Մարդիկ, ովքեր ձեռք մեկնեցին ուրիշի ցավին

03/04/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Կարինեն ապրել է ուզում» հրապարակմանն արձագանքել է Երեւանի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ հրապարակումը 12-ամյա հիվանդ աղջկա` Կարինեի եւ նրա մոր` Մարիամ Պապանյանի մասին էր, որոնք 51.000 դրամ էլեկտրականության պարտքի համար ապրում են անլույս, սոցիալական վատ պայմաններում: Օրեր առաջ մեզ զանգահարեց տիկին Մարիամը եւ տեղեկացրեց, որ հրապարակմանն իսկույն արձագանքել է Մհեր Սեդրակյանը. «Խնդրում եմ, ձեր թերթի միջոցով իմ շնորհակալությունը հայտնեք նման հոգատար մարդուն: Ինձ անմիջապես կանչեցին նրա գրասենյակ: Պրն Սեդրակյանը մանրամասն հետաքրքրվեց իմ աղջկա` Կարինեի առողջական վիճակով եւ հարցուփորձ արեց մեր սոցիալական վիճակի, խնդիրների մասին: Ասաց, որ ձեր թերթի հրապարակումներին միշտ հետեւում, անապահով մարդկանց միշտ օգնում է եւ ուզում է մեզ էլ ձեռք մեկնել: Ծրարով մեծ գումար տվեց ինձ եւ խոստացավ հետագայում նույնպես մեզ օգնել: Նա նաեւ խոստացավ, որ լույսի պարտքի հարցը կլուծի: Ինձ համար էնքան անսպասելի էր նրա վերաբերմունքը, որ չգիտեմ ինչպես երախտագիտությունս հայտնեմ: Եթե հնարավոր է` թերթի միջոցով դա արեք»: Ի դեպ, «Օրրան» կենտրոնից նույնպես Մարիամ Պապանյանին մշտապես օգնում են, իսկ Կարինեն «Օրրանի» սանն է, հետեւաբար՝ բժշկական համապատասխան հսկողության հարցերով զբաղվում է կենտրոնի ղեկավարությունը: Մեր թերթի հունվար ամսվա համարներից մեկում տեղ էր գտել «Ալինան քաղցը հագեցրել է պատուհանագոգերը կրծոտելով» վերնագրով հրապարակումը: Ալինան եւ Ֆայեկը հոգեկան հիվանդություն ունեն, իսկ մայրը` Անյա Մկրտչյանը, աղբարկղերը քչփորելով եւ շշեր հավաքելով էր խնամում երեխաներին: Բաքվի փախստականներ Անյա տատին եւ Ալինային բռնաբարել էին Ֆայեկի աչքի առաջ, ինչից հետո քույր ու եղբայր հոգեկան ծանր ապրումներից խելագարվել էին: Անյա տատիկը մեր զրույցի ընթացքում անընդհատ կրկնում էր` «Ես հիվանդանալու, անկողին ընկնելու իրավունք չունեմ, երեխաներս հիվանդ են, ու իրենց միակ հույսը ես եմ»: Երկու օր առաջ Անյա տատի հարեւանները մեզ տեղեկացրին, որ նա հանկարծամահ է եղել: Անյա տատի թաղման արարողությունը ստանձնել էին նրա հարեւանները, ովքեր մեզ խնդրեցին միջամտել գերեզմանատան հետ կապված հարցերն անվճար կազմակերպելու համար: «Որոշ պետական մուծումներ կան, որոնք մեծ գումար են կազմում, եւ մենք չենք կարող հավաքել այդքան գումար, բոլորս էլ անապահով վիճակում ենք»,- մեզ փոխանցեցին նրանք: Զանգահարեցինք Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ տնօրեն Արտաշես Գաբրիելյանին եւ խնդրեցինք ընդառաջել Անյա տատի հուղարկավորության արարողությունը «Կարմիր բլուր» գերեզմանատանը կազմակերպելու հարցում եւ հաշվի առնելով այս մարդկանց ծայրահեղ անօգնական վիճակը` ազատելու նրանց պետական վճարումներից: Ա. Գաբրիելյանը պատրաստակամություն հայտնեց անմիջապես ընդունել Անյա տատի հարեւաններին եւ խոստացավ ինչպես հարկն է օգնել նրանց: Ավելի ուշ, Անյա տատի հարեւանները մեզ տեղեկացրեցին, որ Ա. Գաբրիելյանը բարի կամք դրսեւորելով` հանձնարարել է Անյա տատի հուղարկավորության հետ կապված բոլոր հարցերը կազմակերպել բացառապես անվճար հիմունքներով: «Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել պրն Գաբրիելյանին` այդ մարդկանց օգնելու հարցում: Անյա տատի երեխաները սարսափելի, անորոշ վիճակում էին, ու նրա աջակցությունը շատ կարեւոր էր: Նա անմիջապես հանձնարարեց, որ պետական վճարումներից ազատեն»,- մեզ փոխանցեցին հանգուցյալի հարեւանները: