Երեկ ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Նրան ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, եւ այլք: Առաջին օրը ՀՀ նախագահն այցելել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, Կապանի Լեռնահարստացուցիչ կոմբինատի «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերություն:
Այցի երկրորդ օրը Ս. Սարգսյանն այցելեց Սյունիք գյուղական համայնքի «Արմեն եւ Սարմեն» անասնաբուծական ֆերմա: 2000թ. հիմնադրված ընկերությունն իր հաշվեկշռում ունի կաթի վերամշակման փոքր արտադրամաս, երկու անասնաշենք: 2007թ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն ընկերությանը տարաժամկետ վճարման պայմանով հատկացրել է Ավստրիայից ներկրված 108 գլուխ սիմենթալ ցեղի տոհմային երինջներ: Ընկերությունը սեփական միջոցներով ձեռք է բերել եւս 181 գլուխ տոհմային երինջ: Կենդանիների եւ սարքավորումների հայթայթման նպատակով ներդրվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Վերջին 14 ամիսների ընթացքում ներկրված երինջներից ստացվել է 234 հորթ եւ արտադրվել է ավելի քան 540 տոննա կաթ: Իրացվել է ավելի քան 120 մլն դրամի կաթնամթերք:
Սեփական կերարտադրությունը կազմակերպելու նպատակով ընկերությունը մշակում է 467 հա վարելահող (ցորեն, գարի, եգիպտացորեն, առվույտ, կորնգան): Այժմ ընկերությունը հիմնում է կաթի վերամշակման ժամանակակից ձեռնարկություն, որի շինարարական աշխատանքների եւ սարքավորումների ձեռքբերման համար կներդրվի եւս 750 մլն դրամ: Նախատեսվում է զարգացնել նաեւ խոզաբուծությունը եւ հիմնել մսի վերամշակման արտադրամաս, որը հնարավորություն կտա միայն տեղական մսից ստանալ երշիկեղեն եւ այլ արտադրատեսակներ:
«Արմեն եւ Սարմենի» 101 աշխատակիցների ամսական միջին աշխատավարձը 101 հազար դրամ է: Արտադրությունը մեծացնելու պարագայում եւս 170-180 աշխատատեղ կստեղծվի: Ընկերության գործադիր տնօրեն Սարմեն Սարգսյանի խոսքերով` մսակաթնատու ցեղատեսակներն օրական 1 կգ 200 գրամ քաշի աճ են ապահովում, մոտ 7-8 հազար լիտր կաթ` հարուստ սպիտակուցային բաղադրությամբ: Ընկերությունն արտադրում է թթվասեր, մածուն, կաթնաշոռ, պանիր, կեֆիր: Սպառումն իրականացվում է հենց մարզի ներսում:
Սերժ Սարգսյանը այցելեց նաեւ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ, որն ընդգրկում է Որոտան գետի 178 կմ երկարությամբ տարածքը, իսկ անկումը կազմում է 1223 մետր: Համակարգը բաղկացած է երեք կայաններից, դրվածքային հզորությունը 404 մվտ է, որից «Տաթեւ» հէկ-ն ունի 3 ագրեգատ, հզորությունը՝ 157.2 մվտ, ճնշումը՝ 568.8 մ, տարեկան արտադրանքը` 670 մլն Կվտ/ ժամ: ՀԷկ-ը թողարկվել է 1970թ.: «Շամբ» հէկ-ն ունի 2 ագրեգատ, հզորությունը՝ 171մվտ, ճնշումը՝ 267.7մետր, տարեկան արտադրանքը՝ 330 մլն Կվտ/ժամ, թողարկվել է 1978 թվականին: «Սպանդարյան» հէկ-ը 2 ագրեգատով ունի 76 մվտ հզորություն, 295 մետր ճնշում, 157 մլն Կվտ/ժամ տարեկան արտադրանք, թողարկվել է 1989թ.:
Համակարգի կայանները կարեւոր նշանակություն ունեն ՀՀ էներգահամակարգի էլեկտրաէներգիայի արտադրության եւ հատկապես օրվա ծանրաբեռնված ժամերին պահանջարկը ծածկելու համար: «Տաթեւ» հէկ-ում 2004-2005 թթ., ՏԱՍԻՍ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում երեք տուրբինների արագության կարգավորիչները փոխարինվել են ժամանակակից սարքավորումներով: Աշխատանքները կատարվել են ավստրիական «Voith Siemens» ընկերության միջոցով եւ կազմել են 2.6 մլն եվրո: Աշխատողների միջին ամսական աշխատավարձը 109 հազար դրամ է, երեկվանից պետք, բարձրանար 30 տոկոսով:
ՀՀ նախագահը եղավ նաեւ «VH Stone» քարամշակման գործարանում, որը հիմնադրվել է 2000թ.: Արդյունահանում եւ մշակում է բնական քարեր: Տեխնոլոգիական սխեման հնարավորություն է տալիս կազմակերպել անթափոն արտադրություն, քարի մնացորդներից ստացվում է խիճ, իսկ ջրամաքրման արդյունքում ստացված քարի փոշուց` արհեստական սալիկներ: Ներկայումս աշխատողները 93-ն են, միջին ամսական աշխատավարձը` 89 հազար դրամ: Առաջիկա 6 ամիսների ընթացքում կապահովվի 200-230 աշխատատեղ: Մշակվող քարաբեկորները արդյունահանվում են ընկերության տնօրինմանը հանձնված հանքավայրերից: Հիմնականում շահագործվում է երկու հանքավայր, եւս 2-ինը կսկսվի երեք ամսից, ինչի արդյունքում Սիսիանի տարածաշրջանի չորս գյուղական համայնքներում` Շաքի, Շենաաղ, Բռնակոթ, Արճիս, կստեղծվի եւս 70-80 աշխատատեղ: Գործարանի տնօրեն Գառնիկ Հովակիմյանը նշել է, որ 800 մլն դրամից ավելի ներդրումներ են կատարվել գործարանի վերակառուցման համար: 2009թ. նախատեսվում է նաեւ ստեղծել քարերի ձեւավոր մշակման արտադրամաս (աստիճաններ, լուսամուտագոգեր, վանդակաճաղեր, սյուներ, սյունակալներ): Այդ նպատակով իտալական առաջատար գործարաններից մեկում պատվիրվել են առաջին սարքավորումները: Քարի գործարանի արտադրանքի` գրանիտ, մարմար, տուֆ, տրավերտին, մոտ 75-80 տոկոսը նախատեսվում է արտահանել Ռուսաստան եւ Եվրոպա:
«Այցելությունս սկսել եմ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից: Կոմբինատն ամբողջովին ոչ միայն աշխատում է, այլեւ զարգացման ծրագիր է իրականացնում: Ամենայն խորությամբ ծանոթ եմ նաեւ Ագարակի ու Կապանի կոմբինատների ներկա իրավիճակին: Իմ գնահատականը միանշանակ է` Քաջարանի կոմբինատի այսօրվա վիճակն արդյունք է սեփականատերերի, կոմբինատի ղեկավարության քրտնաջան ու բեղմնավոր աշխատանքի, եւ չեմ կասկածում, որ դժվարին որոշումներ են կայացվել: Եզրակացությունս միանշանակ է` բոլոր 3 խոշոր ձեռնարկություններն ի վիճակի են եւ պետք է աշխատեն: Պետք է աշխատեն նույնիսկ զրոյական շահութաբերության պայմաններում` հասկանալով, որ ոչ միայն կարեւոր սոցիալական խնդիր են լուծում, այլեւ վաղվա շահույթներն են վաստակում: Համոզված եմ, եթե Քաջարանի կոմբինատը 1990-ական թթ., 2000թ. սկզբներին դժվարություններով չաշխատեր, վերջին 5-6 տարիների հսկայական շահույթները չէր ունենա: Ճգնաժամի պատճառով պղնձի եւ մոլիբդենի գների աննախադեպ կտրուկ անկման հետեւանքով, երբ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այդ մետաղների գները նվազեցին 3-3.5 անգամ, մեր հանրապետության ոչ միայն այս ձեռնարկությունները հայտնվեցին ծանր վիճակում, որովհետեւ բոլորին քաջ հայտնի է, որ արտահանման ծավալների մի զգալի մասը կապված է հենց այս կոմբինատների աշխատանքների հետ, եւ բնականաբար, ոչ միայն արտահանման, նաեւ հարկերի ու պետական այլ եկամուտների խնդիրներ են առաջանում»,- ասել է Ս. Սարգսյանը` ընդգծելով` «որեւէ աշխատավարձ, թոշակ, սոցիալական նպաստ չի կրճատվելու, եւ ոչ էլ որեւէ խոչընդոտ է լինելու դրանք ճիշտ ժամկետին մարդկանց հասցնելու: Ինչ պայմաններ ուզում է ստեղծվեն` ուսուցչի, ոստիկանի, բանվորի աշխատավարձը մենք ժամանակին պետք է վճարենք, թոշակառուն իր թոշակը ժամանակին պետք է ստանա, եւ այս խնդիրներում որեւէ ձգձգում մեր կողմից գնահատվելու է որպես անբարեխիղճ աշխատանք: Պետական բյուջեն տրամադրում է, հետեւաբար, այն պետք է կարճ ժամկետում հասցվի հասցեատիրոջը: Սա է մեր կարեւորագույն խնդիրն այսօր»:
Մ. ՄԱՐԳԱՐՅԱՆ