Իսկ այդ պահին մի պառավ կին…

03/04/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Պետության ղեկավարների առօրյան, թերեւս, ամենահետաքրքիր թեմաներից է: Թեմա, որ կարոտ է լուրջ մշակութաբանական վերլուծության: Խորհրդային մարդու համար ղեկավարի էտալոնը Լենինն էր: Հասարակ մարդիկ հենց նրանից էին ակնկալում թե՛ հասարակական, թե՛ իրենց կենցաղային խնդիրների լուծումը: Մեռած ու չթաղված ղեկավարը հասարակության արագահաս պաշտպանն էր: Մարդու իրավունքների եւ առավել եւս դրանց պաշտպանի կարիք չկար: Ղեկավարի պաշտամունքը համաժողովրդական գործ էր: Այն կերտում էին բոլորը: Անգրագետից մինչեւ մտավորական: Մեր բանաստեղծուհին, օրինակ, մի ոտանավոր ունի, որտեղ նկարագրում է, թե ինչպես ամեն գիշեր, երբ երկիրը խաղաղ քնած է, Լենինը դուրս է գալիս դամբարանից: Դուրս է գալիս ու շրջում բոլոր գործարաններով, ստուգում ամեն մի հաստոց ու գործիք, գոմ ու ամբար: Այսինքն` հասարակական գիտակցության մեջ երկրի իրական ղեկավարը միայն մի գործով է զբաղված` ամեն պահ մտածում է երկրի ու հասարակության շահերի մասին: Անդադրում մտածում ու հոգում է այդ հոգսերը: Անկախ իր ագրեգատ վիճակից: Սա հասարակական ընկալումն է, որն, անկեղծ ասած, կարող է հակասել իրականությանը: Կամ ավելի մեղմ ասած` չհամընկնել իրականության հետ: Անկախ նրանից, թե խոսքը որ պետության ղեկավարի մասին է: Այս ձմռանը, եթե հիշում եք, Եվրոպայի մի հատվածը` մի քանի պետություն, մրսում էր:

Իսկ մյուսը` վախեցած էր: Ռուս-ուկրաինական տարաձայնությունների պատճառով տարանցիկ գազը տեղ չէր հասնում: Մրսող երկրների ցանկում էր նաեւ Ուկրաինան: Այդ երկրի բնակչությունն էլ էր հետեւում լրատվությանը: Հետեւում էր պահ առաջ իմանալու, թե ինչով կավարտվեն պետության ղեկավարների բանակցությունները: Բայց սառնամանիքի այդ օրերին, պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն բոլորովին այլ հոգս ուներ: Նա ամենայն մանրամասնությամբ մի կարեւոր օրենքի նախագիծ էր քննարկում: Օրենք, որը պիտի ապահովեր իր երկրի տարածքով չվող թռչունների անվտանգությունը: Թռչունների չվերթի անվտանգությունն անհամեմատ ավելի կարեւոր է, քան մարդկանց բարեկեցությունը: Ղեկավարը հո չի՞ թողնելու իր բուն զբաղմունքն ու գազամատակարարման վերականգնման նման մանր-մունր հարցերով զբաղվի: Ճիշտ այդպիսի վիճակ էր Հայաստանում մարտի 3-ին: Երկրի ֆինանսական համակարգը ցնցվում էր: Լրագրողները որեւէ պատասխանատուի չէին գտնում իրավիճակի մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար:

Պաշտոնական տեղեկատվությունն, իհարկե, երեկոյան պատմեց, թե ինչով էր զբաղված երկրի ղեկավարությունն այդ օրը: Նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, ընդունել էր Կիրսան Իլյումժինովին: Քննարկել էին համաշխարհային շախմատի զարգացման հարցեր: (Անաչառ դիտորդի տեսանկյունից հարկ է առանձնացնել, որ երկրի գլխավոր քարոզչամեքենան` «Հայլուրն», առաջին անգամ իր թողարկումը չսկսեց նախագահի առօրյայի այդ լուրով): Ակնհայտ է, որ հասարակական խնդիրների հրատապության ու առաջնահերթության մասին հասարակական պատկերացումները երբեք չեն համընկնում պետության ղեկավարների տեսակետների հետ:

Եթե կասկածում եք` կարող եք պաշտոնական հաղորդագրությունների մեջ փնտրել, թե ինչով էր զբաղված մեր վարչապետն ապրիլի 1-ին: Երեկ ՀՀ վարչապետը «մասնակցել է տիեզերական ընդունիչ կայանի գործարկմանը»: Մեկ-երկու օր առաջ ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրապարակեց այս տարվա հունվար-փետրվար ամիսների բյուջեի կատարողականը:

Որեւէ բնութագիր չտալու պարագային էլ, պարտավոր ենք ընդունել, որ տխուր հաշվետվություն էր: Երկու ամիսների կտրվածքով կառավարությունը թերակատարել էր իր իսկ ծրագրային առաջադրանքը: Բյուջեի եկամտային հատվածը հաջողվել էր կատարել մոտ 46 տոկոսով, իսկ ծախսային մասը՝ մոտ 50 տոկոսով: Բայց նման մանր-մունր խնդիրները չպիտի հուզեն կամ շեղեն մեր վարչապետին: Տիեզերական ընդունիչ կայանը շատ ավելի կարեւոր հարց է: Որովհետեւ «ընդունիչ կայանի ստեղծման նպատակը Հայաստանի տարածքի վերաբերյալ ճշգրիտ տվյալների ստացումն է` տիեզերական տեխնոլոգիաների կիրառմամբ»: Կարելի է ենթադրել, որ հետայսու նեոապարանքներ կառուցելու նպատակով հողատարածքների հատկացումը կատարվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով: Ճիշտ «Եռանկյունի» ֆիլմի ջութակահարի նման, որ «գիտութունով ջութակ կչալեր»: Թե որքանով է այն անհրաժեշտ ու որքան է արժենալու այն տնտեսական ճգնաժամի պահին՝ այլ հարց է: Պետության ու բնակչության ռազմավարական կարիքների մասին օրնիբուն մտածող ղեկավարի տեսանկյունից` մանր հարց: