Ճգնաժամի ալիքը Սեւանում

03/04/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրերս լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի երեք դպրոց փակվել է, ու դրանց փոխարեն բացվել են տոնավաճառներ: Լուրերի ճշմարտացիությունը փորձեցինք պարզել հենց Սեւանում: Այդ ճանապարհին նաեւ ծանոթացանք սեւանցիների` տարիներով չլուծվող կենսական խնդիրներին:

Իմ զրուցակից սեւանցի տիկին Սուսաննային հանդիպեցի քաղաքի հենց մուտքի մոտ: Վերջինս, արդեն մի քանի տարի է, աշխատում է բենզալցակայանում: «Ես քաղաքի ծայրամասում եմ ապրում` չերեմուշկայում: Էնտեղ վիճակը ահավոր վատ ա, երեւի քաղաքի ներսում էդքան չէ»,- ասում է տիկին Սուսաննան` մատնանշելով քաղաք տանող ճանապարհը: Պարոն Ռաֆիկի համար ծանր կենսապայմաններն ու տխուր վիճակը նոր երեւույթ չէ: Արդեն տասը տարի է, ինչ կորցրել է որդուն: Կորցրել է նաեւ իր եկամտի աղբյուր կոշկակարանոցը, ավելի ճիշտ` հիմա կոշիկ վերանորոգում է բաց երկնքի տակ: «Բուդկաս հեն ա մեր շենք մոտ, բայց չեն թողնում բացեմ: Ես էլ ի՞նչ անեմ, էրեխեքիս պահել ա պետք: Ստիպված` փողոցում եմ նստում: Ցրտին էլ ենք դիմանում, շոգին էլ: Ի՞նչ անենք` Սեւանում ուրիշ բան չկա»,- նշում է կոշկակարն ու նայում վերանորոգված կոշիկներին, որոնց տերերը կտանեն այն ժամանակ, երբ կենսաթոշակ կամ նպաստ ստանան: Պատկերը նույնն է նաեւ քաղաքի մի շարք խանութներում, որտեղ կուտակված պարտքացուցակներից վաճառողներն արդեն իրենք են ջնջում այս կամ այն պարտք ունեցողի անունը: «Գիտենք, որ էլ չեն տալու: Եթե մարդը ոչ աշխատում է, ոչ էլ հիմա հույս կա, որ կաշխատի, ապա ինչո՞վ պիտի պարտքը փակի: Համ էլ էսօր մարդիկ մենակ հացի համար են մտածում»,- ասում է հագուստի խանութի վաճառողուհին: Մինչդեռ հացի խանութներում էլ են վաղուց մոռացել, թե հացը վերջին անգամ ո՞ւմ են կանխիկ դրամով վաճառել: Փոխարենն իրենց վերջին կանխիկ առեւտուրը հիշում են բանջարեղենի ու մրգերի վաճառակետում: «Էլ մարդիկ չեն մտածում, թե միրգ ու բանջարեղեն առնեն: Մենակ հիվանդատեսությունների ժամանակ են առնում` էն էլ պարտքով»,- նկատում է բանջարեղենի խանութի վաճառողուհի տիկին Անահիտը: Վերջինիս հարեւան մսավաճառն էլ ավելացրեց, որ Սեւանում հիմա «կրիզիս» է, ու մարդիկ մսի մասին այլեւս չեն մտածում: Խանութների դիմաց Սեւանի շուկան էր, որն անհնարին կլիներ ճանաչել, եթե մուտքի մոտ ցուցանակ չլիներ: Այս մտքից շուկայի վաճառողները ծիծաղեցին ու հրավիրեցին շուկայի ներս, որտեղ մի անկյունում կշեռքն էր ու մի քանի վաճառասեղանները: «Օր ա լինում, որ վաբշե բան չենք ծախում: Հավատում եք` օրերով սֆթա էլ չենք անում: Դե, հիմա ո՞վ ա միրգ առնողը: Գոնե էն փողոցային առեւտուրը արգելեն, որ մենք էստեղ մի քիչ առեւտուր անենք»,- ասում են շուկայի աշխատակիցները: Մինչդեռ փողոցային առեւտրի վաճառքով զբաղվող տիկին Սուսաննան ոչ միայն դժգոհեց առեւտրից, այլեւ կեսկատակ նկարագրեց օրվա առեւտուրը: «Կաթի երեսին նայող չկա, դե մածունին ո՞վ պիտի նայի: Հա, կարտոշկա էլ վաբշե չեն ուտում: Էս ա առեւտուրը: Բա որ առեւտուր լիներ, ես թոռնիկիս վրա էդքան կջղայնանայի` ասում է, տատիկ, տետրի փող տուր»,- նշում է տիկին Սուսաննան: Քաղաքի մնացած վաճառակետերում էլ աշխատողներն ասես ժամանակավոր պարապուրդի մեջ լինեն, անգամ ավիատոմսերի կետերում է առեւտուրը կանգնել: Վաճառողներն ասում են, որ միայն իրենք չեն պարապ, ամբողջ քաղաքում է տարածվել պարապությունը: Նրանցից շատերն անհանգստացած են սեւանցի երիտասարդների ապագայով, որոնց մեծամասնությունը, ըստ նրանց, դարձել են թմրամոլներ: «Եկել ես` հարցեր ես տալիս: Էդ մեզ հաց կտա՞: Կարո՞ղ ա մեր գործարանները սկսեն աշխատել: Էս քաղաքի 90 տոկոսը աղքատության մեջ ա, ո՞վ ա խաբար: Թոռնիկս դիվան ա քշում, գործ ա ուզում` որտեղի՞ց»,- բարձրաձայն բողոքում էր Դուխտրիկ տատը, որի շուրջ մի քանի րոպե անց բազմություն էր հավաքվել: «Սա անկախ Հայաստան չի, սա գերեզման Հայաստան ա: Եթե մի քաղաքում բացի թաղումներից ուրիշ բան չկա` էլ ի՞նչ եք ուզում, որ ասեմ»,- ավելացնում է նա` ներկաներին հիշեցնելով, թե ինչպես էին նախկինում մեկը մյուսին տեսնելուց հարցուփորձ անում, ու եթե հանկարծ մեկը աշխատանքային ժամին ավտոբուսում էր լինում, հարցնում էին, թե ինչո՞ւ աշխատանքի չէ: Նախկին Սեւանը հիշեցին նաեւ ավագ սեւանցիները, ովքեր թվարկում էին քաղաքի գործարաններն ու իրենց ժամանակների ուրախ կյանքը: «Մի ալյուրի գործարան էր մնացել, էն էլ փակեցին: Հես ա` էս քանդված դպրոցի հետեւի մասում ա»,- ասաց ավագներից մեկը, ով արդեն նախկին թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներից էր: «Էս դպրոցը քանդեցին: Իբր ասում են` վթարային ա: Սա առաջին դպրոցն էր մեր քաղաքի»,- ավելացնում է նա:

Ինչո՞ւ քանդվեցին 2 դպրոցներն ու մանկապարտեզը

Այս հարցը փորձեցինք պարզել հենց Սեւանի քաղաքապետ Գուրգեն Մալխասյանից: Քաղաքապետը համաձայնեց պատասխանել շրջանառվող լուրերի մասին մեր հարցին, որոնց մասին ժամանակին ինքն էլ էր լսել: Նախ Գուրգեն Մալխասյանն ասաց, որ դրանք ոչ թե երեք դպրոց էին, այլ երկու դպրոց եւ մեկ մանկապարտեզ, որոնք քանդվել են, բայց դեռեւս դրանց տեղում որեւէ շինություն չի կառուցվել: «2004 թվականին թիվ 2 միջնակարգ դպրոցը, որը մարզպետարանի ենթակայության տակ էր գտնվում, օպտիմալացվեց` վթարային լինելու պատճառով: Դպրոցի երեխաներին էլ տեղափոխեցինք թիվ 1 միջնակարգ դպրոց»,- նշեց քաղաքապետը: Վերջինս հանգամանալից ներկայացրեց նաեւ դպրոցը վաճառելու ու դրա իրավունքի ձեռքբերման մասին պատմությունը, որը ՀՀ կառավարությունը հաստատել էր 2008թ. հունիսին: Բայց մինչ այդ քաղաքի ղեկավարը դեռ 2006թ. դիմել էր Գեղարքունիքի մարզպետ Արսեն Գրիգորյանին` դպրոցը համայնքին նվիրաբերելու համար, քանի որ, ըստ նրա, դպրոցի գույքը թալանվում էր ու չկար շենքը վերահսկող որեւէ մեկը: «Մարզպետարանին դիմեցինք` շենքը հանձնել մեզ բալանսով, որպեսզի մենք ինչ-որ ձեւով օգտագործենք: Այսինքն` մենք սկզբից ուզում էինք այնտեղ տեղափոխեինք մեր գրադարանը, բայց հետո, երբ մենք ուսումնասիրեցինք` տեսանք, որ էդտեղ անհնար է որեւէ բան կառուցել: Դիմեցինք կառավարություն, որպեսզի որոշման մեջ փոխեն «առանց օտարման կրթօջախ ստեղծելու» բառերը: 2002 թվին, երբ ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի մեղքով մեծ պարտքեր էին մնացել: Միայն «ՀայՌուսգազարդին» քաղաքապետարանը պարտք էր 140մլն դրամ: Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի պարտքը կազմում էր շուրջ 300 միլիոն դրամ: Սկզբից «ՀայՌուսգազարդն» էր ուզում կալանքի տակ առնել գիշերօթիկն ու վաճառել 9մլն դրամով: Բայց դիմելով երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` իրավունք ստացանք գիշերօթիկը վաճառել ավելի բարձր գնով` 30 միլիոն դրամով, որի մեծ մասով հիմնանորոգեցինք Սեւանի մանկապատանեկան կենտրոնը»,- նշեց Սեւանի քաղաքապետ Գուրգեն Մալխասյանը` նշելով նաեւ հրավիրված սեյսմոլոգների ուսումնասիրության մասին, ըստ որի` շենքը համարվել է չորրորդ աստիճանի վթարային: ՀՀ Քաղաքաշինության նախարարության ու մարզպետարանի ներկայացուցիչները եւս հաստատել են շենքի վթարային լինելու հանգամանքը, որից հետո ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել: Սակայն քաղաքապետարանը ֆինանսական հնարավորություններ չուներ, իսկ շենքի ամրացման աշխատանքների համար անհրաժեշտ էր 500 միլիոն դրամ գումար: Այդ պատճառով էլ հրավիրված ավագանու նիստում որոշվեց, որ դպրոցի շենքը պետք է վաճառել` այն չքանդելու պայմանով (պետք է կատարեր գնորդը): Շենքը գնեց սեւանաբնակ մեկը (Գ. Մալխասյանն այդպես էլ չնշեց գնորդի անունը), ով կատարեց նաեւ պայմանագրի նշյալ կետը, այն է` շենքի քանդման աշխատանքները: Իսկ վաճառված շենքի գումարը` շուրջ 20 միլիոն դրամ, քաղաքապետարանը ներդրեց մարզադպրոցի հիմնանորոգման համար: Հաջորդ վաճառված շենքը Սեւանի գիշերօթիկ դպրոցի շենքն էր, որը կառուցված լինելով 1988թ., գտնվում էր անմխիթար վիճակում: Քաղաքապետը մեզ հետ զրույցում նկատեց, որ այդ դպրոցը չուներ այնպիսի տարրական պայմաններ, ինչպիսին է, օրինակ, սանհանգույցը: Ապա վաճառվեց մանկապարտեզների 1970-ական թթ. կառուցված շենքերից մեկը: Այդ մանկապարտեզն, ըստ քաղաքապետի, չէր գործում: «2002թ. այդ մանկապարտեզի կեսն արդեն վաճառվել էր 2մլն 600 հազար դրամով: Արդեն իսկ այդ մանկապարտեզը կորցրել էր իր նշանակությունը: Դա որպես շենքային գույք՝ տրվել էր համայնքին: Դա գույք էր, որի կառավարումն արեցինք»,- ասաց Գուրգեն Մալխասյանը: Վերջինս նշեց նաեւ, որ մանկապարտեզի վաճառքից գոյացած 22մլն դրամը հետագայում ներդրել են մեկ այլ` «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզի հիմնանորոգման համար, որն ուներ ջեռուցման, տանիքների նորոգման, գույքի ձեռքբերման խնդիրներ: Կարճ ժամանակամիջոցում քաղաքապետարանի եւ շվեյցարական «Չքավոր երեխաների հիմնադրամ» ծրագրի միջոցով «Հեքիաթը» հիմնանորոգվեց: Այսօր էլ թե՛ մանկապարտեզը, թե՛ մարզադպրոցը խնդիրներ չունեն: Այցելեցի նաեւ վերոնշյալ մանկապարտեզ եւ մարզադպրոց: Տպավորությունն այնպիսին էր, որ եթե Սեւան այցելողները մուտք գործեն այդ հաստատություններ, կարող են մտածել, թե Սեւանը վերածնունդ է ապրում: Երկուսն էլ հիմնովին վերանորոգված ու բարեկարգված էին, ինչը չես կարող ասել Սեւանում գործող այլ կրթական հաստատությունների եւ, առհասարակ, բնակչության ընդհանուր կենսամակարդակի մասին: Սեւանի 220 բազմաբնակարանային շենքերից միայն

20-ի տանիքներն են վերանորոգված, ջրի խնդիրը մնացել է չլուծված, ճանապարհներն էլ՝ խորդուբորդ ու փոսաշատ: «Գոնե ջրի հարցը լուծվի: Պատահում ա, որ օրերով ջուր չենք ստանում: Իսկ սովորաբար ջուր ստանում ենք օրվա մեջ ամենաշատը երկու ժամ` էն էլ անկանոն»,- ասում է սեւանցի տիկին Սոֆիկը: Իսկ լուծման տարբերակների համար սեւանցիներն արդեն քաղաքապետարանին չեն մեղադրում: Սեւանցի պարոն Մխիթարն ասում է` «Քաղաքապետն ի՞նչ անի մի փոքրիկ բյուջեով: Կառավարությունը պիտի մտածի: Իսկ սեւանցին էսօր մտածում ա, որ ամառը շուտ գա: Գիտե՞ք ինչի, որ գոնե մարդիկ մի քիչ փող աշխատեն: Մենակ էդ սեզոնն ա, որ Սեւանում մի քիչ աշխուժություն ա»։ Սեւանցին սա նշում է` նկատի ունենալով զբոսաշրջիկների այցելությունները եւ Սեւանա լճի ափին գործող հանգստավայրերը, ռեստորանային համալիրները, հանգստյան տները: Սեւանցիներն ամռանը կարողանում են աշխատանք գտնել այդ հանգստավայրերում: