Հարությունյանի միասին անցկացվող դատը հասարակական մեծ արձագանք է ստացել, որ այդ դատերը վերածվում են հանրահավաքների ու բողոքի ակցիաների: Եվ ահա 4 ամիս հետո նրանք ոչ թե կատարեցին քաղբանտարկյալներին ազատելու ԵԽ ԽՎ պահանջը, այլ ուղղեցին իրենց «սխալը»` հասարակական արձագանքը չեզոքացնելու եւ մեծ հնչեղություն ստացած գործը մասնատելու միջոցով: Բացի այդ, դատավորի այդ որոշումը հակասում է մեղադրական եզրակացության տրամաբանությանը: Կ.Փիլոյանն իր նոր մեղադրական եզրակացության մեջ նշեց, թե 7 քաղբանտարկյալները զանգվածային անկարգություններ են կազմակերպել` նախնական համաձայնության գալով: Այս «դրույթը» ենթադրում է, որ նրանք պետք է մեկ ընդհանուր գործով մեղադրվեին: Իսկ քաղբանտարկյալների պաշտպաններն ու հարազատները երեկ անակնկալի էին եկել դատավորի, ավելի ճիշտ` իշխանությունների այդ որոշումներից:
«Երեւի մենք սպասենք նոր անակնկալների: Օրենքը, օրինականությունը ոտնատակ տալով գնում են, անհասկանալի է, թե ուր: Որպես իրավաբան ես արդեն չեմ պատկերացնում` այս մասնագիտությունը այստեղ տեղ ունի՞, թե՞ ոչ: Բոլորի մասերը առանձնացրեցին, բայց չէ՞ որ քիչ առաջ հենց որ մեղադրանք առաջադրեցին, գրած էր, որ այս մարդիկ նախնական համաձայնության գալով՝ կազմակերպել են զանգվածային անկարգություններ: Եթե այսպես է, ինչի՞ հիման վրա դատարանն այդպիսի ահավոր, ապօրինի որոշում կայացրեց: Եվ հատկապես տարօրինակը այն էր, որ Սասունի մասն անջատել, ուղարկել են Կոտայք: Այնտե՞ղ էլ զանգվածային անկարգություն է կատարել: Նույն տրամաբանությամբ Կոտայք պետք է ուղարկեին նաեւ Ոսկերչյանի գործը: Չգիտես` ծիծաղե՞ս, թե՞ լացես, սա մի ամբողջ դժբախտություն է: Միանշանակ կբողոքարկենք այս որոշումը»,- հայտարարեց Հ.Արսենյանը:
«7-ի գործ» չկա, ուրեմն մեծ աղմուկ էլ չկա: Առանձին են դատում, որ հասարակության ու լրատվամիջոցների ուշադրությունը ցրեն: Սա քայլ է, որը տիպիկ է մեր իշխանություններին»,- դատարանի որոշումն այսպես գնահատեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
«7-ի գործից» առանձնացվել է նաեւ տուժողների իրավահաջորդների մասը: Քանի որ 225-րդ հոդվածի 3-րդ` «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունները» մասը այլեւս գոյություն չունի, 10 սպանվածների գործը նույնպես անջատվում է: Դրա նախաքննությունը կշարունակվի «Մարտի 1-ի» մայր գործով կամ` առանձին: «Չգիտենք, թե ինչ ենք անելու, երեւի թե դիմենք դատարան, հատուկ միջոցներ կիրառած 4 ոստիկաններին պատասխանատվության կանչելու համար: Եթե առանձնացնում էին, դա կարող էին անել 1 տարի առաջ, հիմա արդյունքի հասած կլինեին: Հիմա նորից 1-2 տարի պիտի սպասենք: Մենք չենք սպասելու, դիմելու ենք բարձր ատյաններին, եվրոպական ատյաններին: Ես խիստ կասկածում եմ, որ մեր երեխաների սպանությունները կբացահայտվեն, որ մարդասպան ոստիկանները կկանգնեն դատարանի առաջ: Ես խիստ մտահոգված եւ վիրավորված եմ: Այսօր ես դատավորին ասում եմ` հիմա ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, պատասխանում է, թե ինձ հետո կասեն»,- ասում է զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:
Զոհերի հարազատները դատարանում բազմիցս հայտարարել են, որ իրենց որդիների սպանության հետ քաղբանտարկյալները որեւէ կապ չունեն: Նրանք առանձին դատավարություն էին պահանջում մարտի 1-ին հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների մասնակցությամբ: Իսկ «Չերյոմուխա-7» կոչվող հատուկ միջոցից սպանվեցին երեք երիտասարդներ` 23-ամյա Տիգրան Խաչատրյանը, 29-ամյա Գոռ Քլոյանը եւ 35-ամյա Արմեն Ֆարմանյանը: «Իմ կարծիքով՝ այս որոշումից հետո իմ որդու սպանությունը բացահայտելու գործը ոնց որ թե քնում է: Հատուկ քննչական ծառայությունը նորից է նախաքննություն անելու: Մեկ տարուց ավելի է՝ նախաքննություն է անում: Եթե 4 ոստիկանները հայտնի են, ու նորից նախաքննություն են անում, ինձ հետաքրքիր է, թե հիմա ի՞նչ պետք է անեն: Ես կարծում եմ, որ լավագույն տարբերակն այն կլինի, որ այս գործը առանձին քննեն ու ներգրավեն նաեւ հատուկ միջոցներ կիրառած 4 ոստիկաններին»,- ասում է զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Իսկ Մ.Մարտիրոսյանը երեկվա նիստի վերջում հայտարարեց, որ Ա.Արզումանյանի եւ Ս.Սիրունյանի մասով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին: