Էլի նվազել է

03/04/2009

Հայաստանի Կենտրոնական բանկի` երեքշաբթի հրապարակած տեղեկությունների համաձայն, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին բանկային համակարգի միջոցով մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 169 միլիոն դոլար, ինչը գրեթե 20 տոկոսով ցածր է 2008 թվականի նույն ժամանակահատվածում կատարված տրանսֆերտների ծավալից: Նշված ցուցանիշը ներառում է ինչպես մասնավոր, այնպես էլ կոմերցիոն տրանսֆերտները: Ընդ որում, ոչ առեւտրային տրանսֆերտների ծավալը նվազել է ավելի քան 31 տոկոսով: Հունվար-փետրվար ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,7 տոկոսով, ըստ հրապարակված տվյալների, նվազել է նաեւ ՀՆԱ-ն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրկնակի նվազել է նաեւ ֆիզիկական անձանց կողմից երկրից դուրս փոխանցումների ծավալը` կազմելով 86 միլիոն դոլար:

«Ըստ էության, այդ տրանսֆերտների չափը մի փոքր ավելի է, քան 2007 թվականի մեր տրանսֆերտները: Այսինքն` եթե մեզ թույլ տանք մի քիչ ոչ ճշգրիտ ձեւակերպումներ, մեր 2008 թվականի ձեռք բերած աճը տրանսֆերտների բնագավառում մենք ընդամենը կորցրել ենք: Բայց ոչ ավելին: Մենք վերադարձել ենք 2007 թվականի տրանսֆերտների մակարդակին»,- «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքերով, 2009 թվականի ընթացքում տրանսֆերտների ծավալների 20 տոկոսանոց անկում էին կանխատեսում նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Այնինչ, դա զուտ մեխանիկական հաշվարկ է եւ չի ներառում «մարդկանց գրպաններում ծրարներով Հայաստան բերվող գումարները». «Ծրարներով եկող գումարները սկսել էին նվազել անցած տարվանից, որի արդյունքում էր, որ մեր տնտեսության մեջ արդեն զգալի բացասական երեւույթներ նկատվեցին: Գաղտնիք չէ, որ այդ տրանսֆերտների որոշ մասը նաեւ ներդրումային նշանակություն ունի: Մասնավորապես, շինարարության զգալի անկումը անցած տարվա վերջին ամիսների ընթացքում պայմանավորված էր այդ կանխիկ, չարձանագրվող ֆինանսական հոսքերի նվազմամբ»,- ասել է նա: