Օրեր շարունակ խմբագրություն է զանգահարում մի կին եւ դյուրագրգիռ ձայնով ասում է` «Ես Սթրես կենտրոնից եմ զանգում: Խնդրում եմ, լսե՛ք ինձ: Ինձ շատ անհրաժեշտ է, որ մեկն ինձ հետո խոսի, զրուցի: Խնդրում եմ, լսե՛ք ինձ, ես ահավոր վիճակում եմ»: Հետո ասում է, որ սարսափելի անելանելի վիճակում է, օգնության կարիք ունի: Խոստանում եմ այցելել իրեն, բայց չի ստացվում. ձգձգվում է: Նորից զանգահարում է խմբագրություն, այս անգամ տագնապ առաջացնող տոնով հրամայում է` «Չե՞ք հասկանում, որ ինձ պետք եք: Չե՞ք հասկանում, որ ինձ համար օրերն ու ժամերն էլ նշանակություն ունեն»: Ասում է, որ հիվանդանոցում վաղը գլխի ճառագայթային պրոցեդուրաներ ունի, եւ այն ավարտելուն պես ինձ կսպասի: «Վաղը» գալիս է` կրկին անսպասելի իրադարձություններով, եւ կնոջ հետ հանդիպումը նորից չի ստացվում: Կրկին զանգում է` այս անգամ մեջը «հրեշ» արթնացած, որովհետեւ սպասումները կրկին մնացել են անպատասխան: Բարկությունից կորցնում է հավասարակշռությունն ու այս անգամ խնդրելու փոխարեն՝ բղավում է` «Ես հենց հիմա գալիս եմ խմբագրություն: Սպասե՛ք ինձ… Ձեզ ասում եմ՝ գալիս եմ ու թույլ չեմ տա, որ նորից հետաձգեք»: Հասկանալով, որ վերջինիս որոշումն անդրդվելի է` երկար-բարակ բացատրում եմ խմբագրության տեղը, գրի է առնում, որովհետեւ հիշողության հետ խնդիր ունի: Սպասում եմ հետաքրքրությամբ եւ վախեցած, որովհետեւ կնոջ հոգեկան անհավասարակշիռ վիճակն ինձ անորոշության մեջ է գցում: Նրա վարքագիծն ապացույցն է այն բանի, որ վերջինս ծայրահեղ վիճակում է: Ուղիղ կես ժամ հետո հայտնվում է փոքրամարմին, սառած հայացքով, խեղճուկրակ մի կին, ով ներս մտնելուն պես սկսում է հեկեկալ: Իր վարքագիծն արդարացնելու համար ասում է` «Ես ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան էն չեմ արել: Ինձ մոտ հիվանդություն է առաջացել` ուղեղի անջատումներ, սկլերոզ: Եթե մի բանը շատ կրկնեմ, փորձեք ըմբռնումով մոտենալ»: Երկար ժամանակ լռում եմ, որ լաց լինի` հանգստանա, բայց մեջն այնքան վիրավորանք կա, որ թվում է՝ անվերջ լացելու է:
36-ամյա Լաուրա Անտոնյանն է, ով ամուսնացել է Արմենի հետ ծնողների կամքով, առանց զգացմունքի: Որոշ ժամանակ անց Արմենի մոտ ուշագնացության երեւույթներ են ի հայտ եկել: «Մի անգամ ընկավ գետնին, վատացավ, լեզուն կուլ գնաց: Չէի հասկանում, թե ինչ ա կատարվում: Ձեռքս տարա, որ լեզուն դուրս հանեմ: Ձեռքս կծեց, արյունլվա արեց, ամբողջը վերք էր»,- պատմում է Լաուրան, ով ամուսնությունից որոշ ժամանակ անց նոր հասկացել է, որ Արմենն ի ծնե էպիլեպսիկ հիվանդ է, ինչն իրենից գաղտնի են պահել: Արմենի նոպաների տեսարանները հաճախակիացել են, ագրեսիվ է դարձել եւ սկսել է կնոջ վրա ձեռք բարձրացնել: Լաուրան պատմում է` «Դուք չգիտեք, թե ինչ բան է էպիլեպսիան: Նոպաների ժամանակ դիվահարի նման գետնին թափահարվում է: Էդ տեսարանը մարդուն խելագարեցնում է»: Արմենը սկսել է խմել ու կնոջն անխնա ծեծել: Չնայած դրան՝ ընտանիքում երեխաներ են ծնվել` այսօր արդեն` 10-ամյա Վեհանույշն ու 9-ամյա Գեւորգը: Երեխաներն ամեն անգամ ականատես են եղել, թե ինչպես է հայրը դաժանաբար ծեծում մորն ու ժամանակ առ ժամանակ բռունցքների ծանրությունը նաեւ զգացել են իրենց մարմնի վրա: Լաուրան պատմում է, որ ինչպես ինքը, այնպես էլ երեխաները սթրեսների մեջ են եղել, վախն ու սարսափը նրանց ամենօրյա տառապանքն են եղել: Սկեսրայրի բնակարան հարս եկած Լաուրան որոշ ժամանակ անց ընտանիքի հետ միասին հայտնվել է փողոցում, որովհետեւ սկեսրայրը բնակարանը վաճառել եւ նրանց անօթեւան է թողել: Մանկահասակ երեխաների հետ բնակվել են ուր պատահի, անգամ՝ բաց երկնքի տակ, խանութներում, նկուղներում: Լաուրան պատմում է. «Հասկանո՞ւմ եք, երեխեքս էդ տարիքում շատ բաներ են տեսել, ամեն օր վախի, սթրեսի մեջ են եղել: Ցրտի, սովի մեջ, ահավոր ապրումներ են ունեցել: Մի անգամ խանութում քնած ժամանակ կռիսը երեխայիս վրա բարձրացավ, վախից հիվանդացավ»: Երկար ժամանակ փողոցներում հանգրվանած այս ընտանիքն, ի վերջո, օթեւանել է Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող վարձակալած մի բնակարանում: Արմենն աշխատում էր, ստանում էին նաեւ 21.000 դրամ ընտանեկան նպաստը: Բայց ամեն ինչ վերջնականապես փլվեց, երբ Արմենի վիճաբանությունները, հայհոյախառն ծեծկռտուքը, սարսափելի տեսարանները սկսեցին մշտական բնույթ կրել, ինչի արդյունքում խաթարվեց նաեւ անչափահաս երեխաների հոգեկան աշխարհը: Լաուրան պատմում է` «Փակուղի է, ահավոր, սարսափելի է մեր վիճակը: Երեխաներիս ձեռքը բռնած, չգիտեի՝ ո՞ւր գնամ, ումի՞ց օգնություն խնդրեմ: Ուզում էի ինքնասպան լինել: Քանի անգամ որոշել եմ, գնացել եմ, որ կամուրջից նետվեմ, բայց երեխաներս… ախր երեխաներս… շատ անպաշտպան, անհուսալի վիճակում են: Մենք հուսահատության մեջ ենք, ու դուք չեք հասկանա, թե ինչ բան է, երբ մարդն ուզում է ապրել, բայց ապրելու ձեւ չունի: Միակ փրկությունը մահն էր»: Լաուրան չի ցանկանում մանրամասնել, թե ինչպես է հայտնվել Սթրես կենտրոնում, բայց վստահեցնում է, որ բուժման կուրսն արդյունավետ է: Անհամեմատ հանգիստ է, բայց միեւնույն է` անջատումներ է ունենում ու շատ բաներ չի հիշում: Վեհանույշին եւ Գեւորգին առայժմ հանձնել է «Մանկական աջակցության կենտրոն», քանի որ հոր մոտ մնալը երեխաների համար վտանգավոր է: Նոպաների ժամանակ նա անվերահսկելի է: Ասում է` «Երեխաներս հիմա լավ են, զանգում եմ, ասում են` մամա ջան, ե՞րբ ես մեզ էստեղից տանելու: Քեզ շատ ենք կարոտում, չենք դիմանում առանց քեզ»: Լաուրան դեռ պատմելու շատ բան ունի, բայց ամեն ինչ սկսում է նորից պատմել, ու նույն նախաբանն արդեն լսում եմ մի քանի անգամ: Հավանաբար մոռանում է… Հարցնում եմ` «Շատ ծանր պատմություն է, ցավում եմ, բայց ինչո՞վ կարող ենք օգտակար լինել»: Լաուրան պատասխանում է` «Արմենը պահանջում է ազատել էն բնակարանը, որտեղ ապրում էինք: Հայրը ծանր հիվանդ է. ասում է, որ մեզ լքում, բաժանվում է ու գնում է հոր հետ ապրելու, նրան խնամելու: Ինձ մի քանի օր ժամանակ է տվել, որ իրերը հավաքեմ: Հիմա ես հիվանդանոցում եմ, բայց հես ա դուրս գրվեմ, տեղ չունենք գնալու: Երեխաներիս պիտի կենտրոնից հետ վերցնեմ ու ո՞ւր գնամ, ասե՛ք, խնդրում եմ: Փարոսից էլ կտրել են՝ արդեն երկու ամիս ա: Փաստորեն, ոչ մնալու տեղ ունենք, ոչ էլ ապրուստի միջոց»: Լաուրան սարսափում է այն մտքից, որ ամուսինն այդ բնակարանը հանձնելու եւ ընդմիշտ հեռանալու է: Ասում է` «Ես ուզում եմ բաժանվեմ, որովհետեւ էլ չենք կարում ապրենք միասին: Ինքը բոլորիս սթրեսի, վախի մեջ ա պահում: Բայց հիվանդանոցից դուրս գալուց հետո ո՞ւր գնամ, երեխեքիս վերցնեմ որտե՞ղ պահեմ»: Լաուրան կրկին լաց է լինում, նորից ինքնասպանությունից է խոսում: Վախենում է…
Ցելոֆանից դուրս է բերում դիմում-խնդրանքների մի ամբողջ փաթեթ, որոնք գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, «Վիվա Սել» ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանին եւ շատ այլ մարդկանց` խնդրելով իրեն մի անկյուն հատկացնել, թեկուզ հանրակացարանում: Մինչդեռ ոչ ոք չի պատասխանել: Արդեն քանի ժամ է՝ լսում եմ Լաուրային. մթնել է… Խնդրում եմ, որ հեռանա: Հեռանում է… նորից հետ է գալիս` կարծելով, թե ինչ-որ բան մոռացել է: Նորից հեռանում է, բայց նորից վերադառնում է` կարծելով, թե ինչ-որ բան չի պատմել: Այս անգամ հեռանում է, ու երկար ժամանակ նրա ետեւից դուռը չի բացվում: Շատ չանցած զանգահարում է` «Վախենում եմ…»: