«Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանի բացումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նման կարծիք է հայտնել բրիտանական LINKS ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամութը: Վերջինս գտնում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը կնպաստի LՂՀ հարցի կարգավորմանն ու հակամարտության կողմերի առաջընթացին` նպատակին շուտափույթ հասնելու համար: «Հայաստանը եւ Թուրքիան մի շարք չլուծված խնդիրներ ունեն, որոնք բացարձակապես կապ չունեն LՂ հակամարտության հետ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը կարող են կարեւոր ու դրական իրադարձություն լինել ամբողջ տարածաշրջանի համար, ու վաղ թե ուշ տարածաշրջանի բոլոր երկրները դրանից օգուտ կունենան»,- ասել է բրիտանական կազմակերպության ղեկավարը: Նա նշել է, որ Թուրքիան չի կարող լիարժեքորեն նպաստել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը, մինչեւ դիվանագիտական հարաբերություններ չունենա ՀՀ-ի հետ: Ըստ Դենիս Սամութի, Կովկասում կայունության ու համագործակցության Թուրքիայի նախաձեռնությունը չի կարող արդյունավետ լինել, քանի դեռ պաշտոնական Անկարան նորմալ դիվանագիտական հարաբերություններ չունի տարածաշրջանի երկրներից մեկի հետ: Բացի այդ, LINKS-ի ղեկավարի կարծիքով, սահմանի բացումը ՀՀ-ին մանեւրելու հնարավորություն կտա եւ կնվազեցնի երկրի կախվածությունը ՌԴ-ից: Դենիս Սամութը Ադրբեջանի քաղաքագետներին կոչ է անում հայ-թուրքական սահմանի բացմանը վերաբերվել` հաշվի առնելով այսօրվա իրողությունները: Մյուս կողմից, նա գտնում է, որ հայ որոշ մասնագետներ եւս հեռու են իրականությունից: «Նրանք գտնում են, որ Հայաստանը կարող է քաղաքական ու տնտեսական նորմալ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ՝ առանց ԼՂՀ խնդրի կարգավորման գործում առաջընթացի: Դա տրամաբանական չէ»,- հայտարարել է նա: