Մնաց բացեն

03/04/2009

Ավարտվել է «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի վերակառուցումը, որը միակ ուղիղ ցամաքային հաղորդակցային ուղին է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, եւ որը վերակառուցման համար փակվել էր 2006թ. հուլիսին: Այդ մասին հաղորդել է ՌԴ Անվտանգության համերկրային ծառայության Հյուսիսային Օսիայի Սահմանապահ վարչության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոլոդը: «Նոր անցակետը կառուցվել է՝ նախկինում առկա բոլոր թերամշակումների եւ թերությունների հաշվառմամբ, առաջավոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Արդեն այժմ կասկած չի հարուցում, որ տեխնիկական հագեցվածության առումով դա Հարավային ֆեդերալ օկրուգում կլինի առաջին նման օբյեկտը»,- ասել է Սոլոդը: Նրա խոսքով, ներկայումս ստեղծված է միջգերատեսչական հանձնախումբ, որն, ինչպես սպասվում է, արդեն ապրիլի վերջին կընդունի անցակետը: «Ինչ վերաբերում է «Վերին Լարս» անցակետի բացման հարցին, ապա դա կլուծվի Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո»,- նշել է նա: Սոլոդը նաեւ հաղորդել է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» միջին թողունակությունը երկու ուղղություններով կկազմի օրական շուրջ 7 հազար մարդ, մինչեւ 50 ավտոբուս եւ մինչեւ 900 ավտոմոբիլ: «Այդ թողունակությունը կապահովի, այդ թվում, անցակետով 12-գոտիանոց երթեւեկությունը՝ վեց գոտի ելքի եւ նույնքան՝ մուտքի համար»,- նշել է ռուս պաշտոնյան: